Բաժիններ՝

Paramount-ը Warner Bros.-ին ներկայացրել է գնման նոր առաջարկ, որը կարող է դուրս մղել Netflix-ին

Paramount Skydance ընկերությունը Warner Bros. Discovery-ին նոր առաջարկ է ներկայացրել՝ ընկերության մեկ բաժնետոմսի համար 31 դոլար, նախկին 30-ի փոխարեն։ Այս նոր ֆինանսական առաջարկը կարող է ավելի շահավետ լինել, քան Netflix-ի հետ կնքված գործարքը, ինչի պատճառով Netflix-ը կարող է «դուրս մնալ խաղից»։

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Warner Bros. Discovery-ի հայտարարությունը։

Warner Bros.-ը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Paramount-ի հետ, նախքան վերջնական որոշում կկայացնի՝ արդյոք արժե հրաժարվել դեկտեմբերին Netflix-ի հետ կնքված գործարքից։

Netflix-ը, որին չորս օր է տրվել պատասխան առաջարկ անելու համար, դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։

Վերջերս BBC-ի հետ հարցազրույցում Netflix-ի գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը հրաժարվել էր ասել՝ արդյոք ընկերությունը պատրաստ է շարունակել պայքարը Warner Bros.-ի ձեռք բերման համար։

«Ես չեմ ուզում ենթադրություններ անել, – ասել էր նա Paramount-ի կողմից նոր առաջարկի ներկայացումից առաջ։ – Մենք շատ գոհ ենք ներկա դրությունից, մենք շատ կարգապահ գնորդներ ենք և միշտ էլ այդպիսին ենք եղել»։

Paramount-ը, որին աջակցում է միլիարդատեր Լարի Էլիսոնը, և որը գլխավորում է նրա որդի Դեյվիդը, 2025 թվականից ակտիվորեն պայքարում է Warner Bros.-ը ձեռք բերելու համար։

Այնուամենայնիվ, Warner Bros.-ը մինչ օրս մերժել է Paramount-ի առաջարկները։ Դրա փոխարեն, դեկտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ համաձայնության է հասել Netflix-ի հետ իր ֆիլմերի և սթրիմինգային ստորաբաժանումները, այդ թվում՝ HBO-ն վաճառելու շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել մեկ բաժնետոմսի համար 27,75 դոլարի կամ մոտավորապես 82 միլիարդ դոլարի գործարքի շուրջ՝ ներառյալ պարտքը, նշում է BBC-ն։

Warner Bros.-ը հայտարարել է, որ իր բիզնեսի մնացած մասը, այդ թվում՝ ավանդական հեռուստաալիքները և CNN լրատվական ալիքը, կտրամադրի անկախ ընկերության։

Մերժում ստանալուց հետո Paramount-ը բարձրացրել է մեկ բաժնետոմսի համար ի սկզբանե առաջարկվող գումարի չափը՝ այն հասցնելով 31 դոլարի, նաև համաձայնել է 7 միլիարդ դոլար վճարել, եթե գործարքը խափանվի, ինչպես նաև համաձայնել է վճարել 2,8 միլիարդ դոլար գումարը, որը Warner Bros.-ը պարտավորվել է վճարել Netflix-ին, եթե միաձուլման ծրագիրը ձախողվի։

Warner Bros.-ը հայտարարել է, որ իր տնօրենների խորհուրդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հաջորդ քայլերի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս