Թուրքիան մտադիր է մտնել ռազմարդյունաբերական համաշխարհային 10-յակի մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունը նպատակ ունի մինչև 2028-ին մտնել աշխարհի առաջատար տասնյակ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկարայում կայացած ռազմարդյունաբերական «HAVELSAN» ընկերության միջոցառման ընթացքում Էրդողանը նշել է, որ 2025 թվականին Թուրքիայի ռազմական և ավիացիոն արտահանումը գերազանցել է 10 մլրդ դոլարը՝ մեկ տարվա ընթացքում աճելով 48%-ով։ Համեմատության համար նա հիշեցրել է, որ 2002 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 248 մլն դոլար։
Նրա խոսքով՝ ներկայումս Թուրքիան ռազմական արտահանման ծավալով աշխարհում 11-րդ տեղում է, իսկ 2028 թվականի նպատակն է հասնել առնվազն 11 մլրդ դոլարի և մտնել առաջին տասնյակ։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան աշխարհում այն 10 երկրներից է, որոնք կարողանում են սեփական ուժերով նախագծել և ջուր իջեցնել ռազմական նավեր։ Նա նշել է, որ մինչև 2025 թ․ վերջը ռազմական նախագծերի ընդհանուր ծավալը գերազանցել է 100 մլրդ դոլարը, իսկ ծրագրերի թիվը անցել է 1400-ը։
Առանձին շեշտադրում է արվել տեխնոլոգիական ինքնուրույնության վրա։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ «եթե երկրի ծրագրային ապահովումը ազգային չէ, ապա անվտանգ ապագայի մասին խոսք լինել չի կարող»։ Նա հայտարարել է, որ Թուրքիան արդեն ինքնուրույն է նախագծում իր տեխնոլոգիան, մշակում ծրագրային ապահովում և այն արտահանում այլ երկրներ։
Էրդողանը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի՝ Գերմանիայում անցկացված զորավարժություններին՝ ընդգծելով, որ թուրքական «Bayraktar TB3» անօդաչու սարքը Բալթիկ ծովում իրականացրել է մարտական կրակային առաջադրանք և հաջողությամբ վայրէջք կատարել «TCG Anadolu» նավի վրա։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան չի հետապնդում տարածքային հավակնություններ, սակայն շարունակելու է ուժեղացնել իր ռազմական կարողությունները՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության մեջ դերակատար լինելու նպատակով։



