ԵՄ-ի դեսանտը՝ ԱՄՆ-ի հենակետում՝ ռուսական հիբրիդի դեմ պայքարի համար. ինքնիշխանություն հայկական ձևով
«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել է, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ», որի համար որպես ֆորմալ հիմք է հանդիսացել ՀՀ ԱԳ նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ Մինչ այդ խմբի ժամանումը, մի քանի օր առաջ ախուրյանցի մի կին է ձերբակալվել՝ սոցիալական ցանցի անձնական նամակագրության մեջ ընդդիմադիր առաջնորդներից մեկին աջակցող ու Նիկոլ Փաշինյանին անվանարկող գրառման համար:
Իրար հետ որևէ աղերս չունեցող այս երկու տեղեկությունները բավարար են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի անպերճանք թշվառությունը և առաջիկա ընտրություններին ընդառաջ սպասվող գործընթացները հասկանալու համար: Մարդու իրավունքների, խոսքի, խղճի ազատության վրա հիմնված, բայց այսօր այդ արժեքներն ամենաայլանդակ կերպով աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող ԵՄ-ն ֆինանսական ու մասնագիտական աջակցություն է ցույց տալիս մի իշխանության, որը քաղաքացի է ձերբակալում ֆեյսբուքյան գրառման համար ու բանտարկում է բարձրաստիճան հոգևորականների, փողոցային բառապաշարով և հայհոյանքներով արտահայտվելով եկեղեցու սպասավորների և քաղաքական ընդդիմախոսների հասցեին: Կարելի է չկասկածել՝ «հիբրիդային խումբն» անհրաժեշտության դեպքում «փորձագիտական բարձր մակարդակով» կհիմնավորի, որ այդ կինը վարչապետի հասցեին վատ է արտահայտվել ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ օտարերկրյա «հիբրիդային ապատեղեկատվության պատվերի բերումով», իմա՝ Ռուսաստանի, «հինգերորդ շարասյան գործակալ է»:
Հիմա, ոչ թե փաստերի, ճշմարտության, այլ մեկնաբանությունների ժամանակաշրջան է: Նույնպիսի մեխանիզմով ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ Հայաստանում գործնականում ցանկացած խոսք կարող է որակվել՝ որպես «հիբրիդային ծագում ունեցող», և դրա հեղինակին կարող են ձերբակալել:
Հայաստանի իշխանությունը պետությանն ու հասարակությանը պատճառել է այնպիսի ու այնքան աղետներ, որ միայն պաշտոնական տեղեկությունների հրապարակումը՝ որպես փաստեր, բավարար է մի քանի դար նրանց իշխանությանը մոտ չթողնելու համար: Աշխարհի բոլոր «հիբրիդային քարոզչության ուղեղները»՝ միասին վերցրած, չեն կարող մշակել ու տարածել այնպիսի ապատեղեկատվություն, որը համադրելի կլինի ՀՀ իշխանության գործողությունների մասին մաքուր, անհիբրիդ տեղեկատվությանը:
Բայց եվրոպական «հիբրիդային խումբը» Հայաստանին միլիոնավոր եվրոներ ու մասնագիտական աջակցություն (այդ թվում՝ պարտքով գումարներ) է տրամադրում ոչ թե այդ փաստական տեղեկությունների աղավաղման, նենգափոխման դեմ պայքարելու և այդ մաքուր տեղեկությունների հիման վրա քաղաքացիներին ընտրության հնարավորություն տալու համար, այլ ճիշտ հակառակը՝ անում է ամեն ինչ, որպեսզի մարդիկ ենթարկվեն իշխանության կեղտոտ քարոզչության կողմից մատուցվող աղաղակող կեղծիքին ու մանիպուլյացիային:
ԵՄ չինովնիկների կողմից իրականացվող այս քաղաքականությունն իրականում որևէ կապ չունի եվրոպական մաքուր արժեքների, լուսավորչության, մարդու իրավունքների ու ազատությունների հետ: Նրանք լուծում են պարզ խնդիր՝ փրկել Հայաստանի գործող իշխանությանը՝ սեփական գեոպոլիտիկ շահերն առաջ տանելու համար՝ թքած ունենալով այն հարցի վրա, թե ով և ինչպես է փրկելու եվրոպական իրական արժեքները՝ իրենց կեղտոտ քաղաքականության հետևանքով հայ հանրության շրջանում այսպես ու այսքան վարկաբեկելուց հետո:
Հարություն Ավետիսյան



