Գաղտնի աշխատավարձ և «սառեցված» արտոնություն․ Ինչո՞ւ ուժայինները չեն կարողանում օգտվել եկամտահարկի վերադարձից
ՀՀ Կառավարության որոշմամբ, 2025 թվականի եկամուտների մասով ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն նաև ՀՀ ՊՆ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ ԱԱԾ զինվորական ծառայության ներգրավված վարձու աշխատող համարվող ՀՀ քաղաքացիները:
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 956-Ն որոշման՝ հայտարարագիր լրացրած անձիք կարող են օգտվել հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի, բայց ոչ ավելի, քան դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն չափերով, եկամտային հարկով հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) իրավունքից, այն է՝ կրթության կամ առողջապահական գծով փոխհատուցում:
Սակայն, ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ վերոնշյալ խմբերում նեգրավված անձինք չեն կարող օգտվել փոխհատուցումից, քանի որ նրանց աշխատավարձերի ու վճարված եկամուտների մասին ինֆորմացիան փակ է:
168.am-ը փետրվարի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊԵԿ նախագահին՝ խնդրելով պարզաբանել.
1. Ո՞ր գերատեսչությունն է կազմել ու ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրել տվյալ նախագիծը
2. Ինչո՞ւ սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարողանում օգտվել վերոնշյալ խմբի ՀՀ քաղաքացիները
3. Եթե պատճառաբանվում է, որ տվյալ խմբերում ներգրավված քաղաքացիների աշխատավարձերի ու վճարված եկամտահարկերի մասին ինֆորմացիան փակ է, արդյո՞ք հնարավոր չէ համապատասխան գերատեսչության ֆինանսական ծառայության կողմից տրված տեղեկանքների հիման վրա նրանց ևս ներգրավվել սոցիալական ծախսի փոխհատուցման ծրագրում:
Փետրվարի 10-ին ՀՀ ՊԵԿ-ը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, 168.am-ի հարցումը վերահասցեագրել է ՀՀ Ֆինանսների նախարարություն, որտեղից փետրվարի 17-ին պատասխանել են՝
Սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքից օգտվելու հնարավորությունը գործող օրենսդրությամբ սահմանափակված չէ:
Հարցը նման հնարավորության տեխնիկական ապահովումն է, որի կարգավորման նպատակով ներկա փուլում ընթանում են քննարկումներ, և ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ մշակել և ներգերատեսչական շրջանառության մեջ է դրել ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 956-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ:
Ըստ էության, ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 956-Ն որոշումը հաստատելիս՝ գործադիրը հաշվի չի առել վերոնշյալ խմբի ՀՀ քաղաքացիների ծրագրից օգտվելու տեխնիկական ապահովման հնարավորություններն ու արդեն իսկ եկամտահարկ վճարող ՀՀ քաղաքացի հանդիսացող մի ստվար հատված զրկված է կրթության կամ առողջապահական գծով փոխհատուցում ստանալու հնարավորությունից:
Ինչպես նշել էր ֆինանսների նախարարությունը՝ հարցի կարգավորման նպատակով ներկա փուլում ընթանում են քննարկումներ, և ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ մշակել և ներգերատեսչական շրջանառության մեջ է դրել ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 956-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայումս կատարվում են վերջնական կարծիքների հավաքագրման աշխատանքներ ու առաջիկա մեկ ամսում փոփոխությունների նախագիծը կներկայացվի կառավարության հաստատման:
Հուսանք՝ այս փոփոխությունը կներկայացվի՝ որպես օրենքի բացի վերացում, այլ ոչ թե նախընտրական շրջանում նոր բարեփոխում ու լավություն հասարակության մի ստվար զանգվածի համար:



