Ժողովուրդն ինչպես որոշի… Հայաստանը ԵՄ մտնելուն պատրաստ չէ, դրա համար չենք դիմել. Նիկոլ Փաշինյան
Երևանի 8/20 տեղամասային կենտրոնում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հետ զրույցում ռուս լրագրողներից մեկը նրան հարցրեց՝ ինչու են հետապնդումներ իրականացվում ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մասնավորապես, փորձ արվեց «Ուժեղ Հայաստան»-ին ընտրապայքարից դուրս թողնել, ինչին ի պատասխան Փաշինյանն արձագանքեց.
«Իսկ ով է փորձել: Դրանք գործընթացներ են, որոնք տեղի են ունենում համաձայն ՀՀ ընտրական օրենսդրության: Եվ դուք գիտեք, որ, ցավոք սրտի, կան բազմաթիվ փաստեր ընտրական կոռուպցիայի, և ՀՀ պետական ինստիտուտները պետք է արձագանքեն դրան»:
Այնուհետև հարցադրմանը՝ պատրա՞ստ եք ընտրությունների արդյունքների համատեքստում նորից ընդդիմադիր լինել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարեց.
«Ժողովուրդն ինչ որոշի, դա ես կանեմ, ժողովուրդը պետք է գնահատի: Իսկ ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, խաղաղությանը, ապագային և երեխայի հեղափոխությանը տեր կանգնելու համար»:
Հարցին, թե ինչու է հնարավոր հաղթանակի դեպքում առաջնահերթ մեկնելու Մոսկվա՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ առաջինի ու երկրորդի հարց չկա:
«Նախ առաջինի ու երկրորդի հարցը չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Վաշինգտոն էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ, ասել եմ նաև, որ հույս ունեմ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում: Պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ ունեցած լարվածության թեմային՝ Փաշինյանը հավելեց, որ ինքը լարվածություն չի տեսնում. «Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն ստեղծել»:
Այստեղ լրագրողները հիշեցրեցին ռուսական սանկցիաների մասին, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց.
«Սանկցիաներ եք դուք ասում, բայց նման խնդիրներ անընդհատ էլ լինում են, այլ բան, որ հիմա լուսաբանվում է: Լուսաբանվում է ձեզ հայտնի ուժերի շրջանակների հետաքրքրվածության, ծախսերի բերումով: Այսինքն, ԵԱՏՄ երկրների միջև այս կարգի աշխատանքային հարցեր լինում են, և ոչ միայն Հայաստան-Ռուսաստան»:
Ռուս լրագրողի դիտարկմանը, որ Բելառուսի նախագահը զգուշացնում է ուկրաինական սցենարի մասին, Փաշինյանն արձագանքեց. « Գիտեք, դա լուրջ չէ»:
Այս համատեքստում նա պնդեց.
«Չեն կարող Հայաստանին զրկել ԵԱՏՄ-ում ունեցած կարգավիճակից, բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և ՀՀ-ն ունի նաև վետոյի իրավունք: Եվ բոլոր երկրները, ինչու միայն ՀՀ-ն: Իսկ հանրաքվե տեղի կունենա այն ժամանակ, երբ կլինի հանրաքվեի առարկա: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն առնվազն պետք է պաշտոնապես դիմած լինի ԵՄ անդամ դառնալու, կամ՝ ունենա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ: Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին: Մենք օբյեկտիվորեն գիտենք չէ՞, որ պատրաստ չենք այդ կարգավիճակին, դեռ պետք է բարեփոխվենք»:
Մանրամասները՝ տեսանյութում

