
Ողջունում եմ Աղվան Վարդանյանի՝ շուտով իշխանափոխություն անելու վերաբերյալ հայտարարությունը. Էդուարդ Շարմազանով
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության մասին հայտարարած և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով բանտում հայտնված ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանն այսօր հերթական նամակն է հղել կալանավայրից. Կարապետյանն այս ուղերձ-նամակում խոսել է նոր քաղաքական միավոր ձևավորելու մասին։
«…մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։
Մերժելու ենք սև–սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը։ Նույնիսկ այսօրվա վարչակարգի տարբեր օղակներում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, որոնք չեն կիսում փոքրիկ խմբակի արժեքները, սակայն դեռ չեն տեսնում այն ճանապարհը, որը ելք կհամարեին ստեղծված իրավիճակից։ Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է։ Անելո՛ւ ենք՝ մեր ձևով»,- հայտնել է Կարապետյանը։
Թե ի՞նչ պետք է անի Հայաստանի ազգային ընդդիմադիր հատվածը, որպեսզի Սամվել Կարապետյանն իր վճռականության մեջ միայակ չմնա, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից։
Վերջինիս փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն Փաշինյանի դեմ պայքարի խրամատը չի լքել 2018 թվականից հետո, ավելին՝ մշտապես պայքարել է փաշինյանական իշխանության դեմ՝ առանց հովհարային անջատումների, հետևապես՝ իրենք, որպես ուժ, շարունակելու են պայքարել Հայաստանը թուրքական աշխարհի մաս դարձնել փորձող Փաշինյանի դեմ։
«Այս իշխանությունը Հայաստանը դարձնում է թուրքական աշխարհի մաս։ Մեր ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է, կա՛մ Հայաստանը թուրքական աշխարհի մաս է. Վե՛րջ. այլ ընտրություն չկա»,– ասաց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական նոր միավորի ձևավորման մասին հայտարարությանը, ապա, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն առանց որևէ ամբիցիայի պատրաստ է միանալ այս իշխանության հեռացմանը միտված ազնիվ պայքարին։
Հարցին՝ իսկ հնարավո՞ր է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի առաջարկած տարանջատման սկզբունքով աջակցել Սավել Կարապետյանին՝ պայքարելու փաշինյանական իշխանության դեմ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Դա իրենց իրավունքն է։ Ի դեպ, ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքի ժամանակ Աղվան Վարդանյանն ասաց՝ շուտով։
Ես ողջունում եմ այդ շուտովը։ Դրական է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ամենակարկառուն պատգամավորը շուտովի անոնսն արեց, իսկ դա, ենթադրում եմ, նշանակում է, որ իրենք ընտրությունների չեն սպասում։
Կրկնում եմ, ողջունում եմ Աղվան Վարդանյանի այն հայտարարությունը, որ «Հայաստան» խմբակցությունը շուտով անելու է ամեն ինչ քաղաքական պայքարի միջոցով իշխանափոխության հասնելու համար»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։