«Ամեն ինչի պետք է պատրաստ լինել»… ավելի ուշ հասկացանք` ինչ է թաքնված այս բառերի տակ». ադրբեջանցի նախկին ժամկետայինի խոստովանությունը
Գյանջայում տեղակայված Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության N զորամասում ծառայած զինվորներից մեկը պատմել է, թե ինչպես են 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո պատրաստվել 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի դեմ հարձակման, որը հանգեցրեց հայաթափման:
«Զորացրվելուս հաշված օրեր էին մնացել, 2023 թվականի հոկտեմբերի 1-ին պիտի զորացրվեի: Անկեղծ ասած, զինվորական ծառայության առաջին իսկ օրվանից ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ զորամասի կազմում ընդգրկված տարբեր ստորաբաժանումներ պատրաստվում են ինչ-որ գործողության, պատրաստվում են կրակ բացել։
Բազմաժամյա ամենօրյա վարժանքները դարձել էին իրենց ծառայության ժամկետը լրացնող զինծառայողների առօրյայի մի մասը. հատուկ միջոցների կիրառման նախապատրաստություն, զանգվածային անկարգությունների կանխման մարտավարություն, ֆիզիկական պատրաստություն, հատուկ տակտիկական վարժանքներ, հոգեբանական պատրաստություն, հրաձգություն, մերձամարտ և ձեռնամարտ, լեռնային տեղանքում, քաղաքներում և փակ տարածքներում գործողությունների նախապատրաստություն, հետախուզական և դիտարկման տարրեր, պայթյունավտանգ պայմաններում գործողությունների նախնական պատրաստություն, բժշկական պատրաստություն և մի շարք այլ պրոցեսներ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին ներքին զորքերի նպատակը:
Թվարկված ամեն ինչ «Հատուկ նշանակության խումբ» և «Հատուկ նշանակության ուժերի տեղակայման խումբ» ստեղծելու նախապատրաստական գործընթացի մաս էր։
Բայց այդ ժամանակ մենք այս ամենը համարում էինք սովորական զինվորական ծառայության մի մաս։ Ավելի ուշ հասկացանք, որ իրականում ամեն օր մեզ պատրաստում էին վաղվա ամենածանր օրվան։
Մենք երբեք չէինք կարող ենթադրել, որ ինչ-որ պահի պետական ինքնիշխանության վերականգնման նպատակով տեղի էին ունենալու տեղական «հակաահաբեկչական» միջոցառումներ, և, որ գործողությունների գոտի էին ուղարկվելու նաև ժամկետային զինծառայողներ՝ որպես օժանդակ ստորաբաժանումներ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաների և զինծառայողների հետ միասին։
Իհարկե, այն ժամանակ զորամասի հրամանատարը մեզ ոչինչ հստակ չէր ասել։
Նրանք ջոկատ կազմեցին և միայն մի բան ասացին՝ «ամեն ինչին պետք է բարձր մակարդակով պատրաստ լինել»: «Ամեն ինչին»…, թե ինչ էր թաքնված այս երկու բառերի հետևում, մենք հասկացանք ավելի ուշ։
Մենք պատրաստ էինք ամեն ինչով՝ ավտոկայանատեղիում կանգնած մեքենաներից մինչև հաստիքացուցակում ընդգրկված վերջին զինվորը։ Բոլորիս տվեցին փամփուշտներով լիցքավորված հրացաններ, բոլոր հրացանները հաշվառված և գրանցված էին, հաշվի էր առնված ցանկացած մանրուք:
Ամեն ինչ հաշվարկված էր. փամփուշտ, «սանրում», բժշկական պարագա, մեքենա… Բայց մեզանից ոչ ոք դեռ չգիտեր, թե ինչ էր մեզ սպասվում առջևում։
Մեզ համար այս գործընթացը սկսվեց սեպտեմբերի 19-ին՝ տագնապի ազդանշանով, հրաման տրվեց և զորամասի անձնակազմը բերվեց մարտական պատրաստության։
Զենքի պահեստային տարածքների դռները բացվեցին։ Մի ակնթարթում ամբողջ անձնակազմը շարք կանգնեց՝ զինված և ամբողջ գույքով ապահովված։ Մեզ սպասում էին «Ուրալ» բեռնատարները։
Այդ պահին զորամասում տարօրինակ լռություն էր տիրում: Ոչ ոք բարձրաձայն հարցեր չէր տալիս։ Որովհետև երբեմն հարց տալն ավելի դժվար է, քան պատասխանելը: Այն, որ մեր խումբը կարողացավ այդքան արագ պատրաստ լինել՝ պատահականություն չէր։
Զինծառայողները, այդ թվում՝ ես, կարծում էինք, որ այս հավաքը, ինչպես և մյուսները, ստուգողական բնույթ էր կրում, բայց ոչ… Այս անգամ «ուսումնական վարժանք» բառը չհնչեց, ոչ ոք չասաց՝ «մի րոպեից կվերադառնանք»։ Եվ ներքին զորքերի զինծառայողներն ուղևորվեցին Ղարաբաղ՝ մասնակցելու այդ խոշոր օպերացիային…»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին պատմել է 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ժամկետային զինծառայության մեջ եղած ադրբեջանցին՝ հավելելով, որ իրենց ջոկատից 12 զինծառայող է շեհիդ դարձել:
Մեկ այլ առիթով ներկայացրել էինք ադրբեջանցի շեհիդների հարազատների վկայությունները, որ Արցախի դեմ կռվել են Ադրբեջանի բոլոր ուժային կառույցներից, ոչ միայն բանակից, այդ թվում՝ ներքին զորքերից:
Ադրբեջանի ներքին զորքերում ծառայած զինվորի մայրը պատմել էր, որ որդուն չէր տեսել 2023 թվականի սեպտեմբերի 3-ից, ով վարժանքի էր գնացել, բայց հետո պարզել է՝ պատերազմի են տարել, որտեղից կենդանի հետ չի եկել: Այսինքն, ինչպես նշեցինք, Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել Արցախի դեմ հարձակումը, որի համատեքստում էր Լաչինի միջանցքի փակումը, այնուհետև՝ տոտալ շրջափակումը:
Օրերս ադրբեջանական քարոզչամեքենան հայտնեց, թե իբր 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ մարտական գործողությունների ընթացքում 192 զինծառայող են կորցրել, սա, իհարկե, իրական թիվը չէ՝ ավելի քիչ է:
Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և 2023թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իրենց շեհիդների թիվն ավելի քան 3000 է: Իհարկե, պետք է արձանագրել, որ սա ևս իրական թիվը չէ:
168.am-ը գրել է, որ 2023թ. սեպտեմբերի Արցախի դեմ հարձակմանը ևս Թուրքիան կամ թուրք զինծառայողները մասնակցություն են ունեցել:
Իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտերում զոհվել և անհետ կորել է Պաշտպանության բանակի 265 զինծառայող, նրանց հաջողվել է զգալի կորուստներ պատճառել հակառակորդին:
Այլ հարց է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ հարձակումը և հայաթափումը մի օր առանձին քննության առարկա պիտի դառնա, և այստեղ հարցերի պիտի պատասխանեն այդ ժամանակ պաշտոնավարած և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, և՛ ռուսական կողմը: Շատ դրվագներ դեռ չգիտենք:
Իսկ մինչ այդ, ըստ էության, հոդվածի թեմայի համատեքստում պետք է հավելել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հետևել է Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների զորավարժանքներին, որոնք նատօական ծրագրով են, և ծանոթացել նրանց օպերատիվ կարողություններին, որոնք ենթադրում են հետախուզություն և քաղաքային մարտերի տարրեր:

