
Դենվերում շինարարները դինոզավրի ոսկոր են հայտնաբերել

Դենվերի բնության պատմության թանգարանի ավտոկայանատեղիում շինարարական աշխատանքների ընթացքում բանվորները հողի շերտում հայտնաբերել են բացառիկ գտածո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ ոչ միայն անսպասելի, այլև զավեշտալի էր դինոզավրի ոսկոր հայտնաբերել բրածո կենդանիների մնացորդների տպավորիչ հավաքածուով հայտնի թանգարանի տակ:
Գտածոն հայտնաբերվել է ավելի քան 230 մետր խորությամբ հորատանցքում, որը բացվել է երկրաջերմային աղբյուրները թանգարանի ջեռուցման նպատակով օգտագործելու հնարավորությունն ուսումնասիրելու համար։Դենվերի թանգարանի հավաքածուում առկա են դինոզավրերի մի քանի կմախքներ: Այս առումով հնագույն կենդանու՝ հոկեյի տափօղակի տեսքով ողնաշարի հատվածը, որը գտել են բանվորները, գուցե, այդքան էլ տպավորիչ չի թվում, սակայն դա յուրահատուկ է նրանով, որ պատկանել է մոտ 67 միլիոն տարի առաջ ժամանակակից Դենվերի տարածքում ապրած խոտակեր դինոզավրի։
Գիտնականները նշում են, որ թանգարանի տակ այդքան մեծ խորության վրա դինոզավրի ոսկոր գտնելը նման է հրաշքի։ Նրանք խոստովանել են, որ կցանկանային պեղումներ անցկացնել ողջ տարածքում, սակայն դա դժվար թե հաջողվի։