
Բիզնեսները հազարներով փակվել են, աշխատատեղերը՝ հազարներով կրճատվել, աշխատավարձերը՝ նվազել

Մինչ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության արձանագրած «աննախադեպ» ձեռքբերումներից, աշխատատեղերի ստեղծումից ու աշխատավարձերի բարձր աճերից է խոսում, փորձում է մանիպուլացնելով մարդկանց՝ համոզել, որ հիմա շատ ավելի լավ են ապրում, քան նախկինում էին ապրում, իրական կյանքում բոլորովին այլ բաներ են տեղի ունենում։ Իրական կյանքում սոցիալական իրավիճակը Հայաստանում գնալով լարվում է, իսկ բիզնեսի շրջանակներն արագորեն նեղանում են։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում 4.201 ընկերություն է փակվել։
Սա իսկապես չլսված իրադարձություն է, որին ականատես ենք լինում իշխանությունների հայտարարած աննախադեպ «ձեռքբերումների» ֆոնին։ Նման մանր բաներով, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չի լցնում քաղաքացիների գլուխը, բայց դա չի նշանակում, թե դրանք չկան։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ եթե անցած տարվա վերջին Հայաստանում գործում էր 70.560 ընկերություն, այս տարվա ապրիլին մնացել է 66.359-ը։
Չորս ամսվա ընթացքում փակվել է գործող ընկերությունների գրեթե 6 տոկոսը։
Չի եղել ամիս, որ մի քանի հարյուր ընկերություն չդադարեցնի գործունեությունը։
Հունվարին Հայաստանում փակվել է 1.289 ընկերություն։ Փետրվարին նույնիսկ ավելի շատ՝ 1.717 ընկերություն։ Մարտին գործունեությունը դադարեցրել է՝ ևս 599, իսկ ապրիլին՝ 596 ընկերություն։
Այդպիսով՝ 4 ամսում փակվել է 4 հազար 201 ընկերություն։
Նույնիսկ անցած տարվա ապրիլին Հայաստանում ավելի շատ ընկերություն էր գործում, քան այս տարի։
Մեկ տարվա ընթացքում գործող ընկերությունների քանակը կրճատվել է 2 հազար 404-ով, ինչը խոսում է Հայաստանում բիզնեսի գործունեության համար ստեղծված անառողջ մթնոլորտի ու անհավասար պայմանների մասին։ Ինչքան էլ փորձեն խեղաթյուրել իրականությունը, սա է իրենց ստեղծած բիզնես դաշտի ու բիզնես միջավայրի գնահատականը. Ընդլայնվելու ու ավելանալու փոխարեն, ընկերությունները փակվում են ու դուրս մղվում։
Փակվել են հիմնականում մանր ու միջին բիզնեսի ոլորտում գործող ընկերությունները, որոնց նկատմամբ, ինչպես հայտնի է, տարեսկզբից իշխանությունները հարկային տեռոր են իրականացնում՝ կրկնակի բարձրացնելով հարկային բեռը։ Այս քաղաքականությունը բերել է նրան, որ մանր ու միջին բիզնեսը զանգվածաբար դադարեցնում է գործունեությունը։
Չորս ամսում Հայաստանում գործող փոքր ընկերությունների քանակը կրճատվել է 4.273-ով։
Անցած տարվա վերջին եղած ավելի քան 59 հազարից՝ այս տարվա ապրիլի վերջին մնացել է 54.7 հազարը։
Փակվել են մանր ու միջին բիզնեսի ոլորտում գործող՝ ինչպես հազարավոր ընկերություններ, այնպես էլ՝ հազարավոր աշխատատեղեր։ Վերջին 4 ամսում այստեղ զբաղված քաղաքացիների քանակը կրճատվել է ավելի քան 4.2 հազարով՝ 148.4 հազար աշխատողից ապրիլի վերջին մնացել է 144.2 հազարը։
Փոքր բիզնեսում այս տարի ավելի քիչ մարդ է աշխատում, քան աշխատում էր նույնիսկ անցած տարվա ապրիլին։ Մեկ տարվա ընթացքում ոչ միայն առաջընթաց չի եղել, այլև 511 աշխատատեղ է փակվել։
Ու այն, որ Նիկոլ Փաշինյանն այդքան պարծենում է ստեղծված աշխատատեղերով, եթե չգիտի, թող իմանա, որ վերջին 5 ամսում Հայաստանում աշխատատեղերն ավելացել են ընդամենը 19-ով։ Դրա հիմնական պատճառն այն է, որ փոքր բիզնեսում դադարել են աշխատատեղեր ստեղծվել, եղածներն էլ փակվում են։
Իրականացված հարկային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ խոշոր բիզնեսը կլանում է փոքրերին։ Տեղի է ունենում բիզնեսի կենտրոնացում ու մոնոպոլացում, ինչի դեմ ժամանակին ձևացնում էին, թե պայքարում են։
Փոքր բիզնեսին դուրս են մղում, իսկ նրանց տեղը զբաղեցնում են խոշորները։
Սա ոչ միայն վտանգավոր տնտեսական քաղաքականություն է, այլև իր հետ լուրջ սոցիալական խնդիրներ է բերում։ Փոքր բիզնեսը սոցիալական բիզնես է, որով մարդիկ լուծում են՝ ինչպես իրենց աշխատանքով ապահովելու, այնպես էլ՝ ապրելու միջոցներ ստեղծելու խնդիրները։ Իշխանությունը որոշել է դա էլ խլել նրանցից ու տալ խոշորին։
Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում բիզնեսի ոլորտում, դրա վառ արտահայտությունն է։ Փակում են փոքր բիզնեսի օդերը՝ ինչը հանգեցրել է այստեղ զբաղված՝ ինչպես մի քանի հազար ընկերությունների գործունեության դադարեցման, այնպես էլ՝ մի քանի հազար աշխատատեղերի կրճատման։
Սոցիալական առումով սա վաղը խնդիր է դառնալու շատերի համար։ Չնայած արդեն դարձել է։
Փոքր բիզնեսում ոչ միայն աշխատատեղեր են փակվել, այլև աշխատավարձերն են նվազել։
Անցած տարվա ապրիլին միջին աշխատավարձն այստեղ 146.9 հազար դրամ էր, այս տարվա ապրիլին դարձել է 140.9 հազար. 6000-ով կրճատվել է։
Սա նշանակում է, որ 144.2 հազար քաղաքացի, որոնք զբաղված են եղել մանր ու միջին բիզնեսում, նախորդ տարվա համեմատ՝ միջին հաշվով 6 հազար դրամով պակաս եկամուտ են ստացել։ Դա ուղեկցվել է բարձր գնաճային ճնշումով ու առաջնային կարևորության ապրանքների կտրուկ թանկացմամբ։
Հիշեցնենք, որ մայիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում հասել է 4,3 տոկոսի, իսկ սննդամթերքը հասցրել է թանկանալ 7,4 տոկոսով։ Սոցիալական կարևորության բազմաթիվ ապրանքների պարագայում գնաճը կազմել 15-20 տոկոս, երբեմն՝ ավելի բարձր։
Այդ պայմաններում մանր ու միջին բիզնեսի ոլորտում զբաղված 144.2 հազար քաղաքացիների աշխատավարձերի տեսքով ստացվող եկամուտները 6000 դրամով նվազել են։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանը հաշվի ու ասի՝ այս մարդկանց կյանքը, իր ու իր կառավարության այդքան փառաբանված աշխատանքի արդյունքում, լավացե՞լ է, թե՞ վատացել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ