
«Լակոտի պես խաբեցին. վզակոթին կտան, կասեն՝ տղա ջան, կգնաս՝ միջանցքը կբացես». Աբրահամ Գասպարյան
Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնել՝ հանդիպելու Էրդողանի հետ. ինչո՞ւ հենց հիմա, արդյո՞ք հայկական կողմն ունի օրակարգ, թե՞ Փաշինյանը գնացել է սպասարկելու թուրքական օրակարգը, որը վաղուց սահմանվել է:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ Փաշինյանը գնում է այս ժամանակահատվածում, որովհետև տարածաշրջանը եռում է:
«Ես իրենց մոտեցումը ներկայացնեմ, որ լարած ականները հասկանանք. պետք է հնարավորինս ապահովագրել Հայաստանը Թուրքիայի հնարավոր ներխուժումից: Եթե ֆուտբոլային լեզվով ասենք, որ Իսրայել-Իրան կիսաեզրափակիչն է, ապա եզրափակչում Թել Ավիվում վստահ են, որ խաղալու են Անկարայի հետ: Սա ավելի շատ շոու է, որովհետև ես այն գիտական թեզի ջատագովն եմ միշտ եղել, որ Թուրքիան և Իսրայելը սիամական զույգեր են այս տարածաշրջանում: Կարող են լեզվակռիվներ ունենալ, բայց անվտանգային, հետախուզական առումով միմյանց հետ կապված են, պորտալարը նույնն է, և դա Արևմուտքի պորտալարն է: Հիմա եզրափակչի մասին եթե պետք է խոսեն, ուրեմն՝ մեկը պետք է պարտվի: Այդ պարտություն ասվածը հարաբերական է, որովհետև ի հեճուկս, այդ թվում՝ հայաստանյան քարոզիչների պնդումների, Իրանը հեշտ պատառ չէ:
Տարածաշրջանում ստեղծված այս իրավիճակում Թուրքիա այց կատարելը գուցե քաղաքական ռացիոնալիզմի տեսանկյունից հասկանալի է, բայց խնդիրն այստեղ պորտֆոլիոյի պարունակությունն է, որով գնում ես: Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու, բացի «Խաղաղության խաչմերուկ» դատարկ թեզից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հայաստանն ունի տխմար ղեկավարություն, որը չի կարողացել հետպատերազմյան վերականգնողական խնդիրը համարել առաջնային: Այլ բան է խաղաղություն սիրելը, այլ բան՝ պացիֆիստ դառնալը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ թուրքական կողմը մոտ 15-20 կետանոց պահանջներ ունի, որոնք կներկայացնի:
«Նիկոլը աթոռամետ է, ով շատ վճարեց… Բայց մյուս պետությունները լուրջ պետություններ են, հասկանում են՝ սրա հետ չի կարելի լուրջ պայմանավորվածությունների գնալ: Ով մնաց՝ Թուրքիան: Այո, ես 2021-ից եմ ասում, որ սա ունի արտաքին քաղաքական մեկ հովանավոր՝ Թուրքիան, ներքին քաղաքական մեկ հովանավոր՝ իր ոչ եկեղեցական կապով կինը, որի հետ ապրում է»,- շեշտեց նա:
Անրահամ Գասպարյանի խոսքով՝ 2018թ. Թուրքիան իր առջև խնդիր է դրել լրջորեն զբաղվել Հայաստանով. «Ակնհայտորեն, շատ լավ գիտեին՝ ում հետ են գործ ունենալու: Երբ ասում են՝ Թուրքիայի մարդն է, թուրքերն են բերել իշխանության, թուրքերը որևէ մեկին չեն բերում իշխանության, բայց ճիշտ աշխատում են նման թեկնածուների հետ: Եթե քո պորտֆոլիոյում դրել ես այնպիսի թերթոն, որ պարզապես պետք է ծիծաղեն հերթական անգամ քեզ վրա, վզակոթիդ մի հատ տան ու ասեն՝ տղա ջան, կգնաս՝ միջանցքը կբացես, անունը չես դնի միջանցք, դիր ճանապարհ, դա չեղավ ազգային պետական շահերի պաշտպանություն: Ո՞ւմ առաջ ես լավամարդ լինում այդպես խաղաղասեր երևալով, Եվրոպայի՞: Եվրոպան չէ՞ր, որ վզիցդ բռնեց, լակոտի պես քեզ խաբեց և ասաց, որ նշաձողը կիջեցնես, Արցախը կհանձնես: Ո՞ւր է Եվրոպան, ո՞ւր է Շառլ Միշելը»:
Նա նկատեց՝ աշխարհը փոխվել է, այլ խաղացողներ են եկել շախմատի տախտակի վրա, որոնք կարող են անակնկալ մատուցել, այդ թվում՝ Իրանը. «Շատ հնարավոր է՝ Իրանը բոլորին շատ մեծ անակնկալ մատուցի: Իր աշխարհագրական դիրքը, տարածքի չափը պատկերացրեք, արդեն 100 մլն բնակչություն ունի: Հիմա կասեն՝ չափերը կապ չունի, կարևորը որակն է, որակն էլ է բարձր: Իրանը դեռ չի օգտագործել վերջին սերնդի իր հրթիռներն ու տեխնոլոգիաները: Իրանը գնալու է մինչև վերջ, հարցի մյուս կողմն է՝ ինչ պայմաններով այս ամենը կավարտվի»:
Էրդողանը երեկ «X» հարթակում կատարած գրառմամբ հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին՝ ընդգծելով երկու երկրների եղբայրական կապը։ Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, սակայն մեկ ազգի զավակներ։ Էրդողանի խոսքերով՝ նրանք աղոթում են նույն դրոշի ստվերում, պատրաստ են զոհել կյանքը մեկ անկախության համար և կիսում են նույն սիրտը։ Էրդողանը նաև ընդգծել է, որ անհնար է սրտերը բաժանել հոգիներից, ինչպես անհնար է Թուրքիան բաժանել Ադրբեջանից։ Եթե էմոցիոնալ հատվածը դուրս բերենք, ո՞րն է այս տեքստի դիվանագիտական մեսիջը, ո՞ւմ է ուղղված և ի՞նչ հետևություններ պետք է անել:
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Էրդողանի հայտարարությունը նշանակում է, որ՝ «այսպես թե այնպես, գալիս ես, քեզ բաց ասում ենք, որ թյուրքական շահերի զիջում չի լինելու, պարտվել ես պատերազմում, եկել ես ծնկաչոք մեզ մոտ, քեզ թելադրելու ենք պայմանները, որոնք կդնես ճամպրուկիդ մեջ, կտանես Հայաստան և խելոք կաշխատես դրանց վրա»:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի՝ որ պահին ինչ է ասում. «Հոգեգարության հասնող վիճակները բեմականացում են: Գուցե հոգեմետ դեղեր է ընդունում, ալկոհոլի հետ է դա խառնվում, բայց ինքը գիտի՝ ինչ է անում: Ինքը գիտի՝ իր ընտրազանգվածին երբ պետք է սանձի: Նույնը անում է իր թիմի հետ: Իր դիրքերը մի վայրկյան թուլացան՝ 10 մասի են բաժանվելու: Այնտեղ թիմ չկա, կա 2 հոգի, որ որոշում են ընդունում՝ ինքն ու կինը, մնացածը ենթականեր են: Սեփական ընտրազանգվածը և քաղաքական թիմը կոնսոլիդացնելու համար, նա պետք է տղա երևա, որ իր վրայից չթռնեն, որովհետև հենց ձնագնդիի էֆեկտը մեծանա, իր վրայից թռնելու են: Հիմա ինքը կոմպրոմատներով, հաշվեհարդարով պահում է այդ ամբողջը: Հարցն այն է, թե ինչ կոնսենսուս պետք է այստեղ կայացվի, ով է երաշխավորը, որ Փաշինյանի անվտանգությունն ապահովվելու է: Ամեն մեկի գրպանում երկրորդ անձնագիրը կա: Ես գիտեմ իրենցից 20-22 հոգու, որոնք այլ պետության քաղաքացիներ են և հարմար պահի թռնելու են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում