
Իրանական գազից մինչև «Զանգեզուրի միջանցք». փորձագետը վերլուծել է պատերազմի ռիսկերը. Sputnik Արմենիա

Եթե տարածաշրջանում շարունակվեն էսկալացիոն միտումները, ապա «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որի մաս է կազմում Հայաստանը, հայտնվելու է մեծ հարցականի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ կառավարությունում որոշակի դատողություններ կան Իրանում ստեղծված իրավիճակի` ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Թե հնարավոր զարգացումների ինչ սցենարներ է դիտարկում կառավարությունը, նախարարը չէր բացահայտել։ Փոխարենը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Իսրայել-Իրան ռազմական գործողությունների պատճառով մի շարք բեռներ «Բանդար Աբբաս» նավահանգստում կանգնած են, որոշ բեռներ էլ ճանապարհներին են։
Նրա խոսքով` բազմաթիվ խնդիրներ են առաջացել արտահանման և Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծման հետ կապված։
«Իրանա-իսրայելական կոնֆլիկտի առկա դինամիկայի պահպանման դեպքում Հայաստանը կարող է բախվել բազմաթիվ գեոտնտեսական ռիսկերի»,- ասաց Դավթյանը։
Նրա կանխատեսմամբ` լոգիստիկ խնդիրների պատճառով իրանական ծագման ապրանքների թանկացումն առաջիկայում անխուսափելի է լինելու։ Հայաստանի տնտեսության մեջ, սակայն, այդ թանկացումը էական նշանակություն չի ունենա։
Բանն այն է, որ Իրանից Հայաստան ներկրվող ապրանքների շուրջ 80 տոկոսը բնական գազն է, որի դիմաց Հայաստանը «վճարում» է ոչ թե գումարով, այլ էլեկտրաէներգիայով։ Իսկ ինչ վերաբերում է հայ–իրանական էներգետիկ համագործակցությանը սպառնացող հնարավոր վտանգներին, Դավթյանի գնահատմամբ, դրանք անհամեմատ ավելի շոշափելի են։
«Իրանի խոշորագույն գազային հանքավայրին` «Հարավային Պարսին» հասցված հարվածը ակնհայտորեն նվազեցնելու է Իրանում գազի արդյունահանման ծավալները: Այդ պայմաններում ես չեմ բացառում, որ ինչ–որ մի պահի կարող է դրվել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքի վերանայման հարցը։ Իրանն առանց այդ էլ այսօր ունի լուրջ խնդիր` կապված ներքին մատակարարումների հետ, հնարավոր է, որ այս զարգացումների պայմաններում գազի արտահանումը ժամանակավորապես դադարեցվի մատակարարումները բավարարելու համար»,– կանխատեսում է փորձագետը։
Բացի այդ, ըստ նրա, ռիսկային գոտում է հայտնվել նաև Իրան–Հայաստան էլեկտրաէներգետիկ միջանցքը։ Դավթյանի դիտարկմամբ` շուրջ 70 տոկոսով ավարտին հասցված Իրան–Հայաստան օդային էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը ևս կարող է կիսատ մնալ։
Ավելի մշուշոտ է Իրանի ու Հայաստանի միջև Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրի ճակատագիրը։
«Բնականաբար, մենք գործ ունենք նաև գեոռազմավարական լրջագույն ռիսկերի հետ, որովհետև ակնհայտ է, որ Իրանը մշտապես հանդես էր գալիս իբրև զսպող գործոն «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Եվ ակնհայտ է, որ եթե, Աստված մի արասցե, Իրանը պարտության մատնվի, կամ Իրանի ներսում տեղի ունենան որոշակի փոխակերպումներ, ապա առավել քան ակնհայտ է, որ այս ուղղությամբ որոշակի ակտիվություն կնկատվի, հատկապես որ այս էսկալացիայի ֆոնին վերջին օրերին Բաքվից ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները»,– ասաց Դավթյանը` միաժամանակ հիշեցնելով, որ դեռ ապրիլին Իրանը ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն անցյալում է, և Իրանը իրականացնում է «Արաքսյան միջանցքի» իր նախագիծը։