Քննչական կոմիտեն սպայի մահվան վայրն ու նախնական տվյալները գաղտնի է պահում

ՀՀ քննչական կոմիտեն հունիսի 11-ին հայտնել էր, որ «հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ մի հաղորդագրություն չէր տարածել: Իհարկե, սա նման առաջին դեպքը չէ, 2026 թվականի սկզբից մինչև հիմա բանակում զինծառայության հետ կապված մահվան մի քանի դեպք է արձանագրվել, որոնց ոչ բոլորի մասին է ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածել, հնարավոր է, կան դրա համար օբյեկտիվ պատճառներ:

Ինչևէ, հունիսի 13-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել, որքանո՞վ է այն կապված ծառայության հետ, և որքանո՞վ են համապատասխանում իրականությանը մամուլում շրջանառված տեղեկությունները, որ սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել Բաղրամյան զորամարզադաշտում՝ տանկային վարժանքների ընթացում, և որ թիկունքից կրակոցի հետևանքով է նա մահացել, այսինքն, փորձել ենք հասկանալ՝ ինչ է այս պահի դրությամբ պարզել նախաքննությունը:

5-օրյա ժամկետում ՀՀ քննչական կոմիտեն մեզ ուղարկած իր պատասխան գրության մեջ նշել է.

Կարդացեք նաև

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի հունիսի 13-ի հարցման՝ հայտնում ենք, որ հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները, Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրելը հնարավոր չէ, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:

Այսինքն, ՀՀ քննչական կոմիտեն գաղտնի է պահում նույնիսկ դեպքի վայրը, և, թե որքանով այն ուղիղ կապ ունի ծառայության հետ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ մամուլում շրջանառված տեղեկությունները քննության առարկա կարող են լինել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, մահացած սպայի հայրը ևս զինվորական է, և իր ցանկությամբ է, որ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն չի տարածել, հատկապես, երբ մահվան հանգամանքները պարզելու խնդիր կա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930