«Եթե Հայաստանից դուրս գամ, ինձ այնտեղ անհամբեր սպասում է Ադրբեջանը՝ ձեր «թեթև գրչով». Դավիթ Գալստյանի խոսքը փոխանցում է փաստաբանը

Նախաքննության մարմինն այսօր հայտնվել է փակուղում: 168.am-ի հետ հարցազրույցում ասաց  «անորակ հրթիռների» գործով անցնող Հայաստանին զենք-զինամթերք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբան Արմեն Հարությունյանը:

«Եթե մենք խոսում ենք ռազմական նշանակություն ունեցող ապրանքի, զինամթերքի, հրթիռի  մասին, դրա անորակ լինել-չլինելու մասին եզրակացություն անելու համար պետք են հատուկ մասնագիտական գիտելիքներ, իրավաբանություն այստեղ չկա: Այսինքն, ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը, ո՛չ պաշտպանը չունի այդ մասնագիտական գիտելիքը, որ ասի՝  հրթիռը անորա՞կ է, ոչ պիտանի՞, թե՞ պիտանի: Այս տրամաբանությամբ, երբ գործի նյութերը մեզ տրամադրվեցին, քննիչի կողմից հստակ որոշում կար կայացված, որով նա նշանակել էր փորձաքննություն, որի նպատակն էր՝ պարզել մատակարարված հրթիռների որակը և պիտանիությունը:

Սակայն  հետագայում մենք պարզեցինք, որ քննիչը որակի մասով իր իսկ նշանակած փորձաքննությունը թողել է անկատար: Մենք պատրաստ ենք հիմնավորել, որ մատակարարված հրթիռները այժմ էլ պիտանի են, դրանց որակի հետ կապված  որևէ խնդիր չկա, թեև դրանք, այո, 1991 թվականի արտադրության են: Որպես կանոն, մեղադրյալները միշտ խուսափում են փորձաքննություններից, բայց քանի որ վստահ ենք, որ որակի հետ կապված խնդիր չկա, մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ փորձաքննությունը կատարվի օբյեկտիվ: Իսկ այդ փորձաքննությունը շատ պարզ է՝  պետք է համապատասխան մասնագետ և կոնկրետ զինատեսակի կիրառում, փորձարկում, դա կարելի է 1-2 օրում կազմակերպել, տեխնիկական որևէ խնդիր չկա: Մենք ակնկալում էինք, որ կկատարվի այդ փորձաքննությունը, և մասնագետներն էլ կտեսնեն և կհաստատեն, որ հրթիռների որակի հետ կապված խնդիր չկա»,- նշեց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ նույն գործընթացը տեղի էր ունեցել նաև նախորդ  քրեական գործով, և իրենք 4-5 ամիս պնդել են,  որ փորձաքննություն նշանակվի, ինչն ի վերջո արվել է,  արդյունքում հօդս են  ցնդել  մեղադրանքում նշված բոլոր կասկածները, պնդումները:

«Այս նոր գործով նախաքննության մարմնի գործողությունները տեսնելով՝ մեզ մոտ  լուրջ մտավախություն առաջացավ, որ այստեղ օբյեկտիվ քննություն չի գնում, նախաքննության նպատակը օբյեկտիվ իրականությունը պարզելը չէ, այլ հստակ ուղղորդված նախաքննություն է գնում,  որի նպատակը ամեն գնով Դավիթ Գալստյանին կալանքի տակ պահելն է: Դրանով է պայմանավորված, որ որակի մասով փորձաքննությունը դադարեցվել է, հակառակ դեպքում ձեռք կբերվեր այնպիսի տվյալ, որը կհերքեր մեղադրանքը: Մենք, իհարկե, սահմանված կարգով  քննիչի գործողությունների մասով  բողոքարկեցինք Դատախազություն, լրացուցիչ միջնորդություն  ներկայացրեցինք, մեր տեսակետը ներկայացրեցինք, որ եթե որակի  մասին ենք խոսում, չենք կարող մասնագիտական  հատուկ կարծիքից  խուսափել: Դատախազությունը մերժել է մեր բողոքը՝  վերահաստատելով քննիչի դիրքորոշումը, որ որակի հետ կապված հանգամանքներն արդեն պարզվել են, և փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն չկա: Եթե խոսում ենք հրթիռի որակի մասին, կամ ՊՆ-ն պիտի տա իր եզրակացությունը, կամ անկախ փորձագետը»,- շարունակեց Դավիթ Գալստյանի փաստաբանը:

Այս համատեքստում Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ  արդեն ունեն Եվրոպայից զենքի արտադրության ոլորտում մեծ փորձ ունեցող փորձագետի եզրակացությունն իշխանությունների կողմից «անորակ» հռչակված հրթիռների մասով:

«Բավական լուրջ մասնագետ է, լուրջ վերլուծություններ է արել: Ընդ որում,  մեր փորձագետը պատրաստ է գալ Հայաստան, մասնակցել ցանկացած փորձաքննության, ինչպես նաև մասնակիցը դառնալ նախաքննությանը, այդ մասով համապատասխան միջնորդությունները պատրաստ են, մենք կներկայացնենք նախաքննական մարմին»,- շեշտեց փաստաբանը՝ չբացառելով միջնորդության մերժումը:

Դավիթ Գալստյանի անազատության մեջ գտնվելը  լուրջ խնդիրներ է ստեղծել Հայաստանի  և բանակի համար զինամթերքի մատակարարման հարցում, քանի որ նախապես կնքված պայմանագրերը և նախանշված պլանները  չեն կատարվում: Այս տեսանկյունից տարօրինակ է Պաշտպանության նախարարության պասիվ կեցվածքը:

Գալստյանի պաշտպանների համար ևս հետաքրքիր է ՊՆ-ի դիրքորոշումն այս հարցում, ինչի ուղղությամբ քայլեր են ձեռնարկել, մասնավորապես, դիմում-առաջարկ է արվել, որ պաշտպանական գերատեսչությունը  պայմանագրային կարգավորումների շրջանակում դիրքորոշում հայտնի, օրինակ,  հրաժարվի ապրանքից, կամ փոխի այն:

«Սպասում ենք Պաշտպանության նախարարության արձագանքին այս մասով, այլապես մատի և մատանու պատմությունն է դառնում: Հարաբերությունները ծագել են ի դեմս Պաշտպանության նախարարության՝ պետության  և մատակարարի միջև, խնդիրներ չեն արձանագրվել: Բոլոր փաստաթղթերով, նյութերով ակնհայտ կարելի է ասել, որ ՊՆ-ի դիրքորոշումը  չի  եղել բացասական: Այսինքն, ՊՆ-ն շատ լավ ժամանակին իմացել է, թե ինչ հրթիռներ են, որ թվականի են, և սահմանված կարգով ընդունվել են: ՊՆ-ն միշտ ասել է, որ եղել է պահանջարկ, մինչ օրս էլ կա»,- նշեց Դավիթ Գալստյանի պաշտպանը:

Արդյոք Դավիթ Գալստյանի  անազատության մեջ մնալը որևէ առնչություն ունի՞ արցախյան վերջին պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծման և դրա շրջանակում հնարավոր զարգացումների հետ, թե՞ Դավիթ Գալստյանի չեզոքացումը զուտ ինչ-որ մեկի բիզնես հետաքրքրությունների շրջանակում է: Այս հարցերի առնչությամբ Գալստյանի փաստաբանն իր պատկերացումներն ունի:

Ի դեպ, Դավիթ Գալստյանի նկատմամբ արդեն քրեական գործեր կան Ադրբեջանում, իսկ հայաստանյան մամուլը բազմիցս է փաստարկված հրապարակումներ ներկայացրել՝ ցույց տալով, թե «հեղափոխական» կոչված ՀՀ գործող իշխանություններից ովքե՞ր են փորձում նրան զենքի մատակարարման բիզնեսից դուրս մղել և տեղավորվել։

Մեր նախորդ հրապարակումներում գրել էինք, ըստ մեր տեղեկությունների, Դավիթ Գալստյանը 44-օրյա պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն: Ադրբեջանը ոչ միայն այդ ամենին հետևել ու հետևում է, այլև լրջորեն անհանգստանում է և փորձում է բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանին և Արցախին օգնել են՝ մեկուսացնել: Ադրբեջանն ամեն ճանապարհով փորձում և փորձելու է վնասել ՀՀ-ին զենքի մատակարարման գործընթացին: Մենք մտավախություն էինք հայտնել, որ կա՛մ ՀՀ իշխանություններն այս ամենը չեն հասկանում, կամ Ադրբեջանի հետ սինխրոն են գործում. Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է ազդել մեր բանակի մատակարարումների վրա, և հետևաբար՝ Դավիթ Գալստյանը լինի, թե այլ անուն-ազգանունով մեկ ուրիշը, ով այդքան հնարավորություններ ու փորձառություն ունի՝ ամեն կերպ պետք է խոչընդոտի այդ մարդկանց կամ ընկերությունների գործունեությանը: Թերթեք ադբեջանական մամուլը և կտեսնեք՝ ինչպես են թիրախավորել Դավիթ Գալստյանին: Օրինակները բազմաթիվ են:

Ի դեպ, Դավիթ Գալստյանի փաստաբանի փոխանցմամբ, դատական նիստերից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել Գալստյանի կալանավորման հիմքերի մասին, քննիչները մտավախություն են հայտնել, թե նա կարող  է խուսափել նախաքննությունից և փախուստի դիմի, ինչին Դավիթ Գալստյանն արձագանքել է.

«Եթե ես ՀՀ-ից դուրս գամ, ինձ այնտեղ անհամբեր սպասում է Ադրբեջանի Հանրապետությունը՝ ձեր  «թեթև» գրչով: Իմ նկատմամբ կան քրեական գործեր հարուցված, Ադրբեջանը  ցանկանում  է  որևէ կերպ  վնաս  հասցնել, կալանավորել, որի համար ջանք չի խնայում: Այսինքն, ինչի՞ պետք է Հայաստանից դուրս գամ, եթե գիտեմ, որ հնարավոր է՝ իմ կյանքին որոշակի վնաս սպառնա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս