
Իրան-Իսրայել պատերազմի հետևանքները Հարավային Կովկասի համար կախված են իրավիճակի ընթացքից ու ելքից․ վերլուծաբան

Արդեն չորրորդ օրն է՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ լայնածավալ պատերազմ է ծավալվում Իրանի Իսլամական Հանրապետության ու Իսրայելի միջև։
Հունիսի 13-ի գիշերն Իսրայելը սկսեց լայնածավալ, բազմաշերտ՝ «Ժողովուրդն առյուծի պես» կամ «Վեր հառնող առյուծ» վերտառությամբ գործողություն՝ առաջնահերթ թիրախավորելով ԻԻՀ ռազմական ղեկավարությանն ու միջուկային գիտնականներին։
Սրան ի պատասխան՝ Իրանը սկսեց «Խիստ պատիժ» օպերացիան։ Այս երկու օպերացիաները մինչ այսօր շարունակվում են, որոնք, ըստ էության, վերածվել են լայնամասշտաբ պատերազմական գործողությունների՝ ծանր հետևանքներով՝ տապալելով ԱՄՆ-Իրան բանակցությունները միջուկային գործարքի շուրջ, թեև Իրանը շարունակում է հայտարարել, թե միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունեն։
Նախօրեին ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը:
Նրա խոսքով՝ Մասկատում չեղարկված բանակցությունների ժամանակ Իրանը մտադիր էր ԱՄՆ-ին ներկայացնել առաջարկներ, որոնք կարող էին հանգեցնել միջուկային գործարքին։ Նախարարը պնդել է, որ Թեհրանը միջուկային զենքի տարածումն արգելելու դիրքորոշման կողմնակից է: Իրանը պատրաստ էր հաստատել, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ինչն արձանագրվել է 2015 թվականի գործարքում:
Արաղչին միաժամանակ ընդգծել է, որ եթե պայմանագրի նպատակն Իրանին օրինական միջուկային իրավունքներից զրկելն է, ապա երկիրը պատրաստ չէ դրան:
Եվ մինչ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմում է իրանցի ժողովրդին՝ կոչ անելով դուրս գալ իշխանության դեմ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը միավորման կոչ է անում՝ շեշտելով, որ այս պատերազմն իրենք չեն սկսել։
Նա նաև ասել է, թե Թեհրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, իսկ նրանք, ովքեր կողմ են դրան, տեղ չունեն իրանական քաղաքականության մեջ։ ԱԳ նախարար Արաղչին նաև ասել է, թե Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը վերածվի ավելի լայն, տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի Թեհրանին։
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իրան-Իսրայել պատերազմին, Իրան-ԱՄՆ բանակցությունների հեռանկարին ու հետևանքներին Հարավային Կովկասի համար, ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ նախ պետք է արձանագրել, որ Իրան-Իսրայել ռազմական զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ աշխարհը տեղափոխվել է միջազգային հարաբերությունների, Միջազգային կարգի զարգացման մի այնպիսի փուլ, երբ ուժի գործոնն էական դերակատարություն ունի, քանի որ գրեթե չկան զսպման մեխանիզմներ։
«Սա միտում է, որը նկատել ենք դեռևս տարիներ առաջ, ու սա միակ ռեգիոնը չէ, որտեղ այս կարգն արտացոլվել է, Հարավային Կովկասին ևս սա ծանոթ է, և Իսրայելը միակը չէ, որ այս միջոցին է դիմում իր հարցերը լուծելու համար։ Թեև Իսրայելի դեպքում գրեթե բոլորը գիտեին, որ սա մի օր տեղի է ունենալու։ Սակայն սա դառնում է միջազգային հարաբերությունների նոր բնականոն իրավիճակը»,- նման համոզմունք հայտնեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ երկրների բոլոր որոշումների, հայտարարությունների հիմքում դրվում է ուժային բաղադրիչ, եթե կա ցանկություն ազդելու, քանի որ առանց դրա հայտարարությունները չեն ունենում որևէ արդյունք։
Լուկիանովի գնահատմամբ, պատերազմական գործողությունները դեռ ողջ թափով շարունակվում են, և տպավորություն է, որ Իսրայելը ցանկանում է արձանագրել իր հայտարարված նպատակների իրագործումը, իսկ Իրանն այստեղ արձագանքողի դերում է և կարծես պատրաստ է ռազմագործողությունների դադարեցման դեպքում շարունակել բանակցությունները։
«Իրանական կողմն այս օրերի ընթացքում միջուկային գործարքի վերաբերյալ մի քանի հայտարարություն արեց, հայտարարեց, որ պատրաստ է կնքել գործարքը։ Կարծում եմ՝ բանակցությունները շարունակվելու դեպքում ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդվելու են, պահանջներն ավելի համարձակ են դառնալու»,- նման կարծիք հայտնեց նա։
Ըստ Լուկիանովի, կարելի է պատկերացնել, որ շարունակության դեպքում ԱՄՆ-ը պաշտոնապես ներքաշվի հակամարտություն, սակայն Իրանի կողմից բարդ է ակնկալել որևէ այլ դաշնակցի ներգրավվածություն։
«Իսրայելը կարողացել է վերջին տարիներին Իրանի ամենահուսալի դաշնակիցներին թուլացնել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ-ն պատրաստ է միջնորդության, սակայն ՌԴ-Իրան ռազմական համագործակցության մակարդակն այնքան խորը չէ, ինչպես նաև չկա խորը ռազմավարական դաշնակցություն, ուստի ՌԴ մասնակցությունը տեսնում եմ հնարավոր միջնորդության տեսքով, հատկապես, երբ տեսնում ենք, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների կապը պահպանվում է, կա խոսակցություն, կան հեռախոսազրույցներ»,- ասաց նա։
Խոսելով Հարավային Կովկասից, Լուկիանովն ասաց, որ Իրանի ու Իսրայելի միջև տեղի ունեցողը, կախված ընթացքից, կարող է տարբեր ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ հարավկովկասյան երկրների համար։
«Բնականաբար, սա անկայունություն է, մի մեծ խնդիր, որը խորանալու դեպքում խնդիրներ է ստեղծելու նաև հարևան երկրների ու ռեգիոնների համար։ Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում բարդանում է նաև հակամարտության կարգավորման առանց այդ էլ խրթին գործընթացը, քանի որ փոխվում են աշխարհաքաղաքական հաշվարկները, ստեղծվում են նոր մարտահրավերներ ու բարդություններ»,- ասաց նա։
Լուկիանովի խոսքով, թե Իրանը, թե նաև Իսրայելը՝ անուղղակիորեն, ազդեցություն ունեն Հարավային Կովկասում իր դաշնակցությամբ ու քաղաքականությամբ։
«Կախված նրանից, թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը, Հարավային Կովկասում կամրապնդվեն Իսրայելի կամ Իրանի դիրքերը և դիրքորոշումները։ Սա անհնար է հաշվի չառնել։ Կարծում եմ՝ ռեգիոնալ երկրները սպասում են հստակության․ եթե Իրանին հաջողվի որոշակի դրական արդյունք ունենալ, ապա Իրանն է՛լ ավելի կամրապնդի իր դիրքորոշումները Հարավային Կովկասում, դրանք է՛լ ավելի լսելի կլինեն, իսկ Իսրայելի առավելության դեպքում՝ կփորձեն օգտվել Ադրբեջանը և Իսրայելի դաշնակիցները։
Եթե Իրանին հաջողվի պահպանել իր դիրքերը, ապա Հարավային Կովկասում Իրանի ձայնը կշարունակի լսելի լինել։ Սա ամենապարզ ազդեցությունն է, իրավիճակները կարող են տարբեր լինել։ Ներկայումս տեսնում ենք, որ սա աշխարհին անհանգստացնող և աշխարհի ուշադրությանն արժանացած գլխավոր ուղղությունն է, որը ստվերում է թողել նույնիսկ իրավիճակն Ուկրաինայում»,- ասաց Լուկիանովը։