44-օրյային Փաշինյանի գերագույն հրամանատար լինելու օրինականությունը և ԳՇ պետի «ոչ պատերազմական» ցանկությունը. Չիմացությո՞ւն, թե՞ մեսիջ…

Հունիսի 4-ին խորհրդարանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հրադադարի խախտումներին և էսկալացիայի հավանականությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ մի քանի ձևակերպումներ է հնչեցրել, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:

Մասնավորապես, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն» հայտարարությանը, Ասրյանը նշել է, թե «ՀՀ վարչապետը զինված ուժերի համար ի պաշտոնե հանդիսանում է նաև գերագույն հրամանատար, և այն, ինչ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու»:

Իսկ ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է՝ «ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշվում է.

Կարդացեք նաև

«Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:

Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին:

Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»:

Այլ հարց է, որ այստեղ գործ ունենք օրենքի անկատարության հետ, և չի հստակեցվում՝ չկարգավորված ի՞նչ հարցերի մասին է խոսքը, կամ ի՞նչ հարցերի մասին կարող է խոսք լինել:

Մի առիթով 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նկատել էր, որ «օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ նման հարաբերություններում»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը խաղաղ պայմաններում ի պաշտոնե ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը չէ, և չի կարող ոչ մի ուղիղ հրաման կամ հանձնարարական տալ բանակին, ուստի այս տարվա մարտին ադրբեջանական կրակոցների ֆոնին ֆեյսբուքյան իր էջում իր հանձնարարականը հասցեագրել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը կամ նախարարին. «Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»:

Բայց սա չի նշանակում, թե Փաշինյանը չի խախտել սահմանադրական պահանջը խաղաղ պայմաններում, և դե ֆակտո չի տվել ոչ օրինական հրամաններ:

Գուցե նման դեպքերը նկատի ունենալո՞վ էր Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել «վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»:

Բայց քանի դեռ օրենքով, Սահմանադրությամբ նման բան չկա, պետք է որոշակի ենթադրություններ անել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի վերը նշված հայտարարությունից՝ Էդվարդ Ասրյանը չի տիրապետո՞ւմ սահմանադրական պահանջին, փորձում էր հաճոյանա՞լ Փաշինյանին, ի վերջո, առաջին դեպքը չէ, երբ ԳՇ-ն քաղաքական քարոզչություն է անում, ԳՇ պետ Ասրյանն էլ՝ փրկում Փաշինյանի քաղաքական դեմքը:

Իսկ կարո՞ղ ենք մտածել, որ հաշվի առնելով այն, որ դե ֆակտո Նիկոլ Փաշինյանն իրեն գերագույն հրամանատարի լիազորություններ է վերապահում, Է. Ասրյանը պարզապես տողատակում ինչ-ինչ բանե՞ր էր հասկացնում:

Արդյոք 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետը եղած Էդվարդ Ասրյանը համարձակություն ունենալո՞ւ է հակադարձելու Փաշինյանին, եթե հանկարծ պատերազմ կամ էսկալացիա չլինելու նրա բերած հիմնավորումները կամ աղբյուրները, պարզվի, սխալ են, այնպես, ինչպես ժամանակին Փաշինյանն էր մեղադրել համապատասխան ինստիտուտներին:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկ այլ հարցին ի պատասխան էլ՝ վստահեցրել էր. «Շարունակում են հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով և միջոցներով, և սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան»:

Այսինքն, ամեն դեպքում, հույսը չեն դնում միայն Փաշինյանի «հավաստի աղբյուրներին», մնում է հուսալ, որ իրականում Գլխավոր շտաբն իր սեղանին նաև վատագույն սցենարներ ունի, որտեղ հաշվի են առնվել «առաջին կրակողի» հեռահար նպատակները»:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ գերագույն հրամանատար լինել-չլինելու սահմանադրական պահանջին՝ հավելենք, որ մինչ օրս հարցեր կան նրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն հռչակվելու և դրանից հրաժարվելու հետ կապված:

Ի դեպ, այս հարցը քննարկվել էր նաև Քննիչ հանձնաժողովում, և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նկատել էր, որ հանձնաժողովը պետք է վերջում հստակ գնահատական տա՝ «արդյո՞ք պատերազմի հայտարարում եղել է, թե՞ ոչ, կամ՝ ռազմական գործողությունների ընթացքում այդ ժամանակաշրջանը գնահատվո՞ւմ է որպես պատերազմ, թե՞ ոչ՝ իրավական և դրանից բխող գործողությունների առումով»:

Իսկ այս թեմայի համատեքստում 168.am-ի հետ զրույցում զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը, հղում կատարելով ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածին՝ նշել էր.

«Մի կողմից, նշվում է, որ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը, և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին: Այսինքն, անգամ անհետաձգելի դեպքերում բարձրագույն զինվորական պաշտոն զբաղեցնող անձը չի առաջարկում զինված ուժերը կիրառելու մասին, այլ նախարարը:

Մյուս կողմից՝ ասվում է, որ միայն պատերազմի ժամանակ է վարչապետը գերագույն հրամանատարը, իսկ խաղաղ ժամանակ, չլինելով գերագույն հրամանատար, նախարարի առաջարկությամբ որոշում է կայացնում զինված ուժերի կիրառման մասին: Այս դեպքում, իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի, որ և՛ պատերազմի, և՛ խաղաղ ժամանակ երկրի ղեկավարը լինի գերագույն հրամանատարը: Երևի նրանից է, որ ես նախագահական կառավարման կողմնակից եմ»:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, ՀՀ-ում ռազմական դրություն էր հայտարարվել։

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում սահմանվում է նման որոշման իրավական հիմք ծառայող հանգամանքները և ՀՀ կառավարության լիազորությունները, կրկնում ենք, կառավարության և ոչ թե՝ վարչապետի:

Եվ հենց նաև սա հաշվի առնելով պետք է հասկանալ՝ ռազմական գործողությունների ընթացքում արդյո՞ք այդ ժամանակաշրջանը պետք է որպես պատերազմ գնահատել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իրեն գերագույն հրամանատարի գործառույթներ պիտի վերապահեր, թե՞ ոչ, ի՞նչ հետևանքների է սա հանգեցրել:

Ի վերջո, այս հարցն առնչվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի գործառույթներին, և, թե որքանով են դրանք դե ֆակտո հարգվել կամ կատարվել: Սա կարևոր թեմա է, որին դեռ առիթ կունենանք անդրադառնալու, հատկապես, երբ առջևում Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումն է:

Ի դեպ, 2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների պայմաններում ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի գործողությունները գնահատելիս չպետք է անտեսել հետևյալը՝ ինչո՞ւ ՀՀ-ն այդ ժամանակ, այդ թվում՝ սեպտեմբերյան մարտերի օրերին, ռազմական դրություն չհայտարարեց, երբ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներ են դիտարկվում՝

– այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթումը,

– այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը,

– այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը` անկախ վերջիններիս տեղակայման վայրից, և այլն:

Արդյո՞ք նման ակնարկ եղել է ռուսական կողմից…

Տեսանյութեր

Լրահոս