«Պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, բայց որոշ հարցերով՝ ՊՆ-ին. ինչ է նշանակում «որոշ հարցերով»». Արտակ Դավթյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում անդրադառնալով նոր սպառազինությունների ձեռքբերման հարցին՝ նշել է.
«Մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք է անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:
Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից՝ 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք»:
Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել գաղտնազերծելու, թե որ երկրներից էին կատարվելու այդ գնումները: «Բայց եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի՝ մի անգամ կասեմ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Հարցին՝ իսկ այդ գործարքները հետո չարվեցի՞ն, Սերժ Սարգսյանը պատասխանել է․
«Ոչ: Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝ 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու: Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ՝ ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՐ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ՝ մեր ստորագրած պայմանագրով»:
Սպառազինության կոնկրետ տեսակների գնումների շուրջ 168.am–ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ (2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը), գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։
«ՏՈՐ-Մ2ԿՄ համալիրների խմբաքանակը ինչպես կա, այնպես էլ մնացել է: Իսկ թե երբ պայմանագիր կկնքեն, չեմ կարող ասել: Մենք դեռ առաջին խմբաքանակը մինչև վերջ չենք ստացել: Խմբաքանակը պետք է ստանանք, զորքը յուրացնի, որից հետո նոր մյուս խմբաքանակները ձեռք բերվեն: Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին, անկախ ԶՈւ զարգացման պլանի փոփոխվել-չփոփոխվելուց, անօդաչուները պլանների մեջ կան, և որոշակի ձեռքբերումներ եղել են: Ամբողջ հարցը հետևյալն է եղել. ԱԹՍ՝ մանավանդ հարվածային, իսկ ով էր վաճառում մեզ, և արդյոք կարողացել են համապատասխան մարմինները ձեռք բերել: Այնպես որ, թղթի վրա գրելը դա ցանկություն է, որին պետք է գումարվեն առաջին` ֆինանսական միջոցները, երկրորդը՝ երկիրը, որը պատրաստ կլինի մեզ վաճառել դրանք: Հայկական արտադրության մասին խոսել ենք, մերոնք ուղղակի չկարողացան այն քանակի, որակի, համապատասխան նշանակության արտադրել, որ կիրառության մեջ դնենք և ընդգրկենք մեր սպառազինության մեջ»,- նշեց նա:
Հակադարձմանը, որ վերջերս դարձյալ ակտիվացել են խոսակցությունները, որ անցյալ տարի ՀՀ-ին առաջարկ է եղել չինական ԱԹՍ-ներ գնելու, որը խոչընդոտվել է, Արտակ Դավթյանն ասաց, որ կոնկրետ բան ասել չի կարող, մյուս կողմից՝ հարցին պետք է երկու տեսանկյունից մոտենալ:
«Ով է բանակցել չինական կողմի հետ, որովհետև ԳՇ-ն, ինչքան ես եմ հիշում, իմ ժամանակ այդ հարցով չի բանակցել: ԳՇ-ի իրավասության մեջ չի մտնում բանակցելը: Եթե առաջարկություններ եղել են, թող մեկն ասի կամ ցույց տա, որ իրենք առաջարկել են Չինաստանից գնել հարվածային ԱԹՍ, և ԳՇ-ն մերժել է, մնացածը պետք է ճշտել ՊՆ-ից: Բայց եթե մենք մեր պլանում գրեցինք՝ սա և սա, դա չի նշանակում, որ ուրիշ երկրները դա հիմք են վերցնելու և վաճառելու: Այս համատեքստում անդրադառնամ ՀՀ երրորդ նախագահի հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ զարգացման պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, ես ինչքան հասկացա՝ իր ասածը 2018-2024 թվականների պլանի վերաբերյալ էր, մինչդեռ որքան ես եմ հիշում, այդ գումարը մեկ տարվա պլանի համար էր: Այդքան է մեզ անհրաժեշտ եղել: Իմ ժամանակով մենք կարողացել ենք պլանավորել այն գումարը, որը ֆինանսական ծրագրերով հատկացված է եղել»,- ասաց ԳՇ նախկին պետը:
Լրացմանը՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, մենք գնե՞լ ենք այս ժամանակահատվածում անօդաչու սարք և ի՞նչ նշանակության, Արտակ Դավթյանն ասաց, որ գնել են հիմնականում հետախուզական բնույթի:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ բանակում կառավարման մոդելն իշխանությունները ցանկանում են փոխել, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նոր մոդելով ԳՇ պետը կլինի պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում, և զորքն ուղիղ նրան չի ենթարկվի, այլ՝ նախարարին: Նույնիսկ տեսակետներ կան, որ իշխանությունները փորձում են այս կերպ ազատվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, քանի որ նա թույլ չի տալիս բանակը խառնել ներքաղաքական զարգացումներին:
ԳՇ նախկին պետն այս խոսակցություններից տեղյակ չէ, մի բան պարզ է՝ հարցը լրջագույն ուսումնասիրություն է պահանջում:
«Հարց է առաջանում՝ պաշտպանության նախարարն այս դեպքում լինելու է զինվորակա՞ն, թե՞ քաղաքացիական անձ: Ես չեմ ուզում խոսակցությունները մեկնաբանել, եթե կլինի կոնկրետ հարց, այդ ժամանակ կքննարկենք: Միգուցե շատ լավ գաղափար է, և չեն կարողանում ներկայացնել: Կամ այդ գաղափարից կտորներ, հատվածներ են սարքել և հիմա շահարկում են այլ տեսանկյունից: Օրինակ, երեկ հարցազրույց լսեցի, որ դա ուզում են անել Օնիկ Գասպարյանին հեռացնելու նպատակով: Գաղափարը պետք է հանգիստ պայմաններում հասկանան, խորհրդակցեն, քննարկեն և նոր որոշում կայացնեն, գուցե մասնագիտական քննարկումներ լինեն: Մինչև գաղափարը չներկայացնեն, այն շահարկելը ճիշտ չէ: Մեծ հաշվով, գործող կարգը վատը չի, ուղղակի պետք է որոշակի հստակություն մտցնել գործառույթների մեջ: Այսինքն, պետք է յուրաքանչյուր օղակի պարտականությունները և պատասխանատվությունները հստակ տարանջատվեն՝ խաղաղության և պատերազմի պայմաններում: Օրինակ, պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, բայց որոշ հարցերով՝ պաշտպանության նախարարին: Հիմա ի՞նչ է նշանակում՝ «որոշ հարցերով»: Օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ նման հարաբերություններում»,- եզրափակեց գեներալը:
Հավելենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ը, որը վերաբերում է ԶՈւ ղեկավարմանը, սահմանում է.
«1. Զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո:
2. Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
3. Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը: Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»: