ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters
ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը նախատեսում է 300 միլիարդ դոլար ծավալով մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծում, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան կեսն արդեն ապահովված է ներդրողների պարտավորություններով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հիմնադրամը կոչված է դառնալու տնտեսական խթան՝ կողմերի միջև վերջնական գործարքի ստորագրման համար։ Նշվում է, որ այս ֆինանսական մեխանիզմը չի ենթադրում պետական ֆինանսավորման կամ դրամաշնորհների օգտագործում, միջոցները կտրամադրվեն մասնավոր հատվածի կողմից։ Հրապարակման մեջ ասվում է, որ որպես ներդրողներ հանդես են գալիս ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի ընկերությունները։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ հիմնադրամը կսկսի գործել միայն վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։ Ակնկալվում է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կսահմանի գործընթացի կառուցվածքը առաջիկա 60 օրվա համար, որի ընթացքում հիմնադրամի ադմինիստրատորները կաշխատեն իրանական կողմի և ներդրողների հետ՝ նախագծերի պլանավորման ուղղությամբ։ Նախնական գնահատականների համաձայն՝ խոսքը էներգետիկայի, լոգիստիկայի, արտադրության և տրանսպորտի ոլորտներում ներդրումների մասին է։

