Սահմանադրությամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում ԶՈՒ կիրառման մասին որոշումը կայացնում է վարչապետը, մյուս կողմից՝ միայն պատերազմի ժամանակ է վարչապետը գերագույն հրամանատար. Մարտիկ Մարտիրոսյան
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո քննարկման առարկա դարձավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գերագույն հրամանատար լինել-չլինելու կամ դրա օրինականության հարցը, այլև պատերազմական իրավիճակներում առհասարակ օրենքի անկատարության խնդիրը, ինչի մասին խոսել են նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարությունից:
Օրինակ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի Զինված ուժերի ղեկավարմանը վերաբերող հոդված 16-ում, մասնավորապես, նշվում է.
«1. Զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո:
2. Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
3. Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:
Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»:
Թե կոնկրետ ի՞նչ չկարգավորված կամ որոշ հարցերի մասին է խոսքը, հստակ չի նշվում: Մի առիթով 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նկատել էր, որ «օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ նման հարաբերություններում»:
Հավելենք, որ պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել էր, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։
«Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»,- մանրամասնել էր նա:
Տոնոյանը նաև նշել էր, որ պաշտպանության նախարարը դուրս էր ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահված են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։
168.am–ն այս հարցերի շուրջ զրուցել է զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի հետ՝ նաև պարզելու՝ արդյո՞ք լրացուցիչ ռիսկ է պարունակում այն, որ մի կողմից՝ ԳՇ պետը համարվում է ամենաբարձր զինվորական պաշտոնյան, մյուս կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը:
«Այդ մասով էական տարբերություն չեմ տեսնում, նախարարի տեղակալ համարվելն ինքնին չի սահմանափակում զինվորականի իր լիազորությունների իրականացումը։ Եվ անգամ այսօր ԳՇ պետը զինվորական պաշտոնյա է, իսկ նախարարը՝ քաղաքական։ ՀՀ սահմանադրության հոդված 155-ը սահմանում է.
«1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:
2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:
3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:
5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:
Մի կողմից, նշվում է, որ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը, և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին: Այսինքն, անգամ անհետաձգելի դեպքերում բարձրագույն զինվորական պաշտոն զբաղեցնող անձը չի առաջարկում զինված ուժերը կիրառելու մասին, այլ նախարարը:
Մյուս կողմից՝ ասվում է, որ միայն պատերազմի ժամանակ է վարչապետը գերագույն հրամանատարը, իսկ խաղաղ ժամանակ, չլինելով գերագույն հրամանատար, նախարարի առաջարկությամբ որոշում է կայացնում զինված ուժերի կիրառման մասին: Այս դեպքում, իմ կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի, որ և՛ պատերազմի, և՛ խաղաղ ժամանակ երկրի ղեկավարը լինի գերագույն հրամանատարը: Երևի նրանից է, որ ես նախագահական կառավարման կողմնակից եմ»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:
Հավելենք, որ նման առաջարկ արել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և՛ 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում, և՛ դրանից առաջ հոդվածի տեսքով:
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների անհրաժեշտությանն առնչվող իր հոդվածում նա, մասնավորապես, նշել էր.
«Առաջին խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխություններով շարունակում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:
Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա՝ այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար։
Հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը»): Ի՞նչ է նշանակում՝ «համակարգում է», և արդյո՞ք նշված լիազորությունն իրականացվելու է և՛ պատերազմի չհայտարարման, և՛ ռազմական դրության հայտարարման դեպքում, երբ որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ: Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը»:
Այստեղ, իհարկե, և՛ կառավարման մոդելի նախընտրության հարց է, և՛ առաջին հերթին պետք է ունենալ այնպիսի երկրի ղեկավար, որին կարող ես դե յուրե վստահել երկրի անվտանգությունը նաև խաղաղ պայմաններում, այսպես ասած: Մյուս կողմից, պատերազմից հետո, ռազմական դրության պայմաններում, խաղաղ պայմաններում Նիկոլ Փաշինյանը զորքի հետքաշման հրամաններ է տվել, և գուցե այս դեպքում դե յուրե լուծվի նրա պատասխանատվության հա՞րցը: Չմոռանանք նաև, որ Փաշինյանը պատերազմի օրերին մեկ մոդերատոր էր, մեկ՝ գերագույն հրամանատար: Իսկ 44-օրյա պատերազմի ելքի համար որևէ քաղաքական կամ արտաքին քաղաքական պատասխանատվություն չի եղել, սլաքը միայն զինվորականության կողմն է եղել, սա չի նշանակում, որ 2020 թվականի պատերազմի արդյունքների ռազմական գնահատական չպետք է լինի, բայց բանակի գործողություններին չպետք է տրվի քաղաքական գնահատական:
Իսկ 2023 թվականին իր հայտարարության մեջ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, մասնավորապես, շեշտել էր.
«Պատերազմի ընթացքում յուրաքանչյուր օղակի հրամանատարի գործունեությանը գնահատական տալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել օպերացիայի կամ մարտի ընթացքի և ելքի վրա հստակ ազդեցություն ունեցած գործոնները, մասնավորապես՝ հակամարտող կողմերի ուժերի և միջոցների քանակական և որակական հարաբերակցությունը, անձնակազմի կորուստների վերականգնման հնարավորությունները, սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութական միջոցների ծախսի և կորուստների վերականգնման հնարավորությունները, նորմատիվ-իրավական բազայի համապատասխանությունը ժամանակակից պատերազմների վարման ընթացքում զորքերի գործողություններին աջակցելու և խնդիրների կատարմանը նպաստելու առումով, պետական կառավարման համակարգի համապատասխանությունը պատերազմի վարման ընթացքում իրադրության փոփոխություններին օպերատիվորեն արձագանքելու առումով և այլն:
Վերջիվերջո, պետք է հասկանալ՝ կարո՞ղ էր հրամանատարը տվյալ պայմաններում խնդիրը կատարել, թե՞ ոչ: Ու շատ կարևոր է օբյեկտիվորեն պարզել և հստակ տարանջատել թերություն և հանցանք հասկացությունները: Իրավական ոչ օբյեկտիվ գնահատականները ճակատագրական նշանակություն են ունենալու մեր զինված ուժերի թե՛ գործող, և թե՛ ապագա հրամանատարական կազմի համար: Այդ գնահատականներից է կախված լինելու՝ վճռական, նախաձեռնող, ստեղծագործ մոտեցում ցուցաբերող հրամանատարներ կունենա՞նք, թե՞ ոչ»:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ևս այն կարծիքին է, որ հրամանատարների կայացրած որոշումը քրեականացնելն ապօրինի է:
«Հրամանատարի որոշումը քննարկման ենթակա չէ, նաև՝ իր վերադասի կողմից, եթե վերադասն այդ որոշումը հաստատել է»,- ընդգծել է գեներալը:
Ըստ նրա՝ եթե այսօր ճիշտ գնահատական չտրվի, ապա հետագայում հնարավոր չի լինի գտնել որոշում կայացնող հրամանատար, որովհետև նրանք վախենալու են, որ իրենց կայացրած որոշումը՝ արդյո՞ք դա իրեն տանելու է բանտ, թե՞ մեկ այլ տեղ: Սա առանձին քննարկման թեմա է, և ոչ միանշանակ գնահատականի:
Իսկ հոդվածի բուն թեմայի համատեքստում զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նաև հավելեց, որ զինվորական և ընդհանրապես անվտանգության ոլորտի օրենսդրությունը, այդ թվում՝ զինված ուժերի կառավարման և կիրառման կարգը, նաև՝ ենթակայությունը սահմանող իրավանորմերը պետք է լինեն խիստ որոշակի և որևէ տարընթերցումների տեղիք չտան։
«Եթե այլ ոլորտների օրենսդրության կիրառման ընթացքում կարող է ձևավորվել նաև դրա մեկնաբանությունը, ապա զինվորական օրենսդրության պարագայում ցանկացած տարընթերցում կարող է հանգեցնել ծանր հետևանքների»,- եզրափակեց նա: