Էդվարդ Ասրյանը շարունակում է փրկել Փաշինյանի քաղաքական դեմքը

Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին դարձյալ տվել են, իր իսկ խոսքով, ռազմավարական օպերատիվ նշանակության հարցը՝ գնացի՞ն Ջերմուկ ներխուժած «սոված» ադրբեջանցիները:

«Պուբլիկայի» դիմաց Ասրյանը հրաժարվել է պատասխանել դրան և առաջարկել է այդ հարցն այլևս իրեն չտալ, որովհետև, ինչպես արդեն նշեցինք՝ ռազմավարական օպերատիվ նշանակություն ունի:

Հակադարձմանը, որ ինքն է անձամբ հայտնել, որ Ջերմուկում շրջափակման մեջ մնացած ադրբեջանական խումբ կա, որոնք պիտի հեռանային ունեցած պաշարների սպառումից հետո, Ասրյանը հիշեցրել է, որ դա ասել է 2022 թվականին, իսկ հիմա 2024 թվականն է, այնուհետև հպարտ տոնով շեշտել, որ ադրբեջանցիները դեռ այնտեղ են:

Իսկ թե ինչու հետ չեն գնացել՝ հարցին, Գլխավոր շտաբի պետն արձագանքել է. «Դուք ուզում եք ասել, որ ԳՇ պետը պետք է զենքը վերցնի, գնա այնտեղից հանի, ճիշտ հարց չեք տալիս ինձ»:

Կարդացեք նաև

Գլխավոր շտաբի պետի տրամաբանությամբ ստացվում է՝ եթե մի տեղեկության հանրայնացումը թույլատրելի էր 2022-ին, 2024 թվականին կարող է թույլատրելի չլինե՞լ: Իսկ իրականում գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների նշանակությունը չի կարող 2 տարում փոխվել:

Եվ եթե 2022 թվականին Էդվարդ Ասրյանը ճիշտ է գտել հրապարակայնացնել Ջերմուկում ադրբեջանական խմբերի շրջափակման մեջ լինելու փաստը, ապա ժամանակին պետք է հստակ պատասխան տրվեր՝ ինչ եղան նրանք:

168.am-ը դեռ 2022 թվականին էր գրել, որ ԳՇ պետը նախ չպետք է նման հայտարարություն աներ, իսկ եթե արել է, ապա Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը պետք է ժամանակին մասնագիտական պատշաճ բացատրություն տար՝ թեկուզ ՊՆ խոսնակի միջոցով:

Իսկ ի՞նչ հայտարարություններ էր արել Էդվարդ Ասրյանը 2022-ին:

Սեպտեմբերյան մարտերից հետո՝ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցել էր Ջերմուկ քաղաք:

Օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպում-բրիֆինգի ժամանակ Էդվարդ Ասրյանը հայտնել էր, որ հակառակորդը Ջերմուկի հատվածում մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, և, որ այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով:

Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տեղեկացրել էր, որ ադրբեջանական որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են ՀՀ ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, ավելին՝ շրջափակման մեջ:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Էդվարդ Ասրյանը մանրամասներ էր հայտնել շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական խմբի մասին՝ նշելով.

«Մեկ խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ սնունդ, ջուր, լինի հատուկ պատրաստված ստորաբաժանում, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից: Այսինքն, մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա: Չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք, ներկա դրությամբ էլ չկան, իրենք չեն կարողանում ապահովել իրենց սնունդն ու ջուրը: Եվ իր կենսունակությունը կորցնելով, խումբը հետ կքաշվի և կմիանա Ջերմուկի մատույցներից առավել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց ստորաբաժանումներին: Հակառակորդի մեկ խումբը 10-12 զինծառայող է, ոչ ավելի»:

Սեպտեմբերի 16-ից հետո ավելի քան մեկ ամիս լրատվամիջոցները փորձում էին գրավոր և բանավոր տարբերակներով ՊՆ-ից տեղեկանալ՝ ի՞նչ եղավ Ջերմուկում շրջափակման մեջ հայտնված խումբը: Բայց ոչ մի բան պարզել չէր հաջողվում, որովհետև գրավոր հարցերին պատասխանում էին՝ գաղտնիք է, այլև, երբ լրատվամիջոցներում իրենց աղբյուրներից ինչ-որ վարկածներ էին շրջանառվում ադրբեջանական խմբի հետքաշման մասին, ՊՆ-ն փորձում էր ինչ-որ կերպ հերքել, մինչդեռ իրականում այն ավելի շատ հարցեր էր առաջացնում:

Բայց 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Էդվարդ Ասրյանն ԱԺ-ում ստիպված եղավ ինչ-որ կերպ պատասխանել շրջափակման մեջ եղած ադրբեջանական խմբի հետ կապված հարցին:

«Հակառակորդի ստորաբաժանումները տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել»,- ասել էր նա:

Հարցին՝ ինչո՞ւ խմբի անդամները չեն գերեվարվել, ԳՇ պետն արձագանքել էր՝ հակառակորդին գերեվարելու համար պետք է ընդհուպ նրանց մոտենալ՝ մեր զինծառայողների կյանքի գնով, որին չեն գնացել:

«Համապատասխան դիրքային փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Եվ ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը»,- հավելել էր Ասրյանը, որը խոստանում էր, որ հայկական կողմի հմուտ գործողությունների արդյունքում են հեռանալու:

Թե ինչ էր ենթադրում ի սկզբանե «հմուտ գործողություն» ասվածը՝ հայտնի չէ, արդյոք փոխհրաձգությունը մտնո՞ւմ էր դրա մեջ, թե՞, ինչպես ոմանք 2022-ին մտածում էին՝ գուցե թիկունքից ճանապարհ են կառուցել և… Հնարավոր է՝ ադրբեջանական ջոկատի անդամներից հետ քաշված լինեն: Սակայն փաստ է՝ շրջափակման մեջ մնացածն ադրբեջանական միակ խումբը չէր, և եթե նրանք հետ քաշված էլ լինեին, միևնույն է՝ ադրբեջանական զինուժը շարունակելու էր մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում:

Իսկ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վերը նշված թեմայի համատեքստում հարց էր հնչել առհասարակ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքի հեռացման մասին:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ չեն պատրաստվում ռազմական ճանապարհով ադրբեջանական զորքը հեռացնել ՀՀ ինքնիշխան տարածքից կամ ՀՀ օկուպացված տարածքները վերադարձնել:

«Հայաստանն արձանագրել է, որ իր իսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական և օրինական հենքերի վրա»,- ասել էր Փաշինյանը:

Լրագրողները Գլխավոր շտաբի պետին շատ ուղիղ հարց են տվել՝ համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ, ինչին, իհարկե, նա տրվել է դրական պատասխան:

Պարզ էր՝ ԳՇ պետը, ով էլ լիներ, չէր կարող ասել՝ համաձայն չէ երկրի ղեկավարի հետ, այն էլ՝ նման ուղիղ հարցադրման դեպքում, մյուս կողմից՝ Ասրյանը չէր կարող ռազմական ճանապարհով դրանք հետ բերելու մասին հայտարարություն անել՝ ելնելով մի շարք հանգամանքներից:

Այլ հարց է, որ Գլխավոր շտաբի պետը, լինելով զինվորական պաշտոնյա (ով, ի դեպ, իրավունք չի ունենալու փոխարինել ՀՀ պաշտպանության նախարարին՝ լինելով նրա տեղակալը, քանի որ դա վերապահված է ոչ զինվորական տեղակալներին), կարող էր հարցին պատասխանելիս լինել ավելի ճկուն և չփորձեր քաղաքական գործընթացների մեջ մտնել և փրկել Նիկոլ Փաշինյանին:

«Միանշանակ ես համաձայն եմ մեր վարչապետի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում: Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»,- շեշտել է ԳՇ պետ Ասրյանը՝ մոռանալով, որ ՀՀ սահմանադրությամբ զինված ուժերի առաջնային պարտականությունն է՝՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Այսինքն, զինված ուժերը նախ պետք է կարողանային կանխել ադրբեջանական ներխուժումները, եթե եղել են խոչընդոտներ, ապա պետք է վերացներ դրանք, եթե դրանք քաղաքական պահանջների տեսքով են, պետք է հստակ ասվի:

Չմոռանանք, որ 2022 թվականի Գլխավոր շտաբը՝ ի դեմս այն ժամանակ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի, պատրաստ էր պահել Փաշինյանի նշած՝ 29.800 քկմ-ն, հիմա այդ թիվը Փաշինյանն իջեցրել է՝ դարձնելով 29.743 քկմ, վաղը գուցե դա դե ֆակտո ավելի փոքր թիվ լինի:

Դեռ չենք ասում, որ սահմանազատման գործընթացում կարծես թե ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքի հեռացման հարց հստակ դրված էլ չէ, ավելին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս այն համարել էր «մանրուք», Փաշինյանն էլ՝ սադրիչ: Սրանում, մեծ հաշվով, ամուր վստահություն չունի նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Գլխավոր շտաբի պետը տեղյակ չէ՞ այս հայտարարությունների մասին, և դրա համա՞ր է այդքան վստահ, որ սահմանազատման գործընթացի արդյունքում օկուպացված տարածքների վերականգնման հասնելու են, թե՞…

2022 թվականից հետո ադրբեջանական զորքերի հետքաշման և օկուպացված տարածքների վերադարձի առումով որևէ փոփոխություն չկա, ինչո՞ւ Էդվարդ Ասրյանը խոսափողների առաջ խոստովանության ենթակա չի համարել այս մասին խոսելը: Գուցե դրա համար լուրջ պատճառնե՞ր ունի:

Հարցը, ըստ էության, իր պատասխանատվության դաշտում է, սակայն ԳՇ պետը հիշեցրել է իրավապահների մասին։ Իսկ հետո ակնարկել է՝ սահմանների անվտանգության համար միայն ինքը չէ, որ պատասխանատու է:

Հակադարձմանը՝ պաշտպանության նախարա՞րը, Ասրյանն արձագանքել է՝ բոլորը, այսինքն, ընդունել է պաշտպանության նախարարի պատասխանատվության չափը:

Հարց՝ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի կարծիքով՝ ով որքանո՞վ է թերացել իր պարտականությունների մեջ, ով որքանո՞վ է պատասխանատու տարածքային կորուստների և տարածքների անվտանգության հարցում ներկա իրավիճակի համար:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ասրյանն ակնարկել է, որ չի պատրաստվում միայնակ պատասխան տալ տարածքային կորուստների համար, հատկապես, երբ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ ոչ մի թղթի տակ Փաշինյանի ստորագրությունը չկա, ուստի ամբողջ պատասխանատվությունը մնալու է բանակի վրա:

Ինչ վերաբերում է էսկալացիայի հնարավորությանը, ապա Գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել է՝ այս պահին էսկալացիայի վտանգ չկա, իսկ երբ լրագրողները հիշեցրել են հունիս ամսին ներկայացված Արտաքին գործերի նախարարության գնահատականը, որ՝ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար», Էդվարդ Ասրյանն ասել է, որ նման կանխատեսում արվել է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, և, որ COP29 գագաթաժողովից հետո ասվածը կարող է ենթադրել 6 ամսից  1 տարի:

Այսինքն, ներկա փուլում ռազմական էսկալացիայի վտանգ չկա, սակայն ինչ-որ փուլում կարող է և լինել, եթե, օրինակ, Ադրբեջանի ինչ-ինչ պահանջներ չբավարարվեն:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մի առիթով հայտարարել է. «Եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով, ցավոք, մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»:

Իսկ եթե առաջնագծում այս պահին պատերազմական սպառնալիք արձանագրելու ռազմական իրողություն չկա, դա չի նշանակում, որ դրանք չկան՝ սկսած Ադրբեջանի ռազմական բյուջեի շոշափելի ավելացումից (ընդ որում, վերջին պահին, որը պայմանավորվեց Հայաստանի զինմամբ) մինչև ժամանակակից սպառազինությամբ զինում:

Ի վերջո, 2020-ին 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ 2 տարվա Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների արդյունքում «հաստատված հրադադարից» հետո, և արդեն պատերազմի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ Փաշինյանը պայմանավորվածություն էր խախտել: Իսկ այսօր Ալիևի դեռ ոչ բոլոր պահանջներն են կատարված…

Տեսանյութեր

Լրահոս