Մտահոգիչ երևույթներ, որոնք կառավարությունը չտեսնելու է տալիս

Արդյունաբերության ու հատկապես մշակող արդյունաբերության խոր անկման պայմաններում, այս տարվա առաջին եռամսյակում պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում 5,2 տոկոս տնտեսական աճ է արձանագրել։ Սա այն եզակի դեպքերից է, երբ տնտեսական աճն ավելի բարձր է եղել, քան տնտեսական ակտիվության աճը։

ՏԱՑ-ը կազմել է 4,1 տոկոս, իսկ տնտեսական աճը՝ 5,2 տոկոս։ Սովորաբար հակառակն է լինում՝ տնտեսական ակտիվության աճն ավելի բարձր է լինում, քան տնտեսական աճը։ Բայց քանի որ Հայաստանի տնտեսության մեջ վաղուց արդեն ամեն ինչ խառնվել է իրար, սրանից էլ պետք չէ զարմանալ։

Տնտեսական աճի արձանագրվող ցուցանիշների հետևում մեր տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվել։ Տնտեսությունն աճում է, սակայն նյութական արժեքներ գրեթե չեն ստեղծվում։ Արդյունք ապահովող ու արժեք ստեղծող տնտեսության երկու առանցքային հատվածներ՝ մշակող արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, գտնվում են խոր անկման մեջ։ 5,2 տոկոս աճ ապահոված տնտեսության մեջ մշակող արդյունաբերությունն արձանագրել է՝ 21,1 տոկոս, իսկ հանքարդյունաբերությունը՝ 10,5 տոկոս անկում։

Սրանք տնտեսության այն ճյուղերն են, որոնք պիտի ավելացված արժեք ապահովեին, արտահանման ու հետագա տնտեսական զարգացումների համար պոտենցիալ ստեղծեին, որպեսզի հասարակությունն էլ զգար տնտեսական աճի ազդեցությունը։ Բայց դրանք խորքային անհարմարությունների առաջ են, հետընթացի մեջ են։ Այստեղից էլ գալիս են մեր տնտեսության հիմնական խնդիրները՝ ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում։

Կարդացեք նաև

Առանց արդյունաբերության ու հատկապես վերամշակող արդյունաբերության արտադրանքի, դժվար է պատկերացնել արտաքին ու ներքին շուկաներում տնտեսության կշռի ավելացումը, իրացման հնարավորությունների ընդլայնումը, դիմադրողականության բարձրացումը։ Այն, որ հաճախ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են արտաքին շուկաներում հայկական ապրանքներն առաջ մղելու, եվրոպական շուկաները «նվաճելու», արտահանումը դիվերսիֆիկացնելու մասին, նախ պետք է մտածեն այս խնդիրները լուծելու մասին։

Բայց ինչպես տեսնում ենք, լուծելու փոխարեն՝ չտեսնելու են տալիս։ Արդյունքում՝ դրանք մի բան էլ խորանում են, տնտեսությունն ավելի խոցելի է դառնում։ Թվում է, թե աճում է, բայց տակը դատարկ է։

Տնտեսական աճն այնպիսի ոլորտների վրա է, որտեղ ուղղակիորեն նյութական արժեքներ չեն ստեղծվում։

Ահավասիկ՝ ֆինանսական հատվածը, մասնավորապես՝ բանկային համակարգը. Տարեսկզբին ամենաբարձր աճն արձանագրվել է հենց այստեղ։ Աճը կազմել է 27,5 տոկոս։

Թե ֆինանսական հատվածում ինչի՞ արդյունքում է աճ տեղի ունենում, վաղուց արդեն նորություն չէ։ Մի կողմից՝ բանկային փոխանցումներն են, մյուս կողմից՝ վարկերը։ Որքան քաղաքացիներն ավելի շատ են խրվում վարկերի տակ, այնքան ֆինանսական համակարգում բարձր աճեր են գրանցվում։ Սրա հետևանքներն անհամեմատ ավելի մեծ են, քան ստեղծվող ավելացված արժեքն ու արդյունքը։

Հաջորդը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, շինարարությունն ու, ինչպես միշտ, առևտուրը։

Տնտեսության այս ճյուղերում ևս նյութական արժեքներ գրեթե չեն ստեղծվում։ Գիտենք, թե ինչպես է աշխատում ՏՏ-ն. Զբաղված է հիմնականում դրսի շուկաների համար ծառայություններ մատուցելով ու սպասարկելով։ Հայաստանի տնտեսության հետ այն առարկայական կապ գրեթե չունի։

Առևտրի ոլորտում նյութական արժեքներ ստեղծելու մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։ Ու չնայած դրան՝  հատկապես այդ ոլորտն է դարձել մեր տնտեսության աճի ապահովման շարժիչը։ Տարեսկզբին արձանագրված տնտեսական աճին ամենամեծ նպաստումն ունեցել են առևտուրն ու ծառայությունները։

5,2 տոկոս համախառն աճին առևտուրն ու ծառայությունները նպաստել են 6,4 տոկոսային կետով։

Սա խոսում է տնտեսության կատաստրոֆիկ կառուցվածքի մասին։ Աճի ապահովումը կենտրոնացած է գերազանցապես մի ճյուղի վրա. այդ ճյուղն առևտուրն ու ծառայություններն են։ Առևտրի ու ծառայությունների դերը Հայաստանի տնտեսական աճի գործում միշտ էլ մեծ է եղել, բայց հաճախ չի պատահում, երբ դրա նպաստումն ավելի մեծ լինի, քան արձանագրվող տնտեսական աճը։

Շինարարությունը, որը, հայտնի պատճառներով, վերջին տարիներին մշտապես եղել է երկնիշ աճի տիրույթում, այս տարվա սկզբին էլ պահպանել է այդ միտումը, տնտեսական աճին նպաստել է ընդամենը 0,52 տոկոսային կետով։

Հիշեցնենք՝ առևտրի ու ծառայությունների նպաստումը եղել է 6,4 տոկոսային կետով։

Գյուղատնտեսության, այդ թվում՝ անտառային տնտեսության, ձկնաբուծության և հարակից մյուս ճյուղերի դերն ավելի փոքր է եղել տնտեսական աճին նպաստելու գործում։ Կազմել է ընդամենը 0,28 տոկոսային կետ։

Դեռ լավ է, որ գյուղատնտեսությունն այդքան էլ նպաստել է, տնտեսության ամենակարևոր հատվածում նույնիսկ դա էլ չկա։ Խոսքն արդյունաբերության մասին է։

Արդյունաբերության, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի արտադրության նպաստումը տնտեսական աճին բացասական է 2,2 տոկոսային կետով։ Եվ դա տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունենում տնտեսության այս ճյուղում։

Արդյունաբերությունը երկնիշ անկման մեջ է, այնինչ՝ այնպիսի ճյուղերում է աճ գրանցվում, որոնք, եղած-չեղած, մի հաշիվ են։ Տնտեսությունն արտաքուստ աճում է, բայց արտադրական հատվածի դիրքերը գնալով թուլանում են, ինչը մեծացնում է տնտեսության խոցելիությունը՝ արտաքին ու ներքին մարտահրավերների նկատմամբ։ Համաշխարհային տնտեսության այսպիսի անկայունության պայմաններում՝ սրանից մեր տնտեսության ռիսկերը միայն ավելանում են։

Իշխանությունները, փոխարենն այս մասին մտածեն, քայլեր ձեռնարկեն՝ տնտեսական իրավիճակը շտկելու համար, տարիներ շարունակ առևտրի ու ծառայությունների աճերի վրա փորձում են տնտեսության զարգացման պատրանքներ ստեղծել։ Այդպիսի դրսևորումների արդյունքում են վերջին տարիներին մեր տնտեսության մեջ բարձր աճեր արձանագրվել, որոնք, սակայն, ոչինչ չեն տվել՝ ինչպես տնտեսության հիմքերի ամրապնդմանը, այնպես էլ՝ քաղաքացիների մեծ մասի եկամուտների ավելացմանը։

Տնտեսության աճերը, ինչպես այս տարի, եղել են ոչ նյութական արժեք ստեղծող ոլորտների հաշվին։ Այդ պատճառով էլ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատանալ, խոցելիությունը՝ մեծանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս