Փաշինյանը կորցնում է իր հաղթաթուղթը
Համատարած ձախողումների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես հպարտացել է, որ իրեն հաջողվել է բարձր աճեր ապահովել տնտեսության մեջ։ Մի կողմ թողնենք այն, թե դա ինչի արդյունքում է եղել, և այդ աճերի հետ ինչքան կապ ունի իշխանությունը։ Բայց այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում տնտեսության մեջ, ցույց է տալիս, որ իշխանությունը կորցնում է նաև այդ հաղթաթուղթը։
Էապես դանդաղել են տնտեսական աճի տեմպերը։ Ու որ շատ ավելի վատ է, հայ-ռուսական հարաբերությունների լարվածության հետևանքով, մեծապես ավելացել են տնտեսության ու տնտեսական աճի հետ կապված ռիսկերը։
Իշխանությունների իրականացրած քաղաքականությունը բերել է նրան, որ տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի լուրջ վտանգների առաջ։ Այդ քաղաքականության հետևանքները գնալով նկատելի են դառնում։
Պաշտոնական վիճակագրության տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է ընդամենը 4 տոկոս։
Սա ամենացածր աճն է, որը գրանցվել է 2021թ. հետո։ 2022թ. այն կազմել էր 8.6 տոկոս, 2023թ.՝ 12.1 տոկոս, 2024թ.՝ 9.2 տոկոս, 2025թ.՝ 5.2 տոկոս։
Տնտեսության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցել է առևտուրն ու ծառայությունները՝ հասնելով ՀՆԱ գրեթե 68 տոկոսին։ Արդյունաբերությունը, ներառյալ՝ էներգետիկան, ունեցել են ընդամենը 16-17 տոկոս մասնաբաժին։
Կրկին անկումային է եղել գյուղատնտեսությունը, ինչի հետևանքով նվազել է ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, այլև գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ։ Այն ապահովել է ՀՆԱ ընդամենը 3.1 տոկոսը՝ նախորդ տարվա 3.6 տոկոսի փոխարեն։
Նվազել է նաև մշակող արդյունաբերության կշիռը՝ նախորդ տարվա 7.8 տոկոսից իջնելով 7.7 տոկոսի։
Վերջին տարիների տնտեսական աճերի վրա էական ազդեցություն թողած ֆինանսական ոլորտն է մտել անկման փուլ։ Անկումը կազմել է 13 տոկոս, ինչի հետևանքով նվազել է այդ հատվածի կշիռը տնտեսության մեջ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինն էլ է նվազել՝ 7.1-ից դառնալով 6.9 տոկոս։
Առաջին եռամսյակում արձանագրված 4 տոկոս տնտեսական աճին ամենամեծ մասնակցությունը, ինչպես միշտ, բերել է առևտուրը, որին հաջորդում է արդյունաբերությունը՝ պայմանավորված հատկապես ընդերքի շահագործման ընդլայնմամբ։ Շինարարության նպաստումը եղել է շուրջ 0.7 տոկոս, իսկ գյուղատնտեսությունը բացասական նպաստում է ունեցել։
Ինչպես նախորդ մի քանի տարիներին, տնտեսության վրա շարունակել է զգացնել տալ արտաքին գործոնների ազդեցությունը։ Բայց այն աստիճանաբար թուլանում է, ինչը տնտեսական աճի տեմպերի վրա գնալով նկատելի է դառնում։ Վերջին շրջանում այդ միտումներին ավելացել են շատ ավելի վտանգավոր երևույթներ, որոնք սպառնում են կոլապսի ենթարկել տնտեսությունը։ Հայաստանի իշխանությունների անխոհեմ քայլերն ու հայտարարությունները բերել են նրան, որ մեր տնտեսությունը կանգնել է ԵԱՏՄ առանցքային անդամ Ռուսաստանի շուկան կորցնելու ու տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ լրջորեն վտանգելու խնդրի առաջ։
Ինչի՞ վրա է ԵՄ շտապող Հայաստանի իշխանությունների հույսը, չես հասկանում։ Չնայած իշխանություններին ի՞նչ, տուժողը տնտեսությունն ու ժողովուրդն է լինելու։
Տնտեսվարողներն արդեն զգում են այդ քաղաքականության ուղղակի վնասները։
Որքան էլ բացահայտ չի ասվում, այնուհանդերձ ակնհայտ է, որ Հայաստանի փոքր ու ռուսական շուկայից չափազանց բարձր կախվածություն ունեցող տնտեսությունը ներքաշվում է Ռուսաստանի հետ, եթե կարելի է այդպես ասել, տնտեսական պատերազմի մեջ։ Պատերազմ, որը միակողմանի է և, որին դիմակայելու ոչ մի ռեսուրս Հայաստանը չունի։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը՝ Ռուսաստանը սկսել է տնտեսական սանկցիաներ կիրառել հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ։
Մայիսի 22-ից սահմանափակվեց ծաղիկների ներմուծումը, ինչի հետևանքով բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ կանգնել են իրենց աշխատանքի արդյունքը կորցնելու փաստի առաջ։ Հայաստանից արտահանվող ծաղկի շուկան առավելապես Ռուսաստանն է։ Ու նման սահմանափակումները լուրջ հարված են այդ բիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։ Հայտարարվեց, որ որակի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի հետ կապված։ Մրգերի մասսայական արտահանումը գուցե դեռ չի մեկնարկնել, բայց բանջարեղենի արտահանումն արդեն ռիսկի տակ է։
Մի քանի զգուշացումներից ու սահմանափակումներից հետո, ընդհանրապես արգելվեց «Ջերմուկի» ներկրումն ու վաճառքը ռուսական շուկայում։
Կասեցվեց նաև Հայաստանից ներմուծված՝ տարբեր ընկերությունների արտադրանք հանդիսացող այլկահոլային խմիչքների վաճառքը։
Եթե այնպես ստացվի, որ այս իրավիճակը խորանա ու ընդգրկի ոչ միայն արտահանումների, այլև ներմուծումների շղթան, ամեն ինչ շատ ավելի ծանր կլինի։
Հայկական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին, վերջին շրջանում հաճախակիացել են Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի բարձրացման վերաբերյալ խոսակցություններն ու ակնարկները։ Իսկ թե գազի թանկացումն ինչ հետևանք կթողնի տնտեսության վրա, դժվար չէ պատկերացնել։ Հատկապես որ, այսօր դրան այլընտրանք չկա։ Ոչ ոք պատրաստ չէ Հայաստան այնպիսի գնով գազ մատակարարել, ինչպիսի գնով, ԵԱՏՄ ընձեռած առավելությունների շրջանակներում, մատակարարվում է Հայաստանին։
Եթե նույնիսկ անտեսենք արտադրողների համար հիմնական շուկաներից մեկում տեղի ունեցող անցանկալի զարգացումներն ու ռազմավարական որոշ ապրանքների ներմուծումների հետ կապված հնարավոր ռիսկերը, միայն հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում առկա լարվածությունը բավական է, որպեսզի տնտեսական պրոցեսները Հայաստանում հայտնվեն կոնսերվացված վիճակում։ Իրավիճակը մեղմելու անհույս փորձեր են իշխանությունների հայտարարությունները՝ նոր երկաթուղային հանգույցներից օգտվելու հնարավորության վերաբերյալ։ Խոսքը՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ՝ Ախալքալաք-Կարս երկաթուղու մասին է, որի առնչությամբ շտապել էր բիզնեսին «աչքալուսանք» տալ Նիկոլ Փաշինյանը՝ համարելով, որ դա մեծ իրադարձություն է մեր տնտեսության կյանքում։
Իրականում ոչ մի, առավել ևս՝ մեծ իրադարձություն էլ չէ, ընդամենը Նիկոլ Փաշինյանի երևակայության արգասիքն է. Ինչքան Ադրբեջանի երկաթուղին է դարձել Հայաստանի տնտեսության ու արտահանումների փրկություն, այնքան էլ Ախալքալաք-Կարսը կդառնա։ Եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ Ախալքալաք-Կարսը արտահանման նոր ճանապարհ է դեպի եվրոպա, այդ հնարավորությունը տնտեսությունը չի կարող իրացնել, որովհետև տնտեսությունը նման պոտենցիալ չունի եվրոպական շուկաներում հայտնվելու համար։ Առավել ևս՝ չի ունենա այն ժամանակ, երբ էներգակիրների գների բարձրացմամբ պայմանավորված՝ էլ ավելի կորցնի մրցունակությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



