Մոդին և Թրամփը G7-ի շրջանակում հավանաբար կհանդիպեն՝ քննարկելու առևտրի և վիզաների հարցերը. Reuters
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում, հավանաբար, երկկողմ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, օրակարգում կլինեն առևտուրը, վիզաները և էներգետիկ համագործակցությունը, Reuters-ի փոխանցմամբ հայտնել է Հնդկաստանի կառավարության աղբյուրը։
Հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովը կհամախմբի աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդներին, այդ թվում՝ Թրամփին, ինչպես նաև բարձր մակարդակի պատվիրակություններ այլ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից:
Մոդին պատրաստվում է իր հնգօրյա այցը սկսել հունիսի 13-ին: G7-ի հանդիպմանը մասնակցելուց հետո կմեկնի Սլովակիա:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Նյու Դելիի և Վաշինգտոնի հարաբերությունների համար զգայուն մի ժամանակահատվածում, երբ դրանք լարված են ԱՄՆ-ի կողմից հնդկական ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, ինչպես նաև Թրամփի բազմիցս հնչեցրած պնդումների պատճառով, որոնց համաձայն նա միջամտել է անցյալ տարի Հնդկաստանի և Պակիստանի միջև կարճատև հակամարտությունը դադարեցնելու համար։ Հնդկաստանը, սակայն, հերքում է այդ պնդումները։

