Փաշինյանի շփումներն  Էրդողանի ու Ալիևի հետ՝  արևմտյան հարթակում․ ի՞նչ տեղի ունեցավ Ալբանիայի մայրաքաղաքում

Այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին, որի «կնքահայրը» Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է, մասնակցեցին 47 եվրոպական երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ու այլ շատ ղեկավարներ։

ԵՔՀ վեցերորդ գագաթնաժողովին մասնակցեցին նաև Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, ինչպես նաև Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին մասնակցող ԵՄ երկրները քննարկում էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Եվրոպան պատրաստվում է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չներկայացավ Կիևի հետ Թուրքիայում  բանակցություններին, որոնք տեղի էին ունենում հենց այսօր Ստամբուլում: Տիրանայում եվրոպական առաջնորդները քննարկում էին պատժամիջոցներ, այդ թվում՝ ռուսական արտահանման սահմանափակումների կտրուկ խստացման հարցը։

«Մենք աշխատում ենք նոր պատժամիջոցների փաթեթի վրա, որը ներառում է «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցներ, «ստվերային նավատորմի» նավերի ցանկի ընդլայնում, նավթի գնի  իջեցում և, վերջապես, լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի ֆինանսական հատվածի դեմ»,- մասնավորապես ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Կարդացեք նաև

Այս պլատֆորմի հաստատումից ի վեր ՀՀ-ն մասնակցում է ԵՀՔ գագաթնաժողովներին։ Հայաստանյան հանրությունը, թերևս, լավ է հիշում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հենց այս պլատֆորմի շրջանակում կազմակերպված հնգակողմ Մակրոն-Միշել-Շոլց-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքը՝ արևմտյան այս հարթակում և Արևմուտքի հովանավորությամբ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, որից մեկ տարի անց Արցախը բռնի տեղահանվեց ու  հայաթափվեց։ Այս հարթակի կուլիսներում Փաշինյանը մշտապես ուշագրավ շփումներ է ունենում Ալիևի, էրդողանի ու նրանց հարող շրջանակների ընկերակցությամբ։

Այսօր ևս բացառություն չէր։ Ալբանիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵՀՔ վեցերորդ գագաթնաժողովի միջանցքներում Փաշինյանը ջերմ շփումներ ունեցավ թե Էրդողանի, թե Ալիևի հետ։

Այդ հանդիպումներից տարածված կարճ տեսանյութերի ձայնը խլացված է, սակայն պատկերը՝ տեսանյութերի մասնակիցների ժեստերը, ավելի քան ուշագրավ և խոսուն են։ Ակնհայտ է, որ Փաշինյանն իրեն ավելի հարմարավետ է զգում եվրոպական քաղաքական միջավայրում Ալիևի ու Էրդողանի հետ։

Ի տարբերություն Մոսկվայի, ուր օրերս Փաշինյանը մեկնել էր՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին, որտեղ Փաշինյանը իբրև թե սառը վերաբերմունք էր ցուցադրում Պուտինի ու Լուկաշենկոյի հանդեպ՝ միջոցառումներին մասնակցում էր դեմքի դժգոհ արտահայտությամբ, Ալբանիայում Փաշինյանը, ով ինքնիշխանությունից ամենաշատը խոսողներից է, դեմ չէր խոնարհվել եվրոպական չինովնիկներին ողջունելիս, ինչպես նաև անդադար ժպտալ ու դրական ժեստերով փոխանակվել Էրդողանի հետ։

Նորություն չէ, իհարկե, որ Փաշինյանը էրդողանի հետ հանդիպումների ժամանակ ունենում է առանձնահատուկ բարձր տրամադրություն։

Վերադառնալով կոնկրետ հանդիպումներին, պետք է ասել, որ կա հակիրճ պաշտոնական հաղորդագրություն Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ։

«Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը»,- ասված է ՀՀ կառավարության տարաած հաղորդագրությունում:

Սակայն տեսանյութերը Փաշինյան-Ալիև, Փաշինյան-Էրդողան հանդիպումներից ավելի ինֆորմատիվ էին, քան այս հաղոդրագրությունը։ Դրանցից  պարզ է դառնում, որ Ալբանիայում Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպում է ունեցել կարճ՝ ոտքի վրա, Ալիևի հետ զուգահեռ, որից հետո Էրդողանն ու Ալիևն առանձնանում են հանդիպումը շարունակելու նպատակով։

Մեկ այլ տեսանյութում էլ երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը շփվում են փոքր սեղանի շուրջ, որին կարճ ժամանակ անց ավելանում է սուրճը, այս հատվածում տեսանելի է, որ ակտիվ խոսողը Փաշինյանն է, իսկ որոշ ժամանակ անց էլ խոսակցությանը միանում են հայկական կողմից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև դրանից ժամեր անց՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեցին, որ կողմերի միջև կա շփում, Միրզոյանը նույնիսկ օպտիմիզմ էր արտահայտել, թեև ադրբեջանական կողմը շարունակում է հնչեցնել իր երկու պահանջ-նախապայմանները, այսպես կոչված, Խաղաղության   համաձայնագրի ստորագրման համար։

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե այս հանդիպման ժամանակ բեկումնային հարցեր են քննարկվել։

Ըստ նրա, սա հերթական հանդիպումն էր, սակայն շարունակում է ուշագրավ լինել այն հանգամանքը, որ կողմերը չեն հանդիպում  կամ խուսափում են Մոսկվայի հարթակներում շփվելուց։

«Էական չէ, որ Փաշինյանը մասնակցեց մոսկովյան միջոցառումներին, ամեն դեպքում միտումն այն է, որ եթե հանդիպում են, ապա դա տեղի է ունենում արևմտյան հարթակներում, ես կասեի՝ հակառուսական, քանի որ ողջ դիսկուրսն այդ հարթակներում հակառուսական է, և Ռուսաստանի դեմ ճնշումների հարցը։ Չնայած պետք է նաև ուշադրություն հրավիրել այն  հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն ակտիվ քննադատում է ԵՄ-ին, ԱՄՆ-ին։ Եվ չնայած այդ ամենին, ԵՄ բարձր ներկայացուցիչը վերջերս այցելել էր Ադրբեջան, պատրաստվում է նաև այցին ՀՀ։

Ուշադրություն հրավիրեմ նաև այն հանգամանքի վրա, որ Տիրանայում Ալիևն ու Փաշինյանն առանձին-առանձին հանդիպեցին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Այս հանդիպումների օրակարգում կարգավորումն էր և ապաշրջափակումը։ ԵՄ-ն չի կարողանում ցույց չտալ իր շահագրգռվածությունն այս հարցում և շտապում է»,- ասաց վերլուծաբանը։

Ուստի, ըստ Տարասովի, ելնելով ԵՄ այդ շահերից ու հետաքրքրություններից, կարելի է ասել, որ բնական է այն, ինչ տեղի ունեցավ Ալբանիայում։

«ԵՄ-ն ցանկանում է կարգավորում, որպեսզի հետագայում իր տնտեսական շահերը կարողանա առաջ մղել, սակայն արդյո՞ք ԵՄ-ի համար մշտապես կանխատեսելի են հարավկովկասյան և միջինասիական զարգացումները, կարծում եմ՝ ոչ այնքան։ Ուստի պետք է շարունակենք հետևել իրավիճակին»,-նշեց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս