Փաշինյանը ճնշում է գործադրում ոչ միայն ռուսական բիզնեսի, այլև հայ ձեռնարկատերերի վրա, որոնք համաձայն չեն իր քաղաքականության հետ․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի գործարարի։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նշվում է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանությունում։
«2025 թվականի կեսերից Փաշինյանի թիմը հետևողականորեն հետապնդում է ռուսաստանցի գործարար և ՀՀ իշխանությունների գլխավոր քաղաքական հակառակորդ Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ազգայնացումը, ինչը, ըստ էության, ռեյդային զավթում է։ Փաշինյանի կողմից վերահսկվող ՀՀ խորհրդարանն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս նշանակել ժամանակավոր պետական կառավարիչ, սակայն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրել է այդ որոշումը և կոչ է արել ձեռնպահ մնալ այն բանից, ինչը, ըստ էության, բռնագրավում է», – նշել է Շևցովը։
Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԽ փոխքարտուղարը, Հայաստանի կառավարությունն «ընտրողական մոտեցում է ցուցաբերում միջազգային կազմակերպությունների կարծիքների նկատմամբ և մտադիր է այս հարցը մինչև վերջ հասցնել և զրկել ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդին այս ակտիվից՝ չնայած «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի բոլոր փորձերին՝ լուծելու այս հարցերը իրավական շրջանակում»։
«Ավելին, ես նշում եմ, որ ընկերությունը շահութաբեր է. դրա հարկային վճարումները երկրի բյուջե 2025 թվականին կազմել են մոտ 30 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ այն կարևոր դեր է խաղում հանրապետության էներգետիկ ոլորտում», – հայտարարել է Շևցովը։
Նա հավելել է, որ ՀՀ իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ դրանց սեփականատերերին ստիպելու համար վաճառել դրանք։
«Արձանագրում ենք նշաններ, որ հաջորդ թիրախը կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները», – հայտարարել է նա։
Շևցովը զգուշացրել է, որ «նման մարտավարությունն իսկական «հարված» կլինի Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսները տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծել հանրապետությունում և «արդյունավետորեն կառավարում են իրենց ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում»:
«Մենք նշում ենք, որ պաշտոնական Երևանը ճնշում է գործադրում ոչ միայն ռուսական բիզնեսի, այլ նաև հայ ձեռնարկատերերի վրա, որոնք համաձայն չեն Փաշինյանի քաղաքականության հետ և ընդդիմության մեջ են», – նշել է Շևցովը:
Նա, որպես օրինակ, հիշեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «խոշոր ակտիվները, որոնք բռնագրավվել են»։

