Հայկական կողմից նա ժառանգել է դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը. Vanity Fair
Vanity Fair պարբերականը մի ամբողջ հատված է հրապարակել հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանի մասին «Քաղաքացի Քիմ. կինը, որը կերտեց ապագան» (Citizen Kim: The Woman Who Created the Future) գրքից։ Գրքում խոսվում է Քարդաշյանի հայկական ծագման, հեռուստաաստղի վրա հայկական արմատների ազդեցության, նրա նախնիների և նվաճումների մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի հեղինակը Ջոնաթան Վան Միթերն է, լույս կտեսնի հոկտեմբերի 27-ին։ Այն տպագրելու է Viking հրատարակչությունը։Հեղինակը կարծում է, որ Քիմ Քարդաշյանի հաջողության հիմքում հայկական ֆոլկլյորի և ամերիկյան երազանքի միաձուլումն են։
«Ամեն ինչ սկսվեց մի մարգարեությունից՝ 19-րդ դարի կեսերին Հայաստանում ապրող 11-ամյա անգրագետ տղայի կանխագուշակումից, ըստ որի՝ տարածաշրջանի քրիստոնյաները կործանման էին դատապարտված, եթե չուղևորվեին Ամերիկայի արևմտյան ափ՝ ավելի կոնկրետ՝ Կալիֆոռնիա։ Պատանի մարգարեի անունը Եֆիմ Կլուբնիկին էր, և նա իր խոսքը պատրաստակամորեն լսողների էր գտել Քիմ Քարդաշյանի հայրական կողմի նախնիների շրջանում։ Նրանք ազգությամբ հայեր էին»,-ասվում է գրքում և նշվում, որ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանն, այդ պատմությունը բազմիցս պատմել է Քիմին, երբ վերջինս երեխա է եղել։
Հեղինակի խոսքով՝ Քիմի դեմքը պայծառանում է, երբ նա խոսում է այդ մասին․«Իմ նախապապերն ու նախատատերը… Հայաստանից էին եկել, և նրանց գյուղում մի տղա կար, որը ո՛չ կարդալ գիտեր, ո՛չ գրել։ Ասում են՝ նա տրանսի մեջ էր ընկել ու երկու նամակ գրել։ Ասել էր՝ առաջին նամակը բացեք, բայց երկրորդը՝ ոչ։ Առաջին նամակում գրված էր՝ բոլորին կկոտորեն, մեկնեք Լոս Անջելես՝ Կալիֆոռնիա… Միշտ պատմել են, որ երկրորդ նամակը չի կարելի բացել, քանի դեռ ժամանակը չի եկել, և որ մի օր մի «ընտրյալ» հայ ներքին մղում կզգա բացելու այն»։
Ջոնաթան Վան Միթերը կարծում է՝ անկախ նրանից՝ հավաստի է այս պատմությունը, թե ոչ, այն խոր իմաստ ունի այդ գյուղից սերող շատ հայերի համար. մարգարեությունն իրականացել է՝ մի քանի տարի անց տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։
Ըստ հեղինակի՝ հայկական կողմից Քիմ Քարդաշյանը ժառանգել է ոչ միայն խորհրդավորի նկատմամբ զգացողությունը, այլև դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը, ցուցադրական շքեղությունը, հմայքը, վաճառելու վարպետությունը, խորապես ընդունած ու կյանքում կիրառվող այն սկզբունքը, որ ընտանիքն ամեն ինչ է, ինչպես նաև արդարության և սոցիալական արդարության նկատմամբ բուռն նվիրվածությունը, որը բխում է նախնիների կրած հալածանքների ու մեկուսացման գիտակցումից։
Անդրադառնալով Քարդաշյանի տատիկին և պապիկին՝ նշվում է, որ Արթուր Քարդաշյանն ու Հելեն Առաքելյանը միասին են եղել 70 տարի։«Արթուրը մահացավ 2012 թվականին՝ 95 տարեկանում, իսկ Հելենն ապրեց մինչև 90 տարեկանը և մահացավ 2008-ին։ Երկուսն էլ այնքան երկար ապրեցին, որ տեսան՝ ինչպես են իրենց թոռները դառնում հեռուստաաստղեր։
Քիմը բազմաթիվ հարցազրույցներում, իր համբավի առաջին իսկ օրերից, ասել է. «Հայ լինելն իմ էության կարևոր մասն է»։ Տատն ու պապը նրա մեջ հայկական բազմաթիվ արժեքներ ու մշակութային ավանդույթներ են սերմանել։ Դա նաև նրա արտաքինի կարևոր մասն է»,-ասվում է գրքվում։

