Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպում չունեցավ

Այսօր Մոսկվայում մեծ շուքով անցկացվեցին Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակի միջոցառումները՝ զորահանդես, հարգանքի տուրք զոհերի հիշատակին, որոնց մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանը:

Նա, ինչպես ավելի վաղ խոստացել էր Պուտինի հետ հեռախոսազրույցում, մասնակցեց միջոցառումներին, սակայն Կարմիր հրապարակում ՀՀ-ն չներկայացավ զորախմբով, ինչպես մնացած ԱՊՀ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, որի ղեկավարը ներկա չէր, ի տարբերություն ադրբեջանական զորախմբի:

Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ չեղավ Փաշինյան-Պուտին որևէ շփում, կարճատև հանդիպում, ինչը բացառիկ իրադարձություն է, քանի որ ընդունող կողմը սովորաբար, թեկուզ կարճատև հանդիպումների ձևաչափով, հանդիպում է երկիր ժամանած ղեկավարների հետ:

Օրինակ՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ Պուտինի շփումը տևել էր շուրջ 7 ժամ:

Կարդացեք նաև

Ավելին, բոլոր միջոցառումներին ռուսական արարողակարգը Փաշինյանին նստեցրել էր Լուկաշենկոյի կողքին, ում հետ նրա հարաբերությունները լարված են:

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ հայկական կողմի մասնակցությունն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը և հայկական կողմի անվստահությունը, դրանով պայմանավորված քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:

Ըստ նրա, ՀՀ-ն Փաշինյանի մակարդակով մասնակցեց, սակայն, ամենայն հավանականությամբ, կցանկանար չմասնակցել, պարզապես աշխարհաքաղաքական անորոշությունը թույլ չի տալիս շարունակել լարվածությունը:

«Հայկական զորախմբի բացակայությունը Կարմիր հրապարակում, կարծում եմ, փորձ էր ցույց տալ Հայաստանի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ անվտանգային, ռազմական փոխգործակցության շրջանակում առկա խնդիրների նկատմամբ: Դա, իհարկե, Հայաստանի որոշումն է։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ ներկայացված էր զորախումբ Չինաստանից, ԱՊՀ բոլոր երկրներից: Սա, կարծում եմ, նաև պատիվ էր այն երկրների համար, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին ու կիսում են հաղթանակի դափնիները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խրամչիխինը:

Նա, չի բացառվում, որ մասնակցության նման ձևաչափը կապ ունի նաև Արևմուտքի դիրքորոշման հետ, իսկ ՀՀ-ն փորձում է ակտիվ համագործակցել Արևմուտքի հետ և չի կարող անտեսել Արևմուտքի բացասական վերաբերմունքն այս շքերթի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությանը, ապա, Խրամչիխինի խոսքով, պետք է հաշվի առնել ռուսական կողմի խիստ գրաֆիկը, ինչպես նաև հարաբերություններում առկա մթնոլորտը:

«Որքան էլ կողմերը փորձեն ցույց տալ, որ ամեն բան նորմալ է, այդպես չէ, և ժամանակ առ ժամանակ լարվածությունը հիշեցնում է իր մասին: Կարծում եմ՝ հանդիպման բացակայության համար կան խորքային պատճառներ, իսկ տեխնիկապես այն չի կայացել, քանի որ արարողակարգը չի համաձայնեցրել, այսինքն՝ ռուսական կողմը զբաղված է եղել, կամ գուցե այլ պատճառ է եղել: Սակայն, ինչպես ես եմ պատկերացնում, այն հյուրերը, որոնք ուշ-ուշ են գալիս Մոսկվա, պետք է որ հնարավորություն ունենային հանդիպելու և հարցեր քննարկելու, ինչպես մնացած շատ ղեկավարներ»,- ասաց Խրամչիխինը:

Տեսանյութեր

Լրահոս