Ինչո՞ւ ԵՄ-ն չի հուսադրում Երևանին․ եվրոպացի պաշտոնյաները շարունակում են չարձագանքել ՀՀ ԵՄ անդամակցության հեռանկարի հնարավորությանը

ԵՄ-ն շարունակում է խուսափել ՀՀ ԵՄ անդամակցության հեռանկարին անդրադառնալուց։ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չեն ստացել, երբ ստանան, կքննարկեն։

«Այդ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի, երբ լինի, կդիտարկենք», – ասել է Մարտա Կոսը։

Չհստակեցնելով՝ դիմումը ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա,, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է՝ Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում, ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունը հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա՝ այն պետք է լինի պետություն և լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք, բայց, ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար», – նշել է Մարտա Կոսը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ անցած ամիս Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: ՀՀ իշխանությունները պնդում են, որ օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին և իրենց որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ:

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու կողմից էլ զգուշավոր են հայտարարությունները ԵՄ անդամակցության հեռանկարի մասով, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով։

Նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները կարծես պատրաստ են ընթանալ ԵՄ անդամակցության ճանապարհով, սակայն նշում են, որ պատրաստ են այնքան, որքան պատրաստ է ԵՄ-ն։

«Սակայն այստեղ իրավիճակը բավականին բարդ է թե Երևանի, թե Բրյուսելի տեսանկյունից։ Բրյուսելը հստակ դիրքորոշում չի հայտնի այն դեպքում, երբ ՀՀ-ն մաս է կազմում ՌԴ ինտեգրացիոն պրոյեկտներին և պահպանում է դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։

Բացի այդ, ԵՄ անդամակցությունը երկար ու բարդ գործընթաց է։ Վրաստանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների փորձառությունը ցույց տվեց, որ այն կապ ունի բազմաթիվ խնդիրների հետ, որոնք ունեն թե աշխարհաքաղաքական, տնտեսական բնույթ, թե առնչվում են բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի ու Ռուսաստանի դիմադրության հետ։ Ուստի ԵՄ-ն, հաշվի առնելով թե ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, իր ներքին խնդիրները, թե հարավկովկասյան առանձնահատուկ խնդիրները, չի շտապում, քանի որ իրատեսական հեռանկարներ թերևս չի կարողանա տրամադրել։ Այստեղ հասկանալի է նաև Երևանի կողմից հայտի հարցում ոչ միանշանակ դիրքավորումը, քանի որ նման քայլը իր հետ ենթադրելու է հավելյալ քայլեր Ռուսաստանի դեմ՝ առանց ունենալու ԵՄ-ի կողմից հստակ արձագանք։

Բրյուսելն արդեն իսկ կարողացել է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել Երևանի հարցում, դիտորդներ տեղակայելով ԵԱՏՄ անդամ երկրում, սա իսկապես բացառիկ երևույթ էր, ինչը ցույց է տալիս աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի բացառիկությունը և այն, որ ներկայումս ստանդարտ ձևակերպումներով և մոտեցումներով հնարավոր չէ գնահատել միջազգային հարաբերություններում արձանագրվող զարգացումները։ Ուստի այս բոլոր խնդիրները միմյանց հետ կարծես կապ ունեն»,- ասաց Գոգոլաշվիլին։

Նրա կարծիքով, մոտ ապագայում որևէ մեկը հստակ պատասխան այս ամենին չի տալու։

«Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները ըստ էության դանդաղեցրել են ԵՄ ընդլայնման առանց այդ էլ բարդ գործընթացը, կենտրոնացնելով Արևմուտքի ողջ ռեսուրսն ու ուշադրությունն Ուկրաինայի խնդրի վրա։ Եթե նույնիսկ այսօր ԵՄ-ն հայտարարի, որ ԵՄ դռները բաց են Երևանի համար, դա այսօր տեղի չի ունենալու ամենայն հավանականությամբ, ուստի ինչու հայտարարել դա։ ԵՄ-ի դռները արդեն տևական ժամանակ է՝ տարիներ շարունակ, բաց են Վրաստանի, Մոլդավայի, Ուկրաինայի համար, սակայն դա դեռ տեղի չի ունենում և չկա հստակություն, թե երբ տեղի կունենա։ Այս հարցում նույնիսկ հայտարարություններն այդքան էական չեն, քանի որ կան գործընթացներ, որոնք ցույց են տալիս հետագա զարգացումների ուղղությունը։ Եմ-ի համար ընդլայնման օրակարգը ներկայումս ակտուալ չէ, կան շատ ավելի լուրջ խնդիրներ»,- ասաց Գոգոլաշվիլին։

Նա գտնում է, որ անկախ ԵՄ անդամակցության հեռանկարից, ԵՄ-ն սերտորեն համագործակցում է իր գործընկերների հետ։

«Հայաստանի դեպքում անկախ անդամակցության հեռանկարից, տեղակայված են ԵՄ դիտորդներ, կա բնականոն համագործակցություն, որից գոհ են երկու կողմը»,- նկատեց նա։

Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջիկայում սպասվում է Կայա Կալլասի այցը Երևան։ «Կարծում եմ՝ այդ այցի ընթացքում որոշ հարցեր ավելի կհստակեցվեն, քանի որ անկախ ընդլայնման իր հնարավորություններից, ԵՄ-ն ձգտում է սերտ հարաբերությունների հարավկովկասյան երեք երկրների հետ։ Բաքվում եվրոպական կողմը հայտարարեց, որ հավակնում է էլ ավելի սերտ համագործակցության Ադրբեջանի հետ։ Հետաքրքիր է հետևել, թե որն է լինելու Բրյուսել-Երևան հարաբերությունների հաջորդ հանգրվանը»,- նկատեց Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս