
Փաշինյանն ուզում է գտնել իշխանությունը պահելու ձևը. ինչո՞ւ է նա հրաժարվում CEPA-ից. Մինսկի խումբը լուծարելով՝ նպատակ ունեն մաքրել Արցախում Ադրբեջանի հանցանքի հետքը. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ԱՄՆ նախորդ վարչակազմն ամեն ինչ անում էր Զանգեզուրի միջանցքը բացելու, ռուս-իրանական գործակցության խորացումը թույլ չտալու համար։ ԱՄՆ ներկայիս վարչակազմի կարծիքը դեռ պարզ չէ, բայց հարցը կարևորվել է Եվրամիության (ԵՄ) համար։ Այս համատեքստում շատ ուշագրավ էր Սամարղանդում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունն անխոչընդոտ ճանապարհների մասին։ Շատ կարևոր է, թե ԱՄՆ-ը և Ռուսաստանն ինչպես կպայմանավորվեն, հատկապես՝ Իրանի հարցում։ Եթե Իրանի հետ հարաբերությունների լարվածությունը թուլանա, Միջանցքի վերաբերյալ էլ դիրքորոշումն էականորեն կտարբերվի։
Հիշեցնենք, ապրիլի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Սամարղանդում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի իր ելույթում ասել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը կարող է կտրականապես փոխել իրադրությունը և Եվրոպային մոտեցնել Կենտրոնական Ասիայի հետ։
«Սև ծով ելքի համար կարևոր են՝ ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային սահուն անցումները: 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի»,- ասել է Ֆոն դեր Լայենը։
Հիշեցնենք նաև, որ Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանների բացումը կախված է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքից։
Մինչ օրս կյանքի չի կոչվել նաև 2022 թվականին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև սահմանները երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելու պայմանավորվածությունը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկներին, ապա Բաքուն դրանց չի արձագանքել։ Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը Հայաստանից անխոչընդոտ միջանցք է պահանջում դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ հայտարարելով, որ այն, այսպես թե այնպես, բացվելու է։
- Մեծ մասամբ դժվար է հասկանալ պաշտոնական Երևանի հայտարարությունները։ Թուրքիան չի կարող Հայաստանի համար լինել Ռուսաստանին տնտեսական փոխարինող։ Եթե ինչ-որ էֆեկտ էլ լինի, դա էֆեկտ է հայկական պետականության հաշվին։ Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանների բավարարումից հետո հայկական պետականությունը ոչ միայն ներկայում, այլև ապագայում է հայտնվում մեծ վտանգի տակ։ Էֆեկտ ստացողը չի լինելու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, այլ Հայաստանը՝ որպես տարածք։ Հայաստանը պետք է մանևրի, բայց ոչ իր սուբյեկտայնության, իրավունքների հաշվին, այլապես դա կլինի դանդաղ զիջում։
- Թուրքիան Հայաստանին ասում է՝ դուք փոքր եք, գնացե՛ք, պայմանավորվեք Ադրբեջանի հետ, դրանից հետո ես ձեզ կտամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բոնուս։ Սա՛ է Թուրքիայի մոտեցումը։
- Ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունը, ունենալով սուղ ռեսուրս, փորձելու է Մարգարայի կամրջի հարցը ներկայացնել որպես ձեռքբերում։
- Ռուսաստանի արձագանքները Հայաստանում Եվրաքվեի օրենքի վերաբերյալ ստեղծում են այդ պրոցեսի՝ իրական լինելու տպավորություն, մինչդեռ դա ֆեյք պրոցես է։ Ես միշտ համարել եմ, որ Հայաստանի այս քաղաքականությունը տակտիկական առումով բավարարել է Ռուսաստանին։ Հիմա ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները ժանրի կանոնների մեջ են, հիշեցնում են ռիսկերի մասին։ Եթե Թուրքիան ԵՄ անդամ չէ, ապա Կովկասում Եվրամիության որևէ անդամ երկիր հայտնվում է անկլավային վիճակում։ Չեմ կարծում, որ ԵՄ-ի համար Հայաստանի անդամակցությունը քննարկելի հարց է։ Համենայնդեպս Բրյուսելից ես որևէ հայտարարություն չեմ լսել, որ ասեն՝ ՀՀ-ն անդամակցելու է ԵՄ-ին։ Ավելին, ԵՄ-ն հիմա ընդլայնվելու ցանկություն էլ չունի։
Բացի դրանից, ԵՄ-ն չի կարող հավատալ Հայաստանի անկեղծությանն անգամ մեծ ցանկության դեպքում, որովհետև հավատալ Հայաստանի անկեղծությանը, նշանակում է պատասխանատվություն վերցնել Հայաստանի համար, իսկ դա կապելու է ԵՄ ձեռքերը։ Հետևաբար՝ ԵՄ-ն կշարունակի խոսել, մնալ այս տակտիկական ռեժիմում։ Թե՛ ԵՄ-ն, թե՛ Հայաստանը տակտիկական խաղի մեջ են։ Եթե ռուս-ամերիկյան երկխոսությունը շարունակվի, Հարավային Կովկասում տրամաբանությունը կփոխվի, հատկապես, եթե լուծվի նաև իրանական խնդիրը, ինչը, վստահ եմ, ռուս-ամերիկյան փաթեթի մաս է։
- Չեմ կարծում, որ Ֆրանսիան կհամաձայնի, որ Թուրքիան լինի Եվրամիության անդամ։ Ավելին, կարծում եմ, որ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ նույնպես դեմ կլինեն Թուրքիայի անդամակցությանը։ Ես չեմ կարծում, որ Բուդապեշտը, օրինակ, կողմ կլինի։ Օրբանը, իհարկե, երբեք չի հայտարարի, որ դեմ է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, բայց Հունգարիան առնվազն չի օժանդակի։
- ԱՄՆ-Եվրոպա խնդիրների պայմաններում հիմա Թուրքիայի դերը բարձրացել է, և ԵՄ-ն փորձում է ինչ-որ պայմանավորվածությունների հասնել Թուրքիայի հետ։
- Թրամփի երկրորդ գալստյան առաջնահերթությունների համատեքստում Վատիկանի դերը եվրոպական քաղաքականության մեջ բարձրանում է։
- Եթե Հայաստանն անգամ մեկ փամփուշտ չկրակի, Ադրբեջանը մշտապես առավելապաշտական նկրտումներ է ունենալու Հայաստանի նկատմամբ ու երբեք չի հրաժարվելու իր մտադրություններից։
- Հայաստանի և ԵՄ-ի միջև 2017թ. ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն, չափազանց տարողունակ փաստաթուղթ էր բոլոր ոլորտներում, և այն կիսով չափ անգամ իրականացված չէ։ Հետևաբար՝ ինչո՞ւ է պետք նոր փաստաթուղթ, որի մասին նշում են ՀՀ գործող իշխանությունները։ Հավանաբար այդ նոր փաստաթուղթը պետք է՝ դրանում Արցախի հարցը բացառելու համար, քանի որ CEPA-ն հստակ արձանագրում ուներ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, իսկ ԵՄ անդամ երկրների խորհրդարաններն էլ վավերացրել էին այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթղթում նշվում էր նաև վիզաների ազատականացման մասին: Հետևաբար, եթե մենք ուզում ենք խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, ինչը, անշուշտ, կարևոր է, ապա կրկնում եմ, կա CEPA-ի այդ փաստաթուղթը, որը վավերացրել են ԵՄ բոլոր երկրները, և որը բոլոր հնարավորությունները տալիս է դրա համար։ Հետևաբար, կրկնում եմ, նոր փաստաթղթի կարևորությունը ես չեմ տեսնում։
Հիշեցնենք, 2017թ. նոյեմբերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը: Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
- Երևանը որդեգրել է Ադրբեջանի բոլոր պահանջների նկատմամբ առնվազն լոյալություն որդեգրելու տրամաբանություն։ Հայաստանը չի կարող վճռել Մինսկի խմբի ճակատագիրը, բայց Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, որովհետև ՄԽ գոյությունը փաստարկ է։ Ադրբեջանը դնում է լուծարման հարցը՝ իր հանցանքի հետքը մաքրելու, մեզ հարցեր տալու հնարավորությունից զրկելու համար։ Մինսկի խումբն է, որ ակնառու է դարձնում՝ Արցախի նկատմամբ տեղի է ունեցել հանցանք։ Եվ եթե սրան գումարում ենք Սահմանադրության փոփոխության Ալիևի պահանջը, տեսնում ենք, որ Հայաստանը գնում է նոր միավորի ստեղծման ճանապարհով։
- Ցավոք սրտի, 2018թ.-ից հետո Եվրոպայի հետ աշխատանքները հիմնականում մնացին դեկլարատիվ դաշտում, ու սա բավականին ակնառու է։ Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, որի մասին այս իշխանությունները խոսում են, կրկնում եմ, CEPA-ի փաստաթուղթը դա էլ էր ենթադրում։ Ավելին ասեմ, Հայաստանի քաղաքացիները հիմա ֆիզիկական ու բարոյական տառապանքների միջով են անցնում եվրոպական վիզա ստանալու համար, ու այդպես է հատկապես վերջին տարիներին։
- Իրանի դեմ միջավայր կարող է ստեղծվել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական գործողությամբ։ Դա Իրանի համար լուրջ խնդիր կլինի։ Հայաստանն անուղղակիորեն այդ դեպքում պոլիգոն կդառնա, բայց ես չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ը կամ Իրանը Հայաստանի տարածքում Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ որևէ գործողություն անեն։ Հայ-իրանական զորավաժությունը ես համարում եմ կարևոր, բայց առավել կարևոր է դրա քաղաքական բաղադրիչը։ Իրանը ցույց տվեց, որ տեղ ունի Հայաստանի հետ քաղաքական կոմունիկացիան խորացնելու համար։
- Փաշինյանն ուզում է գտնել իշխանությունը պահպանելու ձևը։ Ակնհայտ է, որ նա փնտրում է այդ ձևը տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությամբ, որը նախընտրական նպատակներով ստեղծված ձևաչափ է: Կարծում եմ, որ նա պետք է դիտարկի նաև նահանջի ճանապարհը, թե ինչ պետք է անի, եթե չստացվի պահել իշխանությունը։ Կառավարող ուժի ներսում ավտորիտարիզմի դասական դրսևորում է․ չկա Փաշինյան, չկա այդ քաղաքական ուժը։
- Ես չեմ կարծում, թե ՔՊ-ականները տեղյակ են՝ ինչ սցենարներ ունի Փաշինյանը։ Հարցն այն է՝ կա՞ն արդյոք Հայաստանում քաղաքական ուժեր, ովքեր Փաշինյանի առաջ կդնեն անլուծելի խնդիրներ ու իրավիճակ կթելադրեն։ Միևնույն ժամանակ Հայաստանում օրերի ու ժամերի ընթացքում կարող է փոխվել իրավիճակ՝ կապված Հայաստանի արտաքին մարտահրավերների հետ։ Ես այսօր չեմ տեսնում իմփիչմենթի արդյունավետ նախադրյալները, մյուս կողմից՝ մարդիկ, ովքեր այդ օրակարգը բերել են, պատասխանատվություն են կրում դրա համար, և միգուցե իրենք գիտեն՝ ինչ են անում։ Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից իմփիչմենթին միանալ-չմիանալուն, ապա կարծում եմ՝ ընդդիմությունն իրեն պետք է պահի ընդդիմության պես։ Չենք կարող բացառել, որ իմփիչմենթի օրակարգին դավանող որոշ ուժեր գործում են նախընտրական տրամաբանության մեջ։ Պետք չէ հավատաքննության ենթարկել ընդդիմությանը՝ իմփիչմենթի օրակարգին չմիանալու համար։
- Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Փաշինյանը հետագայում կփորձի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնել, չեմ կարծում, թե նման սեղմ հնարավորություններով, լծակներով նա կցանկանա ՀՀ նախագահ դառնալ՝ անգլիական թագուհու կարգավիճակով, եթե, իհարկե, կառավարման ձևը խորհրդարանականից չդառնա կիսանախագահական:
Մանրամասները՝ տեսանյութում։