
Մեկուկես ամսվա ընթացքում՝ երկու հանդիպում․ ի՞նչ են քննարկում Ալիևն ու Էրդողանը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր Անթալիայում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմին հղումով այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդագրությունում նաև նշված է, որ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը «գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ»։ Բացի Հարավային Կովկասում տիրող իրավիճակից՝ նրանք քննարկել են նաև մերձավորարևելյան զարգացումները։ Հաղորդագրությունն այլ մանրամասներ չի պարունակում։
Ադրբեջանի նախագահը Թուրքիա է մեկնել երեկ՝ մասնակցելու Անթալիայի միջազգային դիվանագիտական համաժողովին։ Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Էրդողանի ու Ալիևի երկրորդ հանդիպումն է։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Անկարան ու Բաքուն անընդհատ կազմակերպում են խորհրդակցություններ՝ ինչպես բարձրաստիճան, այնպես էլ՝ միջգերատեսչությունների մակարդակով։
Բացի այդ, նրա խոսքով, ներկայումս ակտիվ վերադասավորումների փուլ է, որի շրջանակում թե Անկարան, թե Բաքուն իրենց առջև դրված լուրջ խնդիրներ ունեն։
«Անկարան նպատակներ ունի Սիրիայում, Եվրոպայում, փորձում է ամրապնդել իր աշխարհաքաղաքական դերակատարությունը, նույնը փորձում է անել ադրբեջանական կողմը Հարավային Կովկասում։ Այս բոլոր հարցերում Անկարան ու Բաքուն համագործակցում են սերտորեն: Վերջին օրերին Բաքուն բանակցային հարթակ էր Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների միջև Սիրիայում հետագա քաղաքականության շուրջ, կար տեղեկատվություն այն մասին, որ Իսրայելը հասկացրել է՝ Սիրիայում այլ երկրների զորքերի տեղակայման ցանկացած փոփոխություն, մասնավորապես՝ Պալմիրայում թուրքական բազաների ստեղծումը, կարմիր գիծ է։ Ադրբեջանն անձամբ առանձին քայլեր է ձեռնարկում Սիրիայում՝ ամրապնդելով պրոթուրքական ուժերին»,- ասաց Եվսեևը՝ ակնարկելով, որ Բաքուն ակտիվ դիվանագիտություն է վարում՝ աջակցելով Թուրքիայի ծրագրերին, դառնալով է՛լ ավելի արժեքավոր գործընկեր Թուրքիայի համար։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ապա, նրա խոսքով, այդ ռեգիոնում Ադրբեջանը, ինչպես միշտ, անընդհատ ակնկալում է Թուրքիայի աջակցությունը, համակարգում իր անելիքները թուրքական կողմի հետ։
«Ինչպես տեսնում ենք, նույնն անում է նաև Թուրքիան, այդ ռեգիոնում ակտիվ քաղաքականություն վարելու հարցը թողնելով Ադրբեջանին։ Թուրքիան ներկայումս չունի ակտիվ քաղաքականություն, նախաձեռնություններ Հարավային Կովկասում, դա անում է Ադրբեջանը։
Թուրքիան ավելի գլոբալ ռեգիոններում է պրոակտիվ քաղաքականություն վարում՝ միտված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ազդեցության վերաբաշխմանը։ Ուստի ինտենսիվ հանդիպումները, բանակցությունները բնական են։ Հարավային Կովկասում ևս կան զարգացումներ՝ ստորագրման ենթակա համաձայնագիր, ԱՄՆ-ի նոր վարչակազմ, նոր քաղաքականություն, որը կապ է պահպանում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ուստի ԱՄՆ-ՌԴ, ԱՄՆ-Իրան բանակցությունների, ներեվրոպական գործընթացների ֆոնին կարիք կա անընդհատ վերադիրքավորումների։ Կարծում եմ՝ այս հանդիպումներին քննարկվում են ընթացիկ հարցեր, իրավիճակներ, նոր և անսպասելի զարգացումներ չկան»,- ասաց Եվսեևը։