Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան
Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Առաքելյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
«Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով իմ օրհնությունն ու աղոթքն եմ հղում հավատացյալ մեր քույրերին և եղբայրներին՝ Հայաստանում և սփյուռքում:
Սուրբ Գիրքն ասում է. «Երանի՜ այն ազգին, որի Տերն Աստված է» (Սաղմոս 32․12)։
Այսօր, առավել քան երբևէ, այս խոսքը թող դառնա մեր աղոթքն ու պատգամը։ Թող մեր ժողովրդի ճանապարհը առաջնորդվի Աստծո իմաստությամբ, իսկ մեր Հայրենիքի ապագան կառուցվի հավատքի, սիրո, միաբանության և արդարության ամուր հիմքերի վրա։
Անկախությունը միայն պետականության նվաճում չէ։ Այն Աստծուց մեզ վստահված մեծ պատասխանատվություն է՝ սիրելու և պահպանելու Հայրենիքը, շենացնելու մեր երկիրը և մեր զավակներին փոխանցելու այն սուրբ ժառանգությունը, որ դարերով պահպանել են մեր հայրերը։
Այս նվիրական օրը խոնարհումով հիշենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության։ Թող Ամենակալ Աստված հանգստություն պարգևի նրանց հոգիներին և մխիթարություն՝ նրանց ընտանիքներին։
Աղոթենք, որ Տերը խաղաղություն հաստատի մեր Հայրենիքում, ամրացնի մեր պետականությունը, պահպանի մեր զինվորներին և զորացնի մեր ժողովրդին։
«Խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, ապահովություն՝ քո պալատներում» (Սաղմոս 121․7)։
Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր սրտերից՝ ատելությունը, մեր խոսքերից՝ չարությունը, և մեր գործերից՝ անտարբերությունը։ Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ։
Թող Աստված օրհնի մեր մայրերին ու մանուկներին, պահպանի մեր երիտասարդներին, զորացնի մեր զինվորներին, մխիթարի վշտացյալներին և Իր խաղաղությամբ հովանի պահի մեր Հայրենիքը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր սրտերից մեկ աղոթք բարձրացնենք առ Աստված.
Տե՛ր, պահպանիր Հայաստանը,
զորացրո՛ւ հայ ժողովրդին,
պահպանի՛ր մեր հավատքը,
ամրացրո՛ւ մեր միաբանությունը
և առաջնորդի՛ր մեզ դեպի խաղաղ ու լուսավոր ապագա։
«Տերը թող օրհնի քեզ և պահպանի քեզ,
Տերը թող լուսավորի Իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ,
Տերը թող բարձրացնի Իր երեսը քեզ վրա և խաղաղություն տա քեզ»
(Թվեր 6․24-26)։
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը։
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»,- ասվում է ուղերձում։

