Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Ըստ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում տեղ գտած շնորհավորական ուղերձի՝ Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ ազատ և ինքնուրույն զարգացման, հարուստ մշակույթի պահպանման ձգտումը։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, առավել արժեքավոր են ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը։
«Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմքն է»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։
«Թող յուրաքանչյուր տանը տիրեն համերաշխությունն ու ուրախությունը»,- հավելել է Բելառուսի նախագահը։

