Հիփոթեքային շուկան «սառել» է, սպառողական վարկերինը՝ ակտիվացել. նոր ռիսկեր բանկերի համակարգում

Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիներին հասցրել է նստեցնել վարկային ասեղի վրա։ Ահավոր մեծ չափերի են հասել հիփոթեքային ու սպառողական վարկերը։ Բանկերի վարկային պորտֆելի գրեթե կեսը հենց այդ վարկերն են, որոնց տակ ճռռում են քաղաքացիները։ Դրանց գումարը մոտեցել է գրեթե 7,5 մլրդ դոլարի։ Վերջին տարիներին քաղաքացիների հիփոթեքային ու սպառողական վարկերն անգամներով ավելի արագ են աճել, քան եկամուտները։

Եթե մինչև 2018թ. բանկերի հիփոթեքային վարկերի պորտֆելը կազմում էր ընդամենը 209 մլրդ դրամ, ապա այժմ հասել է գրեթե 1 տրիլիոն 471 մլրդ դրամի։ Այն ժամանակ հիփոթեքային վարկերը 430-435 մլն դոլարի շրջանակներում էին, հիմա գերազանցում են 3,7 մլրդ դոլարի սահմանը։

7 տարում այս վարկերը 7 անգամով ավելացել են ու ծանրացել քաղաքացիների վրա։ Այդ նույն ժամանակ միջին աշխատավարձը, որը շատերի համար եկամտի հիմնական աղբյուրն է, բարձրացել է ընդամենը 66 տոկոսով։

Հիմա համեմատեք 7 անգամով հիփոթեքային վարկերի ավելացումն ու միջին աշխատավարձի 66 տոկոս աճը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը երբ հպարտանում է, թե վերջին 7 տարիներին աշխատավարձերը Հայաստանում բարձրացել են 66 տոկոսով, թող բարի լինի նաև ասել, իսկ այդ ընթացքում ինչքանո՞վ է ծանրացել քաղաքացիների վարկային բեռը։ Քաղաքացիների միայն հիփոթեքային վարկերի բեռը 10 անգամով ավելի շատ է աճել, քան աշխատավարձերի տեսքով ստացված եկամուտները։

Բայց քաղաքացիների վարկային բեռի ծանրացումը միայն հիփոթեքային վարկերով չի սահմանափակվել։ Հսկայական տեմպերով աճել են նաև սպառողական վարկերը։ Դա վարկային շուկայի ամենաթանկ հատվածն է։ Սպառողական վարկերի գինը երբեմն անցնում է 20 տոկոսից։ Չնայած դրան, շատ հաճախ, անճարակությունից դրդված՝ քաղաքացիները ստիպված են լինում մտնել նման ծանրության տակ։

Ամենաթարմ տվյալներով, բանկերի սպառողական վարկերը հասել են 1 տրիլիոն 457 մլրդ դրամի։ Տարադրամով այն համարժեք է շուրջ 3,7 մլրդ դոլարի։

Վերջին 7 տարվա ընթացքում քաղաքացիների սպառողական վարկերն ավելացել են 2,8 անգամով՝ կրկին մի քանի անգամ ավելի արագ, քան աշխատավարձերի տեսքով ստացած եկամուտները։ Քաղաքացիներին մասսայական դրել են վարկերի տակ։ Այլ հնարավորություններ չունենալով՝ շատերը հենց այս վարկերով են ապրել, դրանց միջոցով փորձել լուծել իրենց սոցիալական ու կենցաղային խնդիրները՝ հետագայում հայտնվելով վարկային գերության մեջ։

Միայն 341.000 քաղաքացի այսօր անհուսալի վարկեր ունի։ Ու դեռ Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, թե մարդիկ ավելի լավ են ապրում, քան ապրում էին նախկինում։

Եթե լավ են ապրում, ինչպե՞ս է, որ 341.000 քաղաքացի չի կարողանում վերադարձնել իր վերցրած վարկերը։ Ընդ որում՝ նրանից 218.000-ի դեպքում վարկային պարտավորությունները, կարելի է ասել, շատ մեծ չեն՝ 1 մլն դրամից էլ պակաս։ Բայց անգամ այդ գումարը չեն կարողանում սպասարկել։

Բոլորովին էլ լավ ապրելուց չէ, որ քաղաքացիները սպառողական վարկեր են վերցնում, մտնում ծանր տոկոսների տակ՝ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար։ Դա սոցիալական վիճակի լավացման հետ բացարձակ կապ չունի, կապված է այլ հնարավորություն չունենալու հետ, ինչը ստիպում է 18-20 տոկոսանոց վարկերի բեռի տակ մտնել։ Այն, որ 7 տարում քաղաքացիների սպառողական վարկերը գրեթե 3 անգամով ավելացել են, նշանակում է՝ այդքանով ծանրացել է նրանց վարկային բեռը։

Քաղաքացիների սպառողական ու հիփոթեքային վարկերը վերջին տարիներին հասել են կատաստրոֆիկ մեծ չափերի, ինչը սպառնալիք է՝ բանկային համակարգի, ու գլխացավանք՝ Կենտրոնական բանկի համար։ Հիմա Կենտրոնական բանկը մտածում է՝ ինչպես չեզոքացնել այդ սպառնալիքը։

Երևանում եկամտային հարկի վերադարձի օրենքի կասեցումից հետո հիփոթեքային վարկերի ակտիվությունը դադարել է։ Անցած տարվա վերջի կտրուկ ակտիվացումից հետո, այս տարվա սկզբին այդ  վարկերը նույնիսկ մի փոքր նվազել են։

Բայց դա դեռ չի նշանակում, որ վերջին տարիների ակտիվ տաքացումից հետո, հիփոթեքի շուկայի խնդիրները դրանով ավարտվեցին։ Խնդիրներն այստեղ հետագայում են ի հայտ գալու, երբ շուկայի մասնակիցները բախվեն ստանձնած պարտավորությունները սպասարկելու դժվարությունների հետ։ Իսկ դրա հավանականությունը շարունակում է շատ բարձր մնալ՝ կապված՝ ինչպես երկրում տնտեսական իրավիճակի վատացման, այնպես էլ՝ քաղաքացիների եկամուտների աճի տեմպի էական թուլացման հետ, ինչը, այսպես շարունակվելու դեպքում, աստիճանաբար կվերածվի եկամուտների կրճատման։ Երբ հիփոթեքի մասնակցների եկամուտները չբավարարեն միաժամանակ ապրելու ու վերցրած վարկային բեռը սպասարկելու համար, այդ ժամանակ էլ կծագեն խնդիրները։

Այս փուլում, եկամտային հարկի վերադարձի օրենքը կասեցնելով՝ դադարել է հիփոթեքային շուկայի հետագա տաքացումը։ Բայց դրան զուգահեռ՝ շարունակում է ակտիվ տաքանալ սպառողական վարկերի շուկան։

Եթե այս տարվա հունվարին բանկերի հիփոթեքային վարկերի պորտֆելը նախորդ ամսվա նկատմամբ մի քանի հարյուր միլիոն դրամով նույնիսկ կրճատվել է, ապա սպառողական վարկերինը՝ մի քանի տասնյակ միլիարդով ավելացել է։

Սպառողական վարկերի ակտիվացումը սպասելի էր՝ հաշվի առնելով մի կողմից՝ հիփոթեքի պասիվացումն ու բանկերում ազատ միջոցների ավելացումը, մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ հիմա էլ քաղաքացիները ստիպված սպառողական վարկեր են վերցնում՝ հիփոթեքով ձեռք բերված բնակարանները վերանորոգելու ու կահավորելու համար, այդ ճանապարհով ավելի խորացնելով վարկային շուկայի ռիսկերը։ Հատկապես որ, սպառողական վարկերի բեռը շատ ավելի ծանր է, ու դրանով պայմանավորված ռիսկերն անհամեմատ ավելի մեծ են։

Քաղաքացիների ու հատկապես բանկերի ախորժակը զսպելու համար՝ Կենտրոնական բանկը մտադիր է առաջիկայում խստացնել հսկողությունը սպառողական վարկերի տրամադրման նկատմամբ։ Այլ բան, թե դա ինչքանով կլուծի սպառողական վարկերի շուկայի խնդիրները, որոնք գնալով գլուխ են բարձրացնում։ Վերջին տարիներին, հայտնի պատճառներով ձևավորված բարձր պահանջարկի հետևանքով, միշտ չէ, որ տրամադրված վարկերը բավարար հիմնավորված են եղել, ու դա էլ իր հերթին է տաքացրել շուկան, ինչը թուլացնելու  պարտավորությունը, չգիտես՝ ինչու, կրկին ստանձնել է կառավարությունը՝ բյուջեի հաշվին հերթական «նվիրատվությունը» կատարելով բանկերին՝ անհուսալի վարկերը եկամտային հարկով փակելու միջոցով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս