«Այս իշխանություններին թվում էր՝ եթե ներսում բնակչությանը խաբելը լավ է ստացվում, ուրեմն դրսում էլ կարող են. սրանց պետք է հեռացնել իշխանությունից». Արմեն Մանվելյան

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Նախագիծը, որն Ազգային ժողով է հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր դեռ փետրվարի 12-ին:

«Սա ներքաղաքական ինչ-որ քայլ է․ իրենք հասկանում են՝ ընտրություններով օրինական ճանապարհով վերարտադրության հնարավորություն չունեն, փորձում են բնակչության մի մասի համակրանքը շահել նման կեղծ գործընթացներով։ Իսկ իրականում, մարդկանց բառացի խաբում են՝ ասելով, եթե մենք մնանք իշխանության, այս քաղաքական գիծն ենք տանելու։ Փաստ է նաև, որ միաժամանակ փորձում են ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել»,- դեպի ԵՄ մեկնարկած նոր գործընթացի առնչությամբ 168am-ի հետ զրույցում շեշտեց միջազգային հարցերով փորձագետ, վերլուծաբան Արմեն Մանվելյանը։

Նա հակված չէ այս օրերին հանրային ու քաղաքական դաշտում շրջանառվող այն տարբերակին, թե այս քայլը շանտաժ է ընդդեմ Ռուսաստանի․ ըստ նրա՝ շանտաժ անողները՝ ՀՀ գործող իշխանությունները, շատ թույլ են, որպեսզի սա շանտաժ դիտարկվի։

«Սա իրենց անմիտ քաղաքականության արդյունքն է․ կորցրել են իրենց հարաբերությունները բոլոր հիմնական խաղացողների հետ և նման քայլերով փորձում են ինչ-որ մեկի համակրանքը շահել»։

Կարդացեք նաև

Փորձագետի գնահատմամբ՝ այսօր իշխանությունները ոչ միայն ներքաղաքական կյանքում, այլև միջազգային հարաբերություններում ունեն վստահության ցածր մակարդակ։ Ու եթե, ըստ Արմեն Մանվելյանի, մանիպուլյացիաներով հնարավոր է երկրի ներսում ինչ-որ առումով հաջողության հասնել, ապա դրսում դա բացառվում է։

«Վերջին 7 տարիների իրենց իշխանության այս ողջ ձախողումները, որ կա արտաքին քաղաքականության մեջ, հենց նրա հետևանքն է, որ իրենց թվում էր՝ եթե ներսում բնակչությանը խաբելը լավ է ստացվում, ուրեմն դրսում էլ կարող են,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ հենց այս համատեքստում են իշխանությունները որոշել, օրինակ, վերադառնալ ՌԴ գիրկը,- Տեսնում ենք՝ անգամ տոնայնությունն է փոխվել, հայտարարություններ են արվում։ Դա շատ նկատելի է»։

Արմեն Մանվելյանը նաև ցավով արձանագրեց, որ արագ զարգացող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում Հայաստանի ռեալ պոլիտիկի մասին խոսել հնարավոր կլինի միայն այս իշխանությունների հեռացումից հետո։

«Նախ պետք է հեռացնել սրանց իշխանությունից, ապա հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Գոնե մի բան պարզ է, որ առկա իրողությունների պայմաններում 2 մայրաքաղաքների՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ, բայց այս երկու ուղղությամբ էլ իրենք ամեն ինչ ձախողել են,- նկատեց նա, ապա արձագանքելով հարցին, թե ի՞նչ ճանապարհով է հնարավոր իշխանափոխությունը, արդյո՞ք սպասվող ՏԻՄ ընտրությունները կարող են դրա մեկնակետը դառնալ, նշեց,- Թե՛ Փարաքարի, թե՛ Գյումրիի ընտրությունները շատ կարևոր են այն տեսակետից, որ որոշակիորեն ցույց կտան, թե ինչքանո՞վ են այս իշխանությունները լեգիտիմ, ապա նաև բնակչության մի մասին կհամոզեն, որ սրանց հնարավոր է հեռացնել նաև ընտրությունների միջոցով․ հակառակի մասին հոռետեսությունն ու քարոզը, որ կա այսօր, պետք է կոտրվի։ Եթե համակարգված, գրագետ աշխատանք է տարվում, ապա ցանկացած իշխանության հնարավոր է հեռացնել ընտրությունների միջոցով, ինչը ցույց է տալիս նաև համաշխարհային փորձը»։

Տեսանյութեր

Լրահոս