«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքագետ Արմեն Մինասյանն են։ Հաղորդման վերջին հատվածում անսպասելի նրանց է միանում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը:
Վերջին հինգ տարիներին իր պատմության ամենամեծ ողբերգությունն ապրած ու դեռևս շարունակվող աղետներ ապրող ժողովուրդը, փաստորեն, ավելի երջանիկ է, քան իրեն այդ աղետները պատճառած ադրբեջանցիները կամ կորուստներից խուսափել կարողացող վրացիները։ Այս պարադոքսը գուցե պայմանավորված է «պարտությունը հաղթանակ է» կամ «մենք մեզ պարտված չենք համարում» մեղմասացություններով, որոնք արդեն հինգ տարի իշխանությունը ներարկում է հասարակության մտքերն ու հոգիները։
Իշխանության սոցիալական հենարանը կազմում են այն շերտերը, որոնք հայրենիք, ինքնություն, Արցախ, արժանապատվություն և այլ ոչ ստամոքսային մատերիաներին վերաբերվում են ալենսիմոնյանաբար: Այդ խավերի տրամադրությունները, հաշտվողականությունն ու անտարբերությունը բոլոր հնարավոր միջոցներով գովազդվում է իշխանության քարոզչամիջոցների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների կողմից, և ստեղծվում է կեղծ տպավորություն, թե մեր հասարակությունն ամբողջությամբ բաղկացած է Նիկոլ Փաշինյանի ջանին մեռնող ու Ավինյանի ցավը տանող գոյացություններից: