
Ձեր թելած մեծ ասեղը մե՛զ է ծակելու. Թրամփը չի սիրում դեմոկրատների ձագերին, Եվրոպան դարձել է դատարկ չեկեր բաժանող, Էրդողանը փորձում է դառնալ կայսր. սա զանգ է նաև Ռուսաստանին. Վարդան Խաչատրյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Երբ այս իշխանություններն ասում են, թե խաղաղության համաձայնագիր են կնքում, իսկ ո՞վ է տալիս մեզ անվտանգության երաշխիք․ այդ երկրները, որ այսօր ողջունում են «խաղաղության համաձայնագրի» հնարավոր կնքումը, անվտանգության երաշխիքներ տալո՞ւ են։
- Թուրքական ծրագիրը մեկն է՝ «Թուրան» ծրագիրը»։ Շահերը չեն փոխվում, փոխվում են անձինք, ու «Թուրան» ծրագիրը մետա նետի պես ուղղված է Հայաստանի դեմ և դեպի Ռուսաստանի ոչնչացում։
- Համաշխարհային թրենդը դարձել է խաբեությունը․ հիշենք՝ ինչպես եվրոպական երկրները հայտարարեցին, որ՝ այո, ուկրաինական հարցով ստորագրել են Մինսկյան համաձայնությունները, բայց հետո ասացին, որ խաբել են ու զինել Ուկրաինային։ Եթե Ամերիկան ու Եվրոպան են անգամ խաբում, ինչո՞ւ պիտի Թուրքիան ու Ադրբեջանը չխաբեն մեզ։ Իսկ դրանք այն երկրներն են, որոնք իրենց քաղաքականությունը կնքել են հակահայկական կնիքներով ու իրենց թշնամին են համարում Հայաստանը, հայ ժողովրդին ու ողջ հայկական Սփյուռքը։ Հայի գլուխ կտրելն ու դրանցով շքերթ անելն իրենց հաղթաքարտն է։ Ինչի՞ պիտի Թուրքիան ու Ադրբեջանը փոխեն իրենց քաղաքականության մեջ։
- Հայաստանի Հանրապետությունը, ըստ այս «խաղաղության պայմանագրի», պիտի հրաժարվի իր մի քանի սերունդների բաղձալի նպատակից՝ անկախ պետություն և հայրենիքի մի հատվածի վերամիավորում։ Հրաժարվելով Անկախության հռչակագրից, մեր ազգային նպատակներից՝ մենք անցնում ենք մեր տղաների արյան վրայով, այն տղաների, ովքեր նայում էին երկինք, տեսնում իրենց վրա թափվող կրակը, բայց կրակում էին վերջին արկը…
- Ֆրանսիան Թուրքիային պատմականորեն ամենամեծ ծառայությունը մատուցած երկիրն է։ Ամենամեծ տևողությամբ պայմանագիրը՝ 200 տարի, Ֆրանսիան է կնքել Թուրքիայի հետ։ Ֆրանսիան է Ավստրո-Հունգարիային պարտադրել տարածքներ հանձնել Թուրքիային, Ռուսաստանի դեմ պայքարելու համար հրանոթ է տրամադրել։ Ո՞նց կարելի է հավատալ, որ Ֆրանսիան Թուրքիային դեմ կարող է գնալ։
- Թուրքիան միշտ ուզել է դառնալ միջնորդ հայ-ադրբեջանական կարգավորման մեջ։ Ուզում էր անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալ։ Թույլ չտվեցին ու ճիշտ արեցին։ Թուրքիան շահագրգիռ կողմ է, չի կարող միջնորդ դառնալ։ Բայց Հայաստանի այս իշխանությունը Թուրքիային միջնորդ է դարձնում… Չի կարելի դա թույլ տալ:
- Անվիճելի է, որ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորումը շարունակում է գործել։ Հային ու հույնին ոչնչացնելը թուրքական ինքնության առանցքային հատկանիշն է, որովհետև նրանք ապրում են նրանց հողերի համար։ Թուրքիայի այդ ինքնությունը փոխել հնարավոր չէ, մոր կաթի հետ է եկել։
- Եթե տեղն եկավ, Ռուսաստանի ոտքը սայթաքեց, թուրքերը նրանց ասելու են այն, ինչ մեզ են ասում։ Ասելու են՝ Սև ծովի արևմտյան ափի տարածքների թուրքերը ռուսական նվաճման արդյունքում են եկել Թուրքիա։ Ու իրենք իրավունք ունեն օրենքով այդ տարածքներին տեր լինել։ Այնպես որ, սա զանգ է նաև Ռուսաստանին։ Էրդողանը փորձում է դառնալ կայսր։ Նա համարում է, որ Սիրիան պետք է լինի իրենը, Ռուսաստանից հողեր պետք է վերցնեն… Թուրքերի այդ թշնամանքը վաղուց կա ռուսների հետ, ու կապ չունի, որ հիմա Թուրքիան Ռուսաստանի երկրորդ խոշոր գործընկերն է տնտեսական առումով։ Մեր ո՞ր շահից է բխում թելել այն մեծ ասեղը, որը մեզ ծակելու է։ Ինչո՞ւ ենք գնում Եվրոպա, ինչո՞ւ ենք դուրս գալիս ռուսների դեմ։
- Եվրոպա ասվածը ռուսական էժան էներգակիրների վրա նստած, եվրոպական ճաշակին համապատասխանող չինական էժան ապրանքների սպառող ու Ամերիկայի ռազմական ուժի վրա նստած երևույթ էր։ Հիմա ընթանում է Եվրոպայի դեինդուստրիալիզացիա։ Դեինդուստրիալիզացվող Եվրոպային մենք որպես ի՞նչ ենք ուզում միանալ։
- Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտի առանցքային խաղաքարտը Թալեաթի թոռան տրամադրած պապի օրագիրն է, որում նկարագրված են 900 000 հայերի սպանությունները։ Բոլոր նրանք, ովքեր մոռանում են իրենց անցյալը, ապագա չեն ունենում։ Հիմա սրանք ուրանում են Հայոց ցեղասպանության փաստը։
- Մեր հասարակության մեջ պատերազմից վախն էն աստիճանի են բարձրացրել, որ ես վախենում եմ՝ բանականությունը շուտով կլքի մարդկանց։ Ինչո՞ւ են վախենում։ Չկա Պակիստանը, Կատարը, Իսրայելը զբաղված է իր հարցերով… Սրա՛նք են Թուրքիայի հետ օգնել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կա Իրանի 200 000-անոց բանակը, որն ամեն օր բաղձալի նպատակ է համարում վնասազերծել Իրանի հյուսիսը։ Դա Իրանի համար լինել-չլինելու հարց է։ Այս դեպքում ինչպիսի՞ն կլինի Ալիևի ապագան, հայտնի չէ։ Հիմա Իսրայելն Ալիևին ասում է՝ քո տարածքից պիտի խփենք Իրանին, բա հո հենց նենց չե՞նք քեզ լավություն արել։ Ամերիկան ասում է՝ խփելու ենք։ Եթե Իսրայելին հարված հասցրեց Իրանը, Իսրայելը պայթելու է։ Այս իրավիճակում Ալիևը կարո՞ղ է ուժի դիրքերից խոսել։ Դա բուֆոնադա է։ Եթե չկա այն ամենը, ինչի վրա հիմնված է եղել Ադրբեջանի հարաբերական հաղթանակը 2020թ․ պատերազմում, դու ո՞նց կարող ես հոխորտալ նախկինի պես։ Եթե այս իրավիճակում Հայաստանում լիներ ադեկվատ իշխանություն, այլ կերպ պիտի վարեր իր արտաքին քաղաքականությունը, ոչ թե նույն զիջողական, պարտվողական ընթացքն առաջ մղեր։
- Հնդկաստան-Իրան գիծը՝ որպես մակրոգոտի, շատ խորը ազդում է Ռուսաստանի վրա։ Այսօր նույնիսկ ԱՄՆ-ն է վախենում Չինաստանի տնտեսությունից, Ռուսաստանը՝ նույնպես։ Հակամարտության դեպքում չինական տնտեսությունը կուլ կտա Ռուսաստանի տնտեսությունը։ Այս իրավիճակում, պարզ է, որ Ռուսաստանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Հիմա ինչո՞ւ դուրս գալ Ռուսաստանի դեմ այս իրավիճակում։
- ՀՀ իշխանությունն իշխանություն պահելու և սեփական անվտանգությունն ապահովելու խնդիր ունի։ Իշխանություն պահելը սեփական անվտանգությունն ապահովելու նպատակն ունի։ Այս իշխանությունը սպառել է իր լեգիտիմությունը։
- Երևանն ավելի մեծ է, քան Հայաստանը։ Գյումրին, Գյումրիի ընտրությունները շատ կարևոր է, բայց հարցը լուծվելու է Երևանում, և Երևանը՝ որպես այդպիսին, այս իշխանության հետ ընդհանուր ոչինչ չի ցանկանալու ունենալ։
- Կարևորագույն մեր անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սուբյեկտ, իր կառավարման գործընթացներում պետք է ներգրավի համայն հայությանը։ Աշխարհաքաղաքական կարևոր կենտրոններում, մայրաքաղաքներում պետք է լինեն հայության կենտրոններ, որոնք կսպասարկեն համայն հայության պահանջմունքները։ Այդտեղ պետք է կազմվի այն մարդկանց ցանկը, ովքեր պիտի հայերի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնեն։ Դա կարող է լինել նախնական կարճ ժամանակով Ազգային ժողովում Սփյուռքի ներկայացուցիչներին աթոռներ հատկացնելով, ապա՝ ԱԺ պատգամավորական տեղերի տրամադրմամբ։
- Զելենսկին և Փաշինյանը նույն գծի մեջ են: Թրամփը չի սիրում Զելենսկուն, ինչպես չի սիրում բոլոր նրանց, ովքեր դեմոկրատների ձագերն են։ Գոյություն ունեն կոնստանտ հասկացություններ։ Դա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ընդունված չէ Թրամփի կողմից։ Դա իրականություն է։ ԱՄՆ-ի ներսում թշնամանք կա դեմոկրատների դեմ։ Այս մարդը՝ Թրամփը, այդպիսին է։ Զելենսկին ինչքան էլ ընկնի Թրամփի կրծքին, լաց լինի, միևնույն է։ Նույնը վերաբերում է Եվրոպային, Փաշինյանին։ Եվրոպան դարձել է դատարկ չեկեր բաժանող։ Գնանք էնտեղ, ի՞նչ անենք։ Իրենց կիսահանցագործներին բերենք մեզ մո՞տ։
- Ինչո՞ւ պետք է Թրամփը պարտվողի ձեռքը սեղմի:
- Ժողովուրդն իր խոսքը պիտի ասի այնպես, որ, ինչպես գյումրեցիներն են ասում, правильный форма-ն էլ դնեն ընտրություններում, հաղթի սրանց։
- Հայաստանի լիդերը պետք է լինի ինտելեկտուալ, ով տեղյակ է համաշխարհային մեխանիզմներից, և որ, օրինակ, Թրամփի մոտ գնալիս կարողանան բացատրել, որ ինքը դեմոկրատների ստեղծածը չէ։ Պետք է լինի կամային, ճշգրիտ տեսլական ունեցող անձնավորություն, որը հասարակությանը կներկայացնի ճշգրիտ ժամանակացույց։
- Սփյուռքը նոր ինստիտուցիոնալ կազմով ներկայություն պիտի ունենա Հայաստանի կառավարման մեջ։
- Մեզ անհրաժեշտ է միավորվել՝ ընդդեմ այն ամենի, ինչ կրկին բերում են մեր ժողովրդի գլխին։ Պետք է մտնել տնետուն, մարդկանց բացատրել, որ Սահմանադրությունը չպետք է փոխվի Ադրբեջանի պարտադրանքով։ Արտաքին միջամտություն չպետք է լինի մեր ներքին հարցերին։
- Թուրքիան կամայական կերպով չմտավ Սիրիա, իրեն ասացին՝ մտի՛ր, Պուտինին խաբեց, մտավ։
- Թուրքիան Արևմուտքից կառավարելի միավոր է։ Եթե այսօր նա Բայրաքթարներ ու տանկեր է հավաքում, այդ դետալները գալիս են դրսից՝ արևմտյան երկրներից։
- Թուրքիայում ապրում են 6.5 միլիոն իսլամացված հայեր։ Իրական թիվն ավելի մեծ է, որովհետև այստեղից ժամանակին նրանց համար տանում էին Այբբենարաններ, որոնց թիվն ավելի մեծ էր։ Բոլոր ժամանակներում թրի վախի տակ մարդիկ դավանափոխ են եղել։ Բայց այդ պարագայում մենք դադարում ենք հայ լինել։ Պետք է հիշել՝ մենք իսլամական մշակույթի կրող չենք, մենք քրիստոնյա ենք, քրիստոնեական արժեհամակարգի կրողներ ենք, և դա է մեր առավելությունը։