ԳՆԱ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՈՐ ԲՈՒԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱՍ, ՈՉ ԹԵ ՄԻԱՅՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
8 տարի շարունակ մեզ խոստացան ժամանակակից, հասանելի ու մարդակենտրոն առողջապահություն։ Փոխարենը՝ ստացանք ծանրաբեռնված բժիշկներ, անվերջ վարչարարություն, մարզերում դատարկվող բուժհաստատություններ, թանկացող բուժօգնություն ու համակարգ, որտեղ քաղաքացին հաճախ մնում է մենակ իր խնդրի առաջ։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ COVID-19-ի ժամանակ հազարավոր ընտանիքներ ապրեցին ցավ, կորուստ ու անորոշություն։
«Պատերազմից հետո հազարավոր վիրավորներ, տեղահանվածներ ու ընտանիքներ մնացին կիսատ աջակցության պայմաններում։ Այս տարիներին առողջապահությունը հաճախ ավելի շատ զբաղված էր քարոզչությամբ, քան իրական բարեփոխումներով»,- իրավիճակը ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

Վերջինս հավելեց՝ այսօր էլ մարդիկ շարունակում են բուժման համար գումար հավաքել, հերթեր սպասել, մարզերից Երևան հասնել՝ տարրական ծառայություն ստանալու համար։
«Բուժաշխատողը շարունակում է ճնշումների, անորոշության ու չգնահատված աշխատանքի պայմաններում աշխատել»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Ամփոփելով՝ իրավապաշտպանը հանրությանը կոչ արեց անպայման մասնակցել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Գնա ընտրության, որ առողջապահությունը ղեկավարեն մասնագետները, ոչ թե քաղաքական շահերը։ Գնա ընտրության, որ բժիշկն արժանապատիվ աշխատի իր երկրում։ Գնա ընտրության, որ քաղաքացին բուժվելու իրավունք ունենա, ոչ թե միայն վճարելու պարտականություն։ Գնա ընտրության, որովհետև առողջապահական սխալների գինը մարդկային կյանքերն են»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:



