Ճապոնիան և Չինաստանը միմյանց մեղադրում են ռազմական կարողություններն ընդլայնելու համար

Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին հակադարձել է ճապոնական «նոր միլիտարիզմի» մասին Չինաստանի պնդումներին՝ փոխարենը Պեկինին մեղադրելով անբավարար թափանցիկությամբ բանակն ընդարձակելու մեջ:

Չինաստանը շարունակում է բարձր տեմպով ավելացնել իր պաշտպանական ծախսերը, Սինգապուրում անցկացված «Շանգրի-Լա» երկխոսության ժամանակ ասել է Կոիզումին. «Չինաստանի արտաքին քաղաքական մոտեցումները և ռազմական ակտիվությունը միաժամանակ լուրջ մտահոգություն են առաջացնում Ճապոնիայի և միջազգային հանրության շրջանում»:

Նա հակադարձել է չինական կողմի քննադատությանը, թե Ճապոնիան «նոր միլիտարիզմ» է որդեգրել. «Մտածե՛ք, կա երկիր, որը միջուկային զինամթերքի և ռազմավարական ռմբակոծիչների հսկայական զինանոց ունի: Ճապոնիան չունի այս զինատեսակներից և ոչ մեկը: Ու Ճապոնիա՞ն է զբաղվում «նոր միլիտարիզմով»:

Այս ամիս Չինաստանի արտգործնախարարությունը ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներին կոչ էր արել զգոն լինել և «համատեղ դիմադրել Ճապոնիայի նեո-միլիտարիզմի անխոհեմ գործողությունները»:

Սինգապուրյան միջոցառման ժամանակ Չինաստանի պատվիրակ գեներալ-մայոր Մենգ Սիանգքինգն իր հերթին Տոկիոյին կշտամբեց:

«Խիստ կասկածում եմ՝ կարո՞ղ է, արդյոք, միլիտարիզմի թունավոր ժառանգությունը լիարժեքորեն չոչնչացրած երկիրը միջազգային միջոցառումների ժամանակ խոսել պաշտպանական գործակցությունից, կարո՞ղ է, արդյոք, շահել միջազգային հանրության վստահությունը, հատկապես այն ասիական երկրների, որտեղ ժամանակին ներխուժել էր», – ասել է Սիանգքին։

Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիների ցածրակետին են հասել այն բանից հետո, երբ նոյեմբերին Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչին նախազգուշացրեց, որ Թայվանի վրա Չինաստանի պայմանական հարձակումը կարող է արժանանալ Ճապոնիայի ռազմական արձագանքին։

Ապրիլին Տոկիոն չեղարկեց զենքի արտերկրյա վաճառքի մի շարք սահմանափակումներ՝ ճանապարհ հարթելով ռազմանավերի, հրթիռների և այլ զինատեսակների արտահանման համար։

Ճապոնիայի պաշտպանության նախարարն իր խոսքում վերահաստատել է հանուն կայունության Չինաստանի և տարածաշրջանային այլ խաղացողների հետ երկխոսելու հանձնառությունը․ «Մենք դուռը բաց ենք թողնում», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031