Գործող իշխանությունները, հասկանալով այս փոփոխությունները, փորձում են դեմքով շրջվել դեպի Մոսկվա․ Արմեն Մանվելյան

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն օրերս Անկարայում Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ դարձյալ խոսեց Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին՝ նշելով․ «Նախիջևանը հնագույն ադրբեջանական հող է։ Սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Սրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին․․․»։

168am-ն այս համատեքստում միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից հետաքրքրվեց՝ այս հայտարարարությունը նոր էսկալացիայի նախերգա՞նք էր, թե՞ ուղղակի սպառնալիք՝ նոր զիջումներ պարտադրելու համար։

«Առկա աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների պայմաններում կանխատեսումներ անելը բարդ է, սակայն, ըստ իս, սա առավելապես պետք է ընկալել իբրև հերթական սպառնալիք, որովհետև այս պահին Անկարան կենտրոնացած է իր համար կենսական այլ խնդիրներով՝ Ուկրաինայի, Սիրիայի հարցերով»,- ի պատասխան՝ նշեց Արմեն Մանվելյանը։

Նա սակայն հավելեց, որ այս իրողությունների համատեքստում, այսպես կոչված, Սյունիքի հանդեպ նկրտումների հերթական արարը՝ «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանի համար չափազանց կարևոր է։

Կարդացեք նաև

«Ադրբեջանն Անկարայից բացեց Իգդիր-Նախիջևան գազամուղը, որով Նախիջևանը որոշակիորեն ինքնավարություն ստացավ գազամատակարարման առումով (դա ադրբեջանական գազն է, որը Կարսով, Իգդիրով արդեն կհասնի Նախիջևան): Նախկինում Նախիջևանն այս հարցում կախված էր Իրանից, այսինքն՝ այս կերպ նրանք փորձում են չեզոքացնել Իրանի կարևորությունը։

Կան որոշակի սիմպտոմներ, որոնք բավականին մտահոգիչ են, և Ադրբեջանը, որը չի թաքցնում իր նկրտումները Սյունիքի նկատմամբ, փորձում է դրանք մասամբ բավարարել «Զանգեզուրի միջանցք» անվանած ծրագրով։ Հաշվի առնելով, որ Հայաստանում գործող քաղաքական ռեժիմը դիմադրողականություն չունի ու նաև կոտրում է իր ու բնակչության դիմադրողականությունը, ապա Ադրբեջանի կողմից իրենց նպատակին հասնելը, ցավոք, վաղ թե ուշ կիրականանա»,- մանրամասնեց փորձագետը։

Արմեն Մանվելյանն անդրադարձավ նաև հարցին, թե այս իրողությունների պայմաններում ինչպե՞ս պետք է դիրքավորվի իշխանությունը, եթե իշխանափոխության հեռանկարը տեսանելի չէ։

«Ես, ինչքան հասկանում եմ, գործող իշխանությունները հասկանալով այս փոփոխությունները, փորձում են շրջվել դեմքով դեպի Մոսկվա։ Ես չգիտեմ՝ դա իրենց կհաջողվի՞․ իրենք վստահություն չունեն Մոսկվայում, ի դեպ, իրենք իրենց վստահությունը կորցրել են նաև Թրամփի վարչակազմի մոտ, երբ Բայդենի հեռացող վարչակազմի հետ ստորագրեցին ինչ-որ փաստաթուղթ։

Ամեն դեպքում, եթե Երևանին հաջողվի ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ հարաբերություններ բարելավել, ապա դա լուրջ զսպող գործոն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի դեպքում»։

Տեսանյութեր

Լրահոս