Հարց է՝ ունե՞նք ապրելու իրավունք, թե՞ ոչ. ՉՊԵ՛ՏՔ է թույլ տալ Ռուբեն Վարդանյանի ինքնազոհությունը. Նիկոլ Փաշինյանը ձախողված ֆիգուր է, դանակը ոսկորին է հասել, ցախավելը դեռ չկա. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այո՛, Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է։ Նա մեր բոլորիս հավաքական կերպարն է։ Ադրբեջանում հայ ժողովուրդը դատապարտվում է՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի։ Տրամաբանական կլիներ, որ լիներ համաժողովրդական ցասում, ավելին, այդ ցասումը պետք է ուղղորդվեր ՀՀ իշխանությունների կողմից։ Բայց մենք չունենք ադեկվատ ընկալում իշխանությունների կողմից։ 
  • Ըստ էության Ռուբեն Վարդանյանը մերօրյա Սասունցի Դավիթն է, որը մնացել է ժողովրդի ուշադրությունից դուրս։ Նա Բաքվի բանտում պայքարում է բոլորիս փոխարեն։ Երկու անհայտով հավասարում է։ Պետք է լինի ադեկվատ ճնշում իշխանությունների նկատմամբ։ Ցավոք, համաժողովրդական ցասում չեղավ նաև 2023թ․սեպտեմբերին՝ Արցախի բռնի տեղահանության օրերին։ Ադրբեջանական վանդալիզմը, ցեղասպանությունը որևէ ադեկվատ վերաբերմունքի չարժանացավ։ Այսօր կատարվողը դրա շարունակությունն է։ Պետության ավարտին ենք հասել, բայց այդ զգացողությունը հասարակության մեծ մասի մոտ, ցավոք, չկա։ Չկա այն համաժողովրդական շարժումը, որը ցախավելի շարժումով սրանց կուղարկեր պատմության աղբանոցը։ 
  • Այս ամենի գլխավոր մեղավորն իշխանությունն է։ Արարատ Միրզոյանի և մյուսների որոշակի հայտարարությունները պատեհապաշտական հայտարարություններ են։ Դրանք արվում են ներքին լսարանի համար՝ իրենց մանր քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։
  • Եթե մենք գիտակցում ենք, որ Ռուբեն Վարդանյանը գնում է ինքնազոհության, չպետք է թույլ տաս, որ այդ ինքնազոհությունը տեղի ունենա։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հագել է մահապարտների շապիկն ու պայքարում է Բաքվի բանտում։ 
  • Ցավալին այն է, որ Արցախի հայաթափությունը լուռումունջ ընդունող ազգը սա էլ է լուռումունջ ընդունելու։ Ռուբեն Վարդանյանի ճակատագիրն այն ցուցիչն է, որով պետք է աշխարհում քննություն բռնենք՝ ունե՞նք ապրելու իրավունք, թե՞ ոչ։ 
  • Բոլոր հասարակություններում լինում են մոլախոտեր, բայց դրանք չեն աճում այնքան, որ արմատախիլ անեն հաստաբուն ծառերը։ Մենք մեր հողին պատշաճ քանակի քրտինք չենք տվել, դրա համար այսօր արյուն ենք տալիս, ինչպես ժամանակի Գարեգին Առաջին կաթողիկոսն էր ասում՝ մարդկային մարմնի մեջ երկու կարևոր հեղուկ կա՝ քրտինք և արյուն, և եթե դու պատշաճ քրտինք չես թափում, հետո արյուն ես թափելու։
  • Հասարակությունը պիտի պահանջի և ցույց տա, որ ինքն ուզում է և իրավունք ունի ապրել նորմալ պետությունում։ Դա պետք է անել հին հայկական ավանդական համախմբման միջոցով, որի մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի ձգտում դրան։ Համախմբման համար պետք է ընտրել առանցքային 3 օրակարգային հարց, որի շուրջ պիտի համախմբվեն բոլոր քաղաքական տարակարծություններ ունեցող մարդիկ։ Դանակը ոսկորին է հասել։ Համախմբումը պետք է լինի գաղափարական՝ իշխանության հեռացում, պետության փրկում, ազգային համաձայնության կառավարության ձևավորում. դրանից հետո նոր պետք է գնալ քաղաքական գործընթացների։ Համախմբումը կեղծ է լինում, երբ համախմբման ձգտողներն են կեղծ։ Համախմբումը քաղաքական ամբիցիաների ցուցադրություն չէ։
  • Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կարևոր մեսիջը, իմ կարծիքով, հետևյալն էր՝ «ես մտնում եմ պայքարի մեջ»։ Ինքը բոլորին հասկացրեց՝ քաղաքականությունից չի հեռանում, ըստ էության, ասաց՝ պայքարելու եմ՝ կա՛մ իմ որդու, կա՛մ իմ, կա՛մ էլ կտեսնենք՝ ում դեմքով։ Բայց մի բան հստակ էր, որ ասաց նաև՝ եթե ուզում եք բան պայմանավորվել, ապա՝ ինձ հետ։

Կարդացեք նաև

  • 2021թ․միգուցե չպետք էր գնալ ընտրությունների, բայց այդ ժամանակ մնալու մանդատ Նիկոլ Փաշինյանը կոնսենսուսով ստացել էր արտաքին ուժերի կողմից։ Հիմա իրավիճակն այլ է։ Բոլոր աշխարհաքաղաքական խաղացողներն իրենց ստանալիքը ստացել են։ Ով էլ չի ստացել, տեսել է, որ Փաշինյանն ամեն ինչ ձախողել է։
  • ԱՄՆ-ը արմատական վերափոխման շեմին է կանգնած։ Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու կոնսենսուսի մասին խոսք չկա, ինքը ձախողված ֆիգուր է։ Այսօր էլ տեղի ունենան ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չունի։
  • Ընդդիմադիր դաշտը պետք է լինի ստերիլ, ունենա կանոններ ու չանցնի դրանք։
  • Արման Թաթոյանն առաջին անգամ քաղաքականություն մտնելու հավակնություն ունենալու մասին հայտարարել է 2024թ․ապրիլի 25–ին ձեր եթերում։ Մինչ այդ նա քաղաքական հավակնություններ չի ունեցել։ Այլ բան է, որ հասարակությունը նրանից ունեցել է սպասումներ։ Այդ հարցազրույցից օրեր հետո մեկնարկել է Սրբազան շարժումը։ Բնականաբար, մարդը պասիվացրել է իր գործողությունները, որ չվնասի շարժմանը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է.

«2017 թվականի համեմատ՝ Հայաստանի տնտեսությունն աճել է 43.5 տոկոսով. սա ահռելի  աճ է, սա նշանակում է, որ տարեկան 6.1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել»։

ՔՊ-ական Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին օրեր առաջ ցնծում էր Ֆեյսբուքում.  «Քիթդ միշտ բարձր Հայաստան ջան։

5,9% տնտեսական աճ 2024-ին։ 10 տրիլիոնի շեմը անցանք։ Ուշադրություն դարձրեք, թե որտե՞ղ էինք 2017-ին ու ինչպես տնտեսությունը չէր աճում 2013-2017 հատվածում»։

  • Չէի ուզի անդրադառնալ այն մարդկանց հայտարարություններին, ովքեր տնտեսությունից ոչինչ չեն հասկանում։ Իհարկե, 10 տրիլիոնի շեմն անցել են, բայց ինչպես ասում են, «լյա՞րդդ ոնց է, լյարդդ»։ Այսինքն՝ տնտեսության կառուցվածքդ ցույց, տնտեսությունդ ինչի՞ց է կառուցված։ Կառուցվածքային առումով, ցավոք սրտի, մեր տնտեսությունը շատ վատն է։ Ասենք՝ էդ ոսկին էլ պրծավ, որ արտահանեք, ի՞նչ եք անելու։ Վարկ են վերցնում՝ աշխատավարձ տալու համար։ Էդ սուբյեկտը՝ Գևորգ Պապոյանը, ով վերջերս էլի ընկավ սկանդալի մեջ պետական պարտքի հետ կապված իր հայտարարություններով, չի հասկանում, որ 12 միլիարդ, 842 միլիոն ԱՄՆ դոլար պարտքի մասին տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարությունը և Վիճակագրական կոմիտեն։ Ինչի՞ Հայաստանը քիթը բարձր պահի, որ քեզ նման ապիկար տնտեսական քաղաքականություն իրականացնող ղեկավար ունի՞։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։

2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։

Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։

Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։ 

  • Սպառողական վարկերը Հայաստանում ահավոր մեծ ծավալների են հասել։ Դրանց սահմանափակումը ոչ թե բանկերի ռիսկերի հետ է կապված, այլ տալիս է ուղենիշ՝ ինչպիսի դրամավարկային քաղաքականություն է իրականացնում Կենտրոնական բանկը։ Սպառողական վարկերը բարձր տոկոսներով են տրվում։ Ծավալային առումով հասել են կատաստրոֆիկ մեծ ծավալների, ու Կենտրոնական բանկն այստեղ խնդիր է տեսնում։ Ամբողջ ազգաբնակչությունը վարկի տակ է։
  • Թրամփը մեջքով կանգնած է դեպի արտաքին աշխարհը, դեմքով՝ դեպի Ամերիկան։ Մենք այնքանով կարող ենք հետաքրքիր լինել նրա համար, որ Իրանի հետ ունենք ընդհանուր սահման։ Բիզնես կանոններով մենք նրան հետաքրքիր չենք։ Թրամփը խոսում է Ռուսաստանի հետ, և պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարարը նախ մեկնեց Թուրքիա, ապա՝ Իրան։ Հիմա մենք ապրում ենք համընդհանուր պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակաշրջանում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելով՝ Թրամփը ձգտում է դեպի Չինաստան։ Սա չպետք է մոռանալ։ Չինաստանը մեր տարածաշրջանում՝ Վրաստանում, արդեն կա, իր ներդրումներով։ Չինաստանը գերտերություն է, 2050թ․ իր ՀՆԱ-ով տեղերով ԱՄՆ-ի հետ փոխվելու է ու դառնա առաջինը։ ԱՄՆ-ը սա լավ գիտի։ Թրամփյան Ամերիկան պրագմատիկ Ամերիկա է։
  • ԲՐԻԿՍ-ի մասին խոսակցությունները հիմա թուլացել են, բայց ինչ-որ պահի այդ կառույցն ունենալու է հստակ դերակատարություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս