«Մի բան հասկանալի չէ. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա և ԵԱՏՄ նիստը ինչո՞ւ չվերածեց իր նախընտրական PR-ի». Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի:
Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու «քաջալերում» են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «Touch-and-Go» այցը, Հայաստանի հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մասին ստորագրված հուշագիրը, այնուհետև՝ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը ևս նախընտրական աջակցության վերածվեց: Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Երևանն էր խնդրել, նման գրառում անել:
Նախընտրական ցուցահանդեսի վերածված զորահանդեսը և դրա մատուցումն իրականացվեց ոչ թե պետության ռազմական ուժի դրսևորման, այլ մեկ անձի շուրջ քարոզչության նպատակով: Ամբողջը քարոզչական տեքստն ուղղված էր ոչ թե պետության տարածքային ամբողջականությանն ու անձռմխելիությանը, այլ քարոզվում էր՝ «տեսեք ինչ վատն են նախկինները ու ինչ լավն է Նիկոլը» թեզը: Իրականում, հայկական զորահանդեսների գաղափարաբանության համար պատեհ առիթը՝ սեպտեմբերի 21-ի անկախության հոբելյանական տարեդարձներն են:
Ասում են, որ առաջիկա օրերի գինու փառատոնը ևս ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի անձի՝ ուղղակի և անուղղակի քարոզչությանը: Կենացների, ողջագուրումների ու պաչիկների բեմադրություններ, ցափ-ծիծաղ, երգ ու պար… Մի խոսքով, սիրելի ժողովո՛ւրդ, «մէ քեֆ, մէ ուրախություն»-ը ձեզ Նիկոլ պապին է պարգևել:
Այս ամենը հասկանալի է: Աղետներից, պատերազմներից, մարդկային, տարածքային կորուստներից ու վնասներից հետո, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար, ծխածածկույթ կարող էին ապահովել միայն չընդհատվող շոուներն ու մասշտաբային մանիպուլյացիաները:
Մի բան հասկանալի չէ: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա (որտեղից ստացել էր «Ոսկե Արծիվ» բարձրագույն պետական պարգևը) և ԵԱՏՄ նիստը ինչո՞ւ չվերածեց իր նախընտրական PR-ի: Արձակուրդից մեկ օրով վերադառնալը դժվար չէր:
Չեմ կասկածում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ կարող էր այդ նիստից ունենալ նախընտրական օգուտ՝ ստանալով ԵԱՏՄ անդամ երկրների լիդերների բարի խոսքերն ու հաջողության մաղթանքները՝ նա անպայման կգնար:
Իսկ ՔՊ քարոզչության «ռահվիրաները» կաղմկեին ևս մեկ աշխարհացունց ու աննախադեպ դիվանագիտական ձեռքբերման մասին: Նրանք հայ տնտեսվարողներին կպատմեին, թե ինչպե՛ս է քաջաբար մարտնչող Փաշինյանը ճանապարհ հարթում դեպի ԵԱՏՄ շուկաներ՝ հանուն մեր քաղաքացիների բարօրության: Այնպես, ինչպես անում էին առ այսօր, երբ Նիկոլը մասնակցում էր ԵԱՏՄ բոլոր նիստերին:
Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին: Հետևաբար, ի՞նչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, նա չի կորցնի վստահությունը նաև Արևմտյան աշխարհի մոտ:
Գուցե այդ պատճառո՞վ է ամերիկյան վարչակազմն առաջնորդվել՝ «երեկոյան հազվագյուտ մետաղների հուշագիրը՝ առավոտյան աջակցությունը» պրագմատիկ սկզբունքով:
Շարունակ միմյանց հակասող հայտարարութուններ անող ու հակասական քաղաքականություն վարող երկրի կառավարիչներին դժվար է վստահելը»:



