Կուբան ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական ոլորտներում
Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական կարևորության ոլորտներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբայի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել է 2026-2030 թվականների համատեղ գործողությունների նոր ծրագիրը, ըստ որի կղզին պետք է դառնա առևտրային և լոգիստիկ հանգույց, որով միության երկրները դուրս կգան Լատինական Ամերիկայի շուկաներ։
Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Մեսան հայտարարել է, որ Հավանան լիակատար պատրաստակամություն է հայտնում համատեղ աշխատելու այնպիսի պայմանների ու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, որոնք թույլ կտան ապահովել կուբայական ապրանքների և ծառայությունների լայն ներկայությունը այս կարևոր շուկայում։
Նրա խոսքով՝ Հավանայի առաջնահերթություններից մեկը Կուբայի տնտեսական և սոցիալական զարգացման մեջ եվրասիական ներդրողների ու ֆինանսական կառույցների մասնակցության խթանումն է, հատկապես՝ ռազմավարական նշանակության ոլորտներում։
«Կուբան պատրաստ է նաև կիսվել միջազգային բժշկական համագործակցության իր փորձով, ինչպես նաև նոր բիոֆարմացևտիկ արտադրանքների հետազոտությունների ու մշակումների արդյունքներով»,-հայտարարել է Մեսան։
Կուբայի փոխնախագահը նաև հայտնել է, որ Հավանան պատրաստ է ավելի ակտիվորեն ներգրավվել Եվրասիական տնտեսական միության լոգիստիկ և տնտեսական նախաձեռնություններում։
Նա նշել է, որ Կուբան համագործակցության ընդլայնման գործնական հնարավորություններ ունի, մասնավորապես՝ «Մարիել» զարգացման հատուկ գոտու միջոցով, որը կարող է ինտեգրվել միջազգային և մուլտիմոդալ լոգիստիկ կենտրոնների ստեղծմանն ուղղված ԵԱՏՄ նախագծերին։
«Դա թույլ կտա մեծացնել առևտրի և տնտեսական համագործակցության ծավալները Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ»,-ասել է Մեսան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կարող է օգտագործել նաև Կուբայի շահավետ աշխարհագրական դիրքը, «Մարիել» հատուկ գոտու արդյունաբերական ներուժը, ինչպես նաև նավահանգիստների ու մաքսային ծառայությունների զարգացող ենթակառուցվածքները։
«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը հրատապ անհրաժեշտություն է»,-հայտարարել է Կուբայի փոխնախագահը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ երկրներին՝ ԱՄՆ-ի կողմից ճնշումների պայմաններում ցուցաբերած համերաշխության համար։ Մեսան նշել է, որ չնայած ագրեսիային՝ Կուբան մենակ չէ։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին ուժեղացրել է քաղաքական և տնտեսական ճնշումը Կուբայի նկատմամբ։ Մասնավորապես, հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծման վրա, որոնք նավթ են մատակարարում Կուբային, ինչպես նաև արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ԱՄՆ ազգային անվտանգությանը իբր սպառնացող կուբայական վտանգի հետ։ Այս միջոցը սրել է վառելիքի դեֆիցիտը կղզում, անդրադարձել է էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի աշխատանքի, սննդամթերքի արտադրության, առողջապահության և կրթության վրա։
Մայիսի 20-ին ԱՄՆ-ն մեղադրանքներ է ներկայացրել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի և այլ անձանց՝ ամերիկացիների սպանության նպատակով իբր դավադրություն կազմակերպելու համար։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքները զուրկ են իրավական հիմքերից, իսկ դրանց նպատակը կղզու դեմ ռազմական ագրեսիան արդարացնելն է։
ԵԱՏԲԽ ընթացիկ նիստը առաջինն է այս տարի և 26-րդը՝ ԵԱՏՄ գործունեության մեկնարկից ի վեր։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ գոյության ընթացքում միության երկրների համախառն ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 3,01 տրիլիոն դոլարի, անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը՝ 72%-ով։ Բացի այդ, 2025 թվականի արդյունքներով միավորման ՀՆԱ-ն աճել է 1,7%-ով։



