168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում հյուրընկալվել է Արագածոտնի թեմի հոգևորական, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։
Զրույցի մի քանի թեզեր՝ ստորև․
• Այս անկախության, Առաջին Հանրապետության տոնն ինձ համար սկսում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Սսից դեպի Էջմիածին վերադարձով՝ 1441 թ․-ին, որը նաև առաջիկայում պիտի տոնենք հունիսի 7-ին։ Տեղափոխման ակունքներում եղողների աղոթքների պատասխանն էր Առաջին Հանրապետությունը, որ ծնվեց նաև պայքարի բովում՝ Սարդարապատով, Ապարանով, Վանաձորի ճակատամարտերով։ Ու եկեղեցին, ժողովուրդը, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց դրսևորեցին հերոսական։ Եթե Հանրապետությունում մարդիկ չեն լինում, որ պատրաստ են հանուն հայրենիքի իրենց կյանքը դնել, այդ հայրենիքը չի կարող գոյատևել․ հայրենիքները ծնվում են հայրենասիրությամբ, պետությունները ստեղծվում են միաբանությամբ և կործանվում են հայրենասիրության պակասից, բնականաբար։

• Մեզ «գործակալ» ասողներն իրենք պետության գաղափարը չունեն․ որոշ իշխանավորներ փորձում են իրենց նույնացնել պետության հետ, և իրենց աթոռը, իրենց անձնական շահերը, իրենց վերարտադրողականությունը նաև իշխանական աթոռներին իրենք համարում են պետության գոյություն, և եկեղեցուն հակադրում են դրան։ Եկեղեցին երբեք պետության դեմ չի գործել․ այն շրջանում, երբ պետականության կորուստ ենք ունեցել, պետականության գաղափարը եկեղեցին է պահել, և որի նաև դրսևորումն է եղել Առաջին Հանրապետությունը, որը ձևավորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համայնքի հիման վրա և նաև եկեղեցականների նահատակությամբ։
• Փա՛ռք Աստծու, պարզ ժողովուրդը, մեծ մասը գնահատում է եկեղեցուն, եկեղեցու վաստակը․ եթե մենք գործակալ ենք՝ մեր ազգի գործակալներն ենք, մեր եկեղեցու գործակալներն ենք, և մեզ համար բարձրագույն արժեք է՝ մեր հավատքը, մեր պետականությունը, մեր հայրենիքի անսասանությունը։ Ու մենք չենք կարող լռել, երբ Բաքվի բանտերում ունենք հայ ազգի գերիներ, նաև չենք կարող լռել այն պարագային, երբ Արցախի տարածքում մեր սրբավայրերը ոչնչացնում են, նաև մեր կողմից դատապարտելի է որոշ իշխանավորների լռությունը՝ Ցեղասպանության հարցով, գերիների վերադարձի հարցով, արցախցիների իրավունքների հարցով։

• Իշխանությունները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, իրենք ընտրարշավ, ազնիվ ընտրարշավ չեն վարում․ նախ՝ ՔՊ-ն պիտի չգրանցվեր․Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է իրենց գրանցումը մերժեր, որովհետև իրենց նախընտրական ծրագրում հակասահմանադրական կետեր կային։ Եկեղեցու, Մայր Աթոռի գործերին միջամտելու հակասահմանադրական կետերի առկայությունը Նիկոլ Փաշինյանի համար առիթ է՝վարչական ռեսուրսով, ընտրակեղծիքներով և այլն, վերարտադրվելու դեպքում եկեղեցու նկատմամբ բռնություններ կիրառելու, նա ձեռքերին ազատություն պիտի տա՝ հասարակությանը ներկայացնելով կամ միջազգային հանրությանը, թե ժողովուրդն իրեն նման մանդատ է տվել։
• Տեսնում ենք, որ կարգալույծ հոգևորականները, նախկին հոգևորականներ, օրինակ՝ Ստեփանը, Արամայիսը և իրենց նման կարգալույծներն իշխանության հավաքներին ինչպիսի ակտիվ մասնակցություն են ունենում։ Ստեփան Ասատրյանի՝ օրինակ, ֆեյսբուքյան էջի հայտարարությունն եմ տեսել Մկրտիչ սրբազանի դեմ, ասում էր, որ իրեն պարտադրել են ընդդիմության հավաքներին մասնակցել, երբ որ ես այդ նույն թեմի քահանան եմ եղել, երբեք ընդդիմության հավաքներին ինձ մասնակցելու պարտադրանք չի եղել։ Ու տեսնում ենք՝ այսօր Ստեփան Ասատրյանը, Արամայիսը և իրենց նման կարգալույծներն իշխանությունների տարբեր հավաքներին ակտիվ ներգրավված են և նույնիսկ ապօրինի կերպով, ինքնիրավչությամբ, պետական պաշտոնյայի հովանավորչությամբ զավթած Հովաննավանքը թողած՝ նախընտրական քարոզարշավի է մասնակցում, ընկերների, ընկերուհիների հետ․ գլխաքանակ են ապահովում իշխանությունների էս հավաքներին։
• Զորահանդեսը ցուցադրելու համար էր, բայց ես կուզեմ բովանդակությունը լինի, չլինի այն ՍՈՒ-երի պատմության նման, որ դրանք կային, բայց հրթիռները չկային, զորահանդեսով չի, զորավարժությամբ է, և Հայաստանը պիտի համատեղ զորավարժություններ անի ժամանակ առ ժամանակ բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ Եվ նաև՝ եթե ռազմական տեխնիկայի գնումներ եք կատարել, Ալիևից այդ անբնական վախն ինչո՞ւ է։
• Ես որևէ դեպքում ներկա իշխանություններին ինքս ձայն չեմ տա, որովհետև իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը չեմ կիսում, բայց հրաշալի թեկնածուներ կան, որոնց կարելի է ձայն տալ՝ Ռոբերտ Քոչարյան, Արման Թաթոյան, Սամվել Կարապետյան՝ Ազգային մեծ բարերար։
• Օրինակ, Նարեկ Կարապետյանին եմ վերջին շրջանում Բյուրական իր այցի ժամանակ հանդիպել․ երանի չհանդիպեի, որովհետև իրեն հանդիպելուց հետո Նիկոլ Փաշինյանից ավելի հիասթափվեցի։ Այնտեղ վերջում էլ ֆուրշետի սեղան էր պատրաստված․ հատուկ ուշադրություն դարձրեցի, թե սեղանից ո՞նց է օգտվելու․սեղանից չօգտվեց, շուրջիններին էր հյուրասիրում։
• Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ Սրբազանը,ազատության մեջ է․ մենք էլ պիտի Թեմի երեսնամյակը նշենք, բայց մեր ուրախությունը լիարժեք չէ, որովհետև Սրբազան հոր նկատմամբ սանկցիաներ են կիրառվում․Սրբազան հայրն իրավունք չունի առաջնորդարան այցելել, թեմի եկեղեցիներ այցելել, թեմի քահանաներիս հանդիպել։ Ինձ համար, օրինակ, շատ դժվար էր Մայր Աթոռում քահանայից ժողովի մասնակցել և թեմակալ առաջնորդի հետ մտերմիկ մի զրույց չունենալ։
• Իմ ձայնը կտամ այնպիսի թեկնածուի, որը խորհրդարան անցնելու հնարավորություն ունի, այսինքն, ձայնս չի փոշիանա ոչ մի դեպքում, և չեմ ընտրի ներկա իշխանություններին, բայց եթե քաղաքացիներ կան, որ գնալու են իրենց էլ ընտրեն, իրենց ազատ իրավունքն է, ուղղակի, մեր քաղաքացիներին կխնդրեի, որպեսզի բոլորը գնան և մասնակցեն ընտրությանը, իրենց ձայնըշատ վճռորոշ է, մեզանից յուրաքանչյուրի ձայնը վճռորոշ է։
• Մենք չենք ուզում վախեցած նայել Արարատ լեռանը, մենք ուզում ենք ունենալ հզոր բանակ, որ մեր անվտանգությունը կապահովի, մենք ուզում ենք լավ հարաբերություններ մեր հարևան բարեկամների հետ։
• Տե՛րն է մեր հովիվը, և մենք ոչնչի պակասություն չենք ունենալու․ այժմ չունենք, հավիտյան էլ չենք ունենալու, և որպես պատգամ՝ մեր հասարակությանը կասեմ, որ գնան ընտրության, կատարեն իրենց քաղաքացիական պարտքը՝ հանուն մեր պետականության, մեր հայրենիքի և ի բարօրություն մեր եկեղեցու։