«Սատկացնելու եմ, կզացնելու եմ». Դատախազության կարծիքով Փաշինյանի այս արտահայտություններում հանցակազմ չկա
Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունների առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Դատախազությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու արձանագրության օրինականությունը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին «չոքցնելու եմ», «սատկացնելու եմ» արտահայտություններ էր արել։
Դրանից հետո «Ուժեղ Հայաստան»–ի ցուցակի երկրորդ համար, փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում էր ներկայացրել ինչպես իրավապահներին, այնպես էլ ԿԸՀ–ին։ Քննչական կոմիտեն, սակայն, արձանագրել է, որ Փաշինյանի հայտարարությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում և վարույթ չնախաձեռնելու որոշում էր կայացրել, որոշման օրինականությունը հաստատելու նպատակով այն ուղարվկել էր դատախազին։
ԿԸՀ–ն ևս մերժել էր Արամ Վարդևանյանի դիմումը՝ քննարկման առարկա դարձնել ՔՊ–ի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։
Վարդևանյանն առանձնացրել էր նաև Փաշինյանի հրապարակային ելույթներից տարբեր դրվագներ, որոնցում նա Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», օգտագործում «հանցավոր մաֆիա», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «դուրս են եկել վերջին մարտի՝ իշխանությունը խլելու» արտահայտությունները։



