Եվրոպան կրակեց իր ոտքին. մեզ ԵՄ չեն ընդունելու, Թրամփին այս պահին Հարավային Կովկասը չի հետաքրքրում, Ադրբեջանը Հայաստանում ուզում է երթևեկել իր տան պես. Բենիամին Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի ճշգրիտ թիվը երբեք էլ չենք իմանա, հարյուր-հազարավոր մարդկանց կյանքեր է արժեցել։ Բայց դա այս պատերազմը կանգնեցնելու մոտիվներից միայն մեկն է։ 
  • 2022թ․ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ռուս-չինական կապերն ավելի սերտացան, և հիմա Թրամփը մտածում է, որ եթե պետք է մրցակցի Չինաստանի նման զարգացող տնտեսություն ունեցող երկրի հետ, շատ ավելի լավ կլինի մրցել միայն Չինաստանի հետ, որովհետև շատ ավելի բարդ կլինի մրցել Ռուսաստանի հետ ռեսուրսները մեկտեղող Չինաստանի հետ։ Սա նույնպես այս պատերազմը կանգնեցնելու մոտիվներից է։ 

Մենք դեռ երկար ամիսներ ականատես կլինենք Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը, բայց գրեթե վստահ եմ՝ այդ ամիսների ընթացքում ռազմական ինտենսիվ գործողությունները կշարունակվեն։

Կարդացեք նաև

  • Եվրոպան կամ ԵՄ-ն հայտնվել է բավականին հիմար վիճակում։ Բայդենի ճնշմամբ՝ եվրոպական երկրները հրաժարվեցին Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից։ Դրա արդյունքում ամերիկյան տնտեսությունը շահեց։ Եվրոպան կրակեց իր ոտքին՝ ականջ դնելով այն թեզին, թե Ռուսաստանը չարիք է, ու պետք է նրա դեմ պայքարել։ Ու հիմա գալիս է Թրամփը ու ասում՝ չէ, Ռուսաստանն այնքան էլ չարիք չէ։ Եվրոպան չգիտի՝ ինչ անի։ Սպորտային տերմինաբանությամբ նրանք հիմա 2-րդ լիգայում են՝ ամերիկացիներին կուրորեն հավատալու համար։ Մինչդեռ հիմա ռուսներն ու ամերիկացիները դեմ առ դեմ նստած են բանակցությունների սեղանին, իսկ այդ սեղանի մոտ Եվրոպան չկա։ 
  • 1991թ․ դեկտեմբերին՝ ԽՍՀՄ-ը փլուզվելու պահին, Ուկրաինայում կար 51 միլիոն մարդ, հիմա՝ 22 միլիոն։ Բնակչության առնվազն 60%-ն Ուկրաինան 34 տարում կորցրել է։ Այս 3-ամյա դաժան պատերազմի հիմնական զոհն Ուկրաինան էր, երկրորդը՝ Եվրոպան։
  • Ուկրաինայի այս պատերազմից ամերիկացիները շահել են թե՛ աշխարհաքաղաքական առումով, թե՛ ֆինանսական։ Եվրոպան տուժեց, Ուկրաինան չկա, Ռուսաստանը և Չինաստանը և՛ շահեցին, և՛ կորցրեցին։

  • Որքան հասկանում ենք՝ շատ մոտ ապագայում Հայաստանում լինելու են խորհրդարանական ընտրություններ։ Ներքին սոցիալական թեմաներ կլինեն, բայց կքննարկվի նաև արտաքին քաղաքական թեման, որտեղ մենք ունենք մեծ կորուստներ։ Իշխող ուժը՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի ցանկանում մասնակցել ընտրություններին և ասել՝ այո, արտաքին քաղաքականության մեջ շատ մեծ ձախողումներ ունեցանք, բայց մենք այսքան ասֆալտ ենք արել, և այլն, և այլն: Ընտրությունների նախաշեմին մարդկանց կասեն՝ մենք սկսել ենք Հայաստան-ԵՄ անդամակցության պրոցեսը։ Կասեն՝ իհարկե, ԵՄ անդամակցությունը կտևի երևի 60 տարի, բայց մենք առաջին քայլն արել ենք։ Սա է լինելու իրենց նախընտրական կարգախոսը։ Այսինքն՝ հենց նախընտրական քարոզարշավում օգտագործելու նպատակով են «ԵՄ անդամակցության» թեման ՀՀ իշխանությունները մեջտեղ բերել: Եվ բոլորովին չեմ զարմանա, որ հարյուր-հազարավոր մարդիկ, առանց խորանալու՝ իրականում այդ գործընթացը սկսե՞լ է, թե՞ չի սկսել, առաջին քայլն արե՞լ են, թե՞ չէ, կհավատան։ Շարքային քաղաքացիները չգիտեն՝ ինչ է CEPA-ն, չգիտեն, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր արդեն կնքվել էր 2017թ, և չեմ զարմանա, որ քարոզարշավն իր արդյունքը տա։ Մեր հասարակության մոտ կա դրական ընկալում՝ ԵՄ-ի, և բացասական ընկալում՝ Ռուսաստանի նկատմամբ։ Ես չեմ ասում՝ օբյեկտիվ է, թե չէ, բայց դա կաշխատի քարոզչության ընթացքում։ Եթե մարդկանց ասեն՝ դառնալու ենք ԵՄ անդամ, բայց գազը դու հաջորդ տարի ոչ թե 50 000 դրամ ես վճարելու, այլ 150 000, մարդկանց զգալի մասը, բնականաբար, չի համաձայնելու, բայց դա իշխանությունները մարդկանց չեն ասի, կասեն՝ առաջին քայլն արել ենք… Կասեն՝ անցյալը փոխել չենք կարող, սարսափելի բաներ եղան, բայց մենք կառուցում ենք ապագա, զգալի թվով քաղաքացիներ էլ կլինեն, ովքեր կասեն՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, փաստորեն…
  • Գուցե Ռուսաստանում կա մտավախություն, որ թեև ԵՄ-ին անդամակցության պրոցեսն արվում է նախընտրական նպատակներով, բայց եթե նրանց հաջողվի կրկին իշխանություն ունենալ, ապա ռեալ պրոցես կսկսեն։ Այս օրենքը, որը մեր ԱԺ-ն ընդունեց, ԵՄ-ին անդամակցության հետ զրո առնչություն ունի, բայց Հայաստանը կարող է 2027թ․ դիմել Եվրամիությանը՝ Ասոցացման համաձայնագիրը վերաստորագրելու առաջարկով։ Քանի դեռ այն ստորագրված չէ, ԵՄ-ին անդամակցության մասին խոսելը լուրջ չէ։ Որո՞նք են երաշխիքները, որ եթե այս իշխանությունը մնա, այդ համաձայնագիրը չի ստորագրվելու։ Ռուսաստանը, թերևս, սրանից է մտահոգված, դրա համար սուր արձագանքեց։
  • ԵՄ-ի ընդլայնման դեմ հսկայական բողոք կա հենց ԵՄ-ի ներսում։ ԵՄ-ի ընդլայնման բանակցություններն ինձ հիշեցնում են Հայաստան-Ադրբեջան դելիմիտացիայի գործընթացը։ 
  • Եթե ԵՄ ընդունելու լինեն, կընդունեն Արևմտյան Բալկաններին, ովքեր 10 տարուց ավելի, ամեն օր ծեծում են ԵՄ-ի դուռը։
  • Ադրբեջանցիները Սյունիքով անխոչընդոտ ճանապարհ ասելիս՝ հասկանում են նույն այն կարգավորումները, ինչպես մենք հասկանում ենք Երևանից Գյումրի գնալիս։ Երևանից Գյումրի ճանապարհին մեզ ոչ ոք չի կանգնեցնում, մեքենան չի ստուգում, չի նայում՝ ինչ եմ տեղափոխում, մաքսատուրք չկա։ Ադրբեջանը Նախիջևան գնալը պատկերացնում է նման կերպ՝ ինչ-որ մեկը Զանգելանում նստի մեքենա, գա, օրինակ, Նախիջևանի Օրդուբադ՝ առանց որևէ ստուգման ենթարկվելու։ Սա նշանակում է, որ այդ ճանապարհին ՀՀ ինքնիշխանության մասին խոսել անհնար է։ Պետք է արձանագրել, որ նման որաշման դեպքում այդ Միջանցքը դառնում է արտատարածքային միավոր։
  • Եթե ինչ-որ բան ստորագրվի, իսկ ստորագրվելու է առանձին փաստաթուղթ, դրանում պետք է լինեն ձևակերպումներ։ Եթե ինչ-ինչ պատճառով Հայաստանը համաձայնի դրան, ապա դա միանշանակ կլինի արտատարածքային միջանցք, և վերահսկող ոչ մի տեխնիկական միջոց, սկաներ (scanner) չի լինելու։ Ադրբեջանը ոչ մի պարզեցված ընթացակարգի չի համաձայնելու։ Իրենք շարունակելու են պնդել, որ իրենք այդ Միջանցքով պետք է երթևեկեն այնպես, ինչպես երթևեկում են Ադրբեջանի ներսում։ Հուսով եմ՝ Հայաստանը երբեք սրան չի համաձայնի, ու այս հարցը կմնա բաց։ Որովհետև, ինչպես տեսանք, իշխանության համար Միջանցքի հարցն ավելի կարմիր գիծ է, քան Արցախն էր։

  • Մենք բոլորս վստահ էինք, որ եթե որևէ իշխանության օրոք մենք Արցախը կորցնենք, այդ իշխանությունը, եթե ոչ այդ օրը, ապա հաջորդ օրն արդեն չէր լինի… Բայց կյանքը ցույց տվեց, որ մենք սխալ պատկերացում ունեինք՝ ինչպես մեր հասարակության, այնպես էլ՝ նրա ընկալումներում Արցախի դերի մասին։
  • Ես չէի շտապի եզրակացություններ անել, որ ամերիկացների համար Թուրքիա-Ադրբեջան կապն արժեզրկվել է, որովհետև նրանք չեն ցանկանա Թուրքիան օգտագործել Ռուսաստանի դեմ։ 
  • Իմ գնահատմամբ՝ շատ լուրջ բախում Ադրբեջանի և Ռուսաստանի հետ անհնար է, որովհետև Ադրբեջանի ղեկավարը շատ ավելի ռացիոնալ մարդ է։ Նա ինքն իրեն զուսպ կպահի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ 
  • ԲՐԻԿՍ-ի հիմնական շարժիչ ուժերը Ռուսաստանն ու Չինաստանն են, և նրա գաղափարը ծագել է ռուս-չինական համագործակցության արդյունքում: Հնդկաստանը դրան միացել է, որովհետև Հնդկաստանը ևս չի ցանկանում լինել արևմտյան ազդեցության ներքո: Հնդկաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այն մոդելին է ցանկանում հասնել, որ անի այն, ինչ բխում է Հնդկաստանի շահերից: Հնդկաստանում համարում են, որ իրենք այնքան են հզորացել, որ դուրս են եկել գործիքի կարգավիճակից: 
  • Ակնհայտ է, որ հիմա տնտեսական փոխկախվածությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև շատ ավելի քիչ է, քան 10 տարի առաջ: Եվ միտումներ կան, որ դրանք ավելի են նվազելու:
  • Իրանն ինչ-որ առումով նոկդաունի մեջ է, ու հնարավոր է, ճիշտ պահն է Ամերիկայի համար Իրանի հետ նոր պայմանագիր կնքելու կամ նրան վերջնականապես նոկաուտի ենթարկելու համար։ Ո՞ր ճանապարհը կընտրի ԱՄՆ-ը, ոչ ոք չի կարող ասել, այդ թվում՝ ԱՄՆ-ում չեն կարող այդ հարցին պատասխանել։ Բայց առնվազն Իրանի դեմ ռազմական գործողությունները չի կարելի բացառել։
  • Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի նպատակը: Իմ գնահատմամբ՝ ԱՄՆ գնալու իմաստը հետևյալ հարցի պատասխանը ստանալն էր՝ ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու Թրամփը Հայաստանի նկատմամբ։ Ես, օրինակ, այցը կանեի մի քանի ամիս անց, երբ փոքր-ինչ հասկանալի կլիներ Թրամփի քաղաքականությունը։ Վստահ չեմ, որ Փաշինյանն իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ։ Նույն նպատակն ուներ նաև Ֆրանսիա այցը՝ համոզվել, որ քանի դեռ Մակրոնն է իշխանության ղեկին, մեր նկատմամբ կտրուկ քայլեր չեն արվի։ Կասկածում եմ, որ ԱՄՆ-ից պատասխան ստացավ, Ֆրանսիայի պարագայում գուցե ինչ-որ հավաստիացումներ են տրվել, որ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվում։
  • Ֆրանսիան, հնարավոր է, Փաշինյանին երաշխիքներ տվել է, որ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվում, եթե անգամ Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ քաղաքականությունից, ու այդ շրջանում Հայաստանը դիտվում էր՝ որպես գործիք Ռուսաստանի դեմ, որ Հայաստանն օգնի՝ Ռուսաստանին էլ ավելի մեծ տհաճություն պատճառելու հարցում: Բայդենի վարչակազմի ժամանակ դա կար, որ հնարավորինս փորձեն Ռուսաստանին տհաճություն պատճառել: Հասկանալի է, որ Հայաստանը մեծ տհաճություններ Ռուսաստանին չի կարող պատճառել, բայց Բայդենի վարչակազմը մտածում էր, որ ամենափոքր տհաճությունն անգամ իրենց պլյուս է, դրա համար էլ մտածում էին՝ եկեք Հայաստանին ինչ-որ բան տանք, որ Հայաստանը մի փոքր էլ տհաճություն ստեղծի Ռուսաստանի համար:
  • Հիմա Թրամփի համար դա այլևս կարևոր չէ, որովհետև նա առայժմ Ռուսաստանի համար տհաճություններ չի ուզում ստեղծել: Դրա համար հիմա Հայաստանը, Հարավային Կովկասը Թրամփի համար ընդհանրապես կարևոր չէ: Կարծում եմ՝ Ֆրանսիան տվել է այդ հավաստիացումները, որ անկախ նրանից, թե հետխորհրդային տարածաշրջանի վերաբերյալ Թրամփն ինչ դիրքորոշում ունի, Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին: Ֆրանսիան միշտ, իր բոլոր ղեկավարների և ՀՀ բոլոր ղեկավարների օրոք լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, նախկինում Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Օլանդը միշտ այցելել են Հայաստան:

  • Թերևս այս ամբողջ պատմության մեջ քիչ թե շատ տրամաբանական կլիներ փորձել, չգիտեմ որքանով է դա հնարավոր, բայց պետք է փորձել առնվազն կասեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը: ՀՀ իշխանությունների կողմից պետք է քայլեր արվեն, կասեցվի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը: Ես չեմ ասում՝ վերականգնել, որովհետև այս մի քանի տարիները լուրջ նստվածք են թողել, և դրանք թողել են նաև մարդկանց մոտ, որովհետև վերջին հաշվով միջպետական հարաբերությունները նաև միջանձնային հարաբերություններ են, և ակնհայտ է, որ նստվածքը շատ երկար մնալու է: Հետևաբար՝ հարաբերությունները վերականգնելը շատ վերամբարձ կհնչի, եթե ոչ՝ իրատեսական, բայց Հայաստանը գոնե պետք է քայլեր անի, որ կանխի Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը: Դա, ինձ թվում է, Հայաստանի կողմից կլիներ տրամաբանական, գոնե նման փորձեր անելը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս