«Հիմարություն է, հիմնը եկեղեցում հնչեցնելու համար չէ. այդ մարդն ուզում է բացարձակ բռնակալություն ու միապետություն հաստատի մեր երկրում». Աշոտ Ղուկասյան
Պատմաբան և դասագրքերի հեղինակ Աշոտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն առնվազն հիմարություն է որակում։
Հիշեցնենք, երեկ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։
Ըստ պատմաբանի, երբ Տրդատ 3-րդը տանջանքների է ենթարկվել, ընդունել է խոզի կերպարանք, հետո դարձի է եկել, համոզվել է քրիստոնեությունն ընդունելու անհրաժեշտության մեջ։
«Դրանից հետո գնացել են, Արազանի գետի ակունքներում մկրտվել են Գրիգոր Լուսավորչի կողմից։
301 թվականին պետությունը պարզապես ընդունեց քրիստոնեությունը և դրանից հետո այն տարածվեց։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հիմա ուզում է եկեղեցին աշխարհականացնել, պետական հիմնը սրբության սրբոց է, բայց եկեղեցիներում հնչեցնելու համար չէ, եկեղեցին հոգևոր կարիքները բավարարելու համար է։ Կարծում եմ՝ նա նման քայլերով փորձում է ներխուժել Սուրբ Էջմիածին։ Սրա մասին ասում են այդ անձի թիմակիցները, Գյումրիում Ալեն Սիմոնյանը հայտարարեց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Ղուկասյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ չպետք է լուռ նստել ու սպասել, պետք է քայլեր ձեռնարկել, և այդ համատեքստում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին պետք է ասվի՝ որևէ իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։
«Մենք պետք է նրան թույլ չտանք, որպեսզի եկեղեցի մտնի, նա ո՛չ հավատացյալ է, ո՛չ էլ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ պարզապես քաղաքական շոուներ է անում եկեղեցին իր շահերին ծառայեցնելու համար։ Եթե եկեղեցին ծառայեցներ պետության շահերին, մենք դա կհասկանայինք, բայց ուզում է ծառայեցնել սեփական շահերին, այդ մարդն ուզում է բացարձակ բռնակալություն ու միապետություն հաստատի մեր երկրում։ Առաքելական եկեղեցին առաջին հերթին այն կառույցն է, որը պայքարում է ազգային նկարագրի, մշակույթի, ինքնության պահպանման համար։ Այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք մեր սեփական երկրում ինքնապահպանության խնդիր ունենք»,- հավելեց Ա. Ղուկասյանը։
Որպես պատմաբան՝ մեր զրուցակիցը խիստ կասկածում է Նիկոլ Փաշինյանի՝ պատմության վերաբերյալ ունեցած գիտելիքների վրա, վստահ է՝ նրա բոլոր քայլերը գիտակցված են, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին նա փորձում է ծառայեցնել նաև արտաքին ուժերի շահերին։
«Միակ համազգային կառույցը, որն այսօր համախմբում է ազգին, ժողովրդին, մնացել է Առաքելական եկեղեցին։ Այս մարդը միշտ արհեստական օրակարգեր է առաջ բերում, ուզում է ազգի ուշադրությունը շեղել բուն օրակարգային խնդիրներից։ Մենք Վեհափառին հեռացնելու, եկեղեցու օրակարգ երբեք չենք ունեցել, ինքն իրեն-իրեն եկեղեցին անվանեց «չուլան» ու սկսեց հակաեկեղեցական քայլեր անել։
Եկեղեցու սպասավորը նույնպես մեր երկրի քաղաքացի է, ինչը ենթադրում է, որ երկրում տեղի ունեցող ամեն ինչ պետք է նաև հոգևորականին մտահոգի, այդ համատեքստում էլ հոգևորականությունն իր մտահոգությունն է հայտնել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչը սրերով է ընդունել երկրի ղեկավարը։ Սխալ է ասել, թե հոգևորականությունը խառնվում է պետության գործերին, հոգևորականներն այս երկրի լիիրավ քաղաքացի են։ Այս ամբողջ դարերի ընթացքում եկեղեցին ու պետությունն իրար ձեռք -ձեռքի տված քայլել են, եթե չի եղել պետականությունը, եկեղեցին այդ գործառույթն իր վրա է վերցրել ու առաջ տարել՝ պահելով երկիրը, միասին են լուծել աշխարհաքաղաքական, հոգևոր, մշակութային խնդիրները։
Մեր կաթողիկոսները երկրում արտաքին դիվանագիտական քաղաքական հարաբերություններ են վարել՝ թագավորի, արքայի հանձնարարությամբ, լինելով շատ հեղինակավոր անձինք»,- ընդգծեց նա։
Նրա դիտարկմամբ՝ այսօր իշխանությունն ինչ անում է՝ սխալ ու ազգակործան է։ Ավելին՝ երբ Նիկոլ Փաշինյանը քարոզում է «Իրական Հայաստանը», փորձում է եկեղեցուն սահմանափակել այդ նեղ կառույցի մեջ և դարձնել իր կամակատարը։
