
Տիրան Խաչատրյանի գործով մեղադրող դատախազի համար ՀՀ զինված ուժերը սոցիալական փոքր խումբ են. Վերաբերմո՞ւնք, լեզվական «վրիպա՞կ», թե՞…

168.am-ը հայտնել է, որ փետրվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում, տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով դատական առաջին նիստը՝ դռնբաց:
Մենք, մասնավորապես, գրել էինք, որ դատական նիստում Տիրան Խաչատրյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ-ից դուրս կատարված հանցագործության դեպքում ՀՀ քաղաքացին ենթակա է քրեական պատասխանատվության, եթե արարքը քրեական պատասխանատվության է ենթակա՝ այլ տարածքում կատարված լինելու պայմաններում: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն էլ ՀՀ տարածքից դուրս կատարված հանցագործության դեպքում տարածքային ընդդատությունը նախատեսում է, որ պետք է լինի մեղադրյալի վերջին բնակության կամ գրանցման վայրով կամ հասցեով, ՀՀ-ում կատարված լինելու դեպքում՝ կատարման վայրով։
Այս հարցերի համատեքստում պաշտպանը դատարանից խնդրել է պարզաբանել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքից դո՞ւրս, թե՞ ՀՀ տարածքում, եթե կատարվել է ՀՀ տարածքում, ապա կատարման վայրը որտե՞ղ է և որտե՞ղ պետք է լինի կատարման վայրի ընդդատությունը, և եթե կատարվել է ՀՀ-ից դուրս, ապա ինչո՞ւ չի գործում ըստ բնակության վայրի ընդդատության կանոնը։
Նիստը նախագահող դատավորն էլ հակընդդեմ հարց է ուղղել՝ «ըստ Ձեզ, ենթադրյալ հանցագործությունը որտե՞ղ է կատարվել՝ ՀՀ տարածքո՞ւմ, թե՞ այլ տարածքում», ինչին փաստաբան Անդրիկյանն արձագանքել է.
«Ըստ այսօր ընդունված հայտարարությունների… ՀՀ տարածքային ամբողջականության․․․ իրավական հարթության մեջ՝ ՀՀ տարածքը ՀՀ իրավասության օրենսդրության ներքո գտնվող տարածքն է։ Դա իմ իրավական դիրքորոշումն է: Հիմա որտե՞ղ է կատարվել՝ ես չունեմ այդ հարցի պատասխանը: Մեղադրական եզրակացության մեջ նշված է՝ ԼՂ տարածքում։ Հիմա հասկանանք՝ դա ՀՀ տարա՞ծք է, Դուք իրավասություն ունե՞ք քննել այդ գործը, թե՞ բնակավայրով պետք է քննվի, ՀՀ տարածքից դուրս է կատարվել արարքը»։
Իր հերթին՝ մեղադրանքի կողմը հիշատակելով ՄԻԵԴ որոշումները՝ նշել է. «Առնվազն մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսացել է ԼՂ–ում տեղակայված ՀՀ ԶՈՒ անվտանգության երաշխավորը: Եվ, ըստ էության, ենթակայության խնդիր չկա, և առնվազն բարոյականության տեսանկյունից, կարծում եմ, որ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախում՝ ՀՀ վերահսկողության ներքո գտնվող տեղանքում՝ առնվազն զինվորական տեսանկյունից»:
Դատարանը, լսելով կողմերին, որոշել է, որ գործն ընդդատյա է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, և ՀՀ-ն իրավազոր է քննել ԼՂ տարածքում իրականացված զինվորական հանցագործության դեպքերը՝ հիշատակելով ՄԻԵԴ որոշումները, այդ թվում՝ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով:
Հաշվի առնելով նաև Բաքվի դատավարությունը, որը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության դեմ է,որքանո՞վ է ռիսկեր պարունակում մեղադրող կողմի կամ դատախազի վերը նշված հայտարարությունը, ի վերջո, արդյո՞ք այլ բան չէ, երբ ՄԻԵԴ որոշումներն են ճանաչում ՀՀ վերահսկողությունն Արցախի օկուպացված տարածքներում, այլ բան, երբ նման հայտարարություն է անում ՀՀ դատախազը՝ փորձելով տալ իր մեղադրանքի հիմնավորումը՝ շեշտելով. «Առնվազն մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսացել է ԼՂ–ում տեղակայված ՀՀ ԶՈՒ անվտանգության երաշխավորը», կամ՝ «ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախում՝ ՀՀ վերահսկողության ներքո գտնվող տեղանքում՝ առնվազն զինվորական տեսանկյունից»:
Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն՝ մինչ այս էլ Բաքուն ՀՀ-ի շուրջ փորձում է այս առումով օղակը սեղմել: Բայց խնդիրը, թերևս, ՀՀ-ի կողմից վերահսկողություն սահմանել-չսահմանելը, կամ՝ երաշխավոր լինել-չլինելը չէ, որի մասին շատ բաներ հրապարակային քննարկման թեմա չէ, այլ, որ ՀՀ իրավապահ համակարգը կոնկրետ ձևակերպումներով խոսում է այդ մասին և ժամկետներ նշում:
Չմոռանանք, որ Ադրբեջանի կողմից Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի հատվածներում մի քանի տասնյակ գերեվարվածներ ենք ունեցել 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որոնց Ադրբեջանը որպես «ահաբեկիչներ» էր ներկայացրել և դատավարություն սկսել:
Ավելին, ադրբեջանական կողմն այլ առիթներով պնդել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականին Հայաստանից սպառազինություն է ուղարկվել Արցախ, որ այնտեղ շարունակել են մնալ «հայկական զինված խմբավորումներ», և այլն:
Ի դեպ, Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր խափանման միջոցը փոխելու հարցը, մեղադրող կողմը ՀՀ ԶՈՒ-ն համարել է փոքր սոցիալական խումբ, որտեղ, թերևս, նրա տրամաբանությամբ՝ հիերարխիկ կապն ամուր է: Թվում է՝ մանրուք է, բայց ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա վկայում է նաև դատախազի վերաբերմունքի մասին՝ բանակը ոչ թե պետական ինստիտուտ է, սոցիալական բարդ կառույց, այլ փոքր սոցիալական խումբ:
Հիշեցնենք, որ ՊԲ կազմաքանդման օրերին 168.am-ն անդրադարձել էր դրա պատասխանատուներին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ:
Ավելին, այդ օրերին մենք ուշադրություն էինք հրավիրել ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արած հայտարարությունների վրա:
Օրինակ, 2022 թվականի հուլիսի 19-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա նախ ասել էր.
«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»:
Այնուհետև նույն միտքը կրկնել էր՝ ի պատասխան հարցին՝ «ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե՞ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից»:
«Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ»,- հավելել էր Արմեն Գրիգորյանը:
Ուշադրություն դարձրեք, ՀՀ ԱԽ քարտուղարը չի ասում՝ ՀՀ զինծառայողները դուրս կգան, ասում է՝ ՀՀ ստորաբաժանումներ, ավելին, ըստ էության, նա Ադրբեջանին «նվեր» է անում՝ ցույց տալով, թե 44-օրյա պատերազմից մոտ 2 տարի անց ՀՀ ստորաբաժանումներ են մնացել Արցախում, սրան գումարեք վերևում հիշատակված դատախազի հայտարարությունը՝ թե «առնվազն մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ….»:
Շարունակելով այս թեման՝ նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի Արցախում Ադրբեջանի «հակաահաբեկչական օպերացիայից» օրեր առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել էր.
«Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմից»:
«ՀՀ քաղաքացի չհանդիսացող զինծառայողներ» ձևակերպումն արդյո՞ք վտանգավոր հայտարարություն չէր, եթե հաշվի առնենք, որ Արցախի բնակչության մեջ կային բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, որոնք առնվազն ընդգրկված են եղել երկրի պաշտպանության գործին՝ լինելով արցախաբնակ: Գուցե: Բայց, որ Արմեն Գրիգորյանի ձևակերպումը կարող է ՀՀ-ի դեմ օգտագործվել, թերևս, ժամանակի հարց է, ինչո՞ւ չէ՝ դատախազինը:
Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 6-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն, և, որ Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ՝ Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Իսկ օրեր հետո Կարապետյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից՝ իբր նոյեմբերյան մարտերի համատեքստում:
168.am-ը կփորձի պարզել նաև մասնագետների կարծիքը բարձրացված խնդրի առնչությամբ, այդ թվում՝ միջազգային իրավունքի։