44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով անցնող բարձրաստիճան զինվորականությունը, Տիրան Խաչատրյանը ենթադրյալ հանցագործությունը կատարել են ՀՀ տարածքո՞ւմ, թե՞ այլ տարածքում. Ո՞վ է իրավական խառնաշփոթի տերը

Այսօր՝ փետրվարի 18-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում, տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով դատական առաջին նիստը՝ դռնբաց: Նախագահող դատավորն է Արթուր Ոսկանյանը:

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում՝ հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։

Կարդացեք նաև

Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Տիրան Խաչատրյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ-ից դուրս կատարված հանցագործության դեպքում ՀՀ քաղաքացին ենթակա է քրեական պատասխանատվության, եթե արարքը քրեական պատասխանատվության է ենթակա՝ այլ տարածքում կատարված լինելու պայմաններում:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն էլ ՀՀ տարածքից դուրս կատարված հանցագործության դեպքում տարածքային ընդդատությունը նախատեսում է, որ պետք է լինի մեղադրյալի վերջին բնակության կամ գրանցման վայրով կամ հասցեով, ՀՀ-ում կատարված լինելու դեպքում՝ կատարման վայրով։

Այս հարցերի համատեքստում պաշտպանը դատարանից խնդրել է պարզաբանել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքից դո՞ւրս, թե՞ ՀՀ տարածքում, եթե կատարվել է ՀՀ տարածքում, ապա կատարման վայրը որտե՞ղ է և որտե՞ղ պետք է լինի կատարման վայրի ընդդատությունը, և եթե կատարվել է ՀՀ-ից դուրս, ապա ինչո՞ւ չի գործում ըստ բնակության վայրի ընդդատության կանոնը։

Նիստը նախագահող դատավորն էլ հակընդդեմ հարց է ուղղել՝ «ըստ Ձեզ՝ ենթադրյալ հանցագործությունը որտե՞ղ է կատարվել՝ ՀՀ տարածքո՞ւմ, թե՞ այլ տարածքում», ինչին փաստաբան Անդրիկյանն արձագանքել է.

«Ըստ այսօր ընդունված հայտարարությունների… ՀՀ տարածքային ամբողջականության․․․ իրավական հարթության մեջ՝ ՀՀ տարածքը ՀՀ իրավասության օրենսդրության ներքո գտնվող տարածքն է։ Դա իմ իրավական դիրքորոշումն է: Հիմա որտե՞ղ է կատարվել՝ ես չունեմ այդ հարցի պատասխանը: Մեղադրական եզրակացության մեջ նշված է՝ ԼՂ տարածքում։ Հիմա հասկանանք՝ դա ՀՀ տարա՞ծք է, Դուք իրավասություն ունե՞ք քննել այդ գործը, թե՞ բնակավայրով պետք է քննվի, ՀՀ տարածքից դուրս է կատարվել արարքը»։

Իր հերթին՝ մեղադրանքի կողմը զարմանք է արտահայտել՝ նշելով, որ առնվազն մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է ԼՂ-ում տեղակայված ՀՀ ԶՈՒ անվտանգության երաշխավորը: Այսինքն, ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքում, ուստի, քննությունն իրականացվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից։

«Ենթակայության խնդիր չկա, և առնվազն բարոյականության տեսանկյունից, կարծում եմ, որ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախում՝ ՀՀ վերահսկողության ներքո գտնվող տեղանքում՝ առնվազն զինվորական տեսանկյունից»,- շարունակել է մեղադրող կողմը:

Գեներալ Խաչատրյանի մյուս պաշտպաններից Վարազդատ Հարությունյանն արձագանքել է՝ ասելով.

 «Պահանջում եմ մեզ բարոյականության դասեր չտալ, մենք շատ վաղուց ենք սերտել բարոյականության դասերը, այս դատարանում չէ, որ պետք է բարոյականության հարցի շուրջ բանավիճենք: Ակնկալում ենք, որ կլսենք իրավական հիմքերը, որի ուժով սույն վարույթի քննությունն իրականացվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս իրավական խառնաշփոթի հեղինակը հաստատ մենք չենք, նրան կարելի է փնտրել ուրիշ տեղ։ Մենք հասկանում ենք՝ գործ ունենք դատական իշխանության հետ, մեզ համար կարևոր է դատական իշխանության դիրքորոշումը։ Ինչպես գործընկերս նշեց՝ այո, Արցախի Հանրապետությունը Հայաստանի անբաժան մասն է, բայց դա իմ սուբյեկտիվ դիրքորոշումն է, քաղաքական դիրքորոշումը, որը դրել եմ մի կողմ, և այժմ իրավական հարց ենք բարձրացնում»։

Դատարանը, լսելով կողմերին, որոշել է, որ գործն ընդդատյա է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, և ՀՀ-ն իրավազոր է քննել ԼՂ տարածքում իրականացված զինվորական հանցագործության դեպքերը՝ հիշատակելով ՄԻԵԴ որոշումներ:

Նշենք, որ վերը նշված խնդիրը բարձրացվում է նաև 44-օրյա պատերազմին առնչվող մյուս քրեական գործերով դատական նիստերին, ավելին՝ կան դեպքեր, երբ ՀՀ-ում դատում են արցախցի զինվորականների, որոնց ոչ միայն ենթադրյալ հանցագործությունն է կատարվել, այսպես ասած, ՀՀ տարածքից դուրս, այլև հարց է՝ նրանք ՀՀ քաղաքացիություն ունեցե՞լ են:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կարող ենք բախվել նման՝ ՀՀ ինքնիշխան տարածքների հետ կապված խնդրի, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ի դեպ, հիշեցնենք, որ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումների համար, մեծ հաշվով, ոչ ոք պատասխանատվություն չի կրել, իսկ 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումների համար մեղադրանք կա առաջադրված 2-րդ կորպուսի նախկին հրամանատար գեներալ Արայիկ Հարությունյանին, թեև այդ օկուպացված տարածքների հայաստանապատկան լինելը Նիկոլ Փաշինյանը մի առիթով կասկածի տակ էր դրել, որ առնվազն 2021-ի մայիսին կռվելու հրաման չի եղել, քանի որ ԱԺ արտահերթ ընտրություններ էին լինելու, և վերջապես մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, որ օկուպացված տարածքներն ուժով չեն պատրաստվում վերականգնել, այլ սահմանազատման գործընթացի միջոցով, ու դեռ հարց է՝ ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքի որքան մասն է վերադարձվելու ՀՀ հսկողության տակ:

168.amգրել էր, որ այսօր ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, և, որ բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք, ինչո՞ւ սրա համար Նիկոլ Փաշինյանը ոչ մի պատասխանատվություն չի կրում, դեռ չենք խոսում 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ նրա պատասխանատվության մասին:

Վերադառնանք ԳՇ պետի նախկին առաջին տեղակալի գործով դատական նիստին և առաջադրված մեղադրանքին:

Գեներալի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը նշել է, որ հոկտեմբերի 11 լույս 12-ին, երբ ադրբեջանական զորքերը բարձունք են գրավում, հետագայում մեկ օր Տիրան Խաչատրյանը հնարավորություն ուներ այլ ուժերի կիրառման պայմաններում կոնկրետ ստորաբաժանմանը հանձնարարություն տալու, սակայն նշվում է, որ Տիրան Խաչատրյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, ստորաբաժանմանը չի խնդրավորել, որ մեկ օրվա բացը լրացնելու պայմաններում մեր յուրային ուժերը նորից ամրապնդվեն այդ դիրքում:

Ըստ պաշտպանի, այս մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում, որովհետև Տիրան Խաչատրյանը միջոցներ ձեռնարկել է, որ մեղադրանքում նշված զորախումբը հայտնվի այդ վայրում, որտեղ ադրբեջանական զորքերը դեռ չէին ամրացել, սակայն դրա հնարավորությունը չի ունեցել, որովհետև փորձ է կատարվել կապ հաստատելու ստորաբաժանման ղեկավարի և շտաբի պետի հետ, սակայն դա չի հաջողվել, և միայն հաջորդ օրը կապի միջոցով տեղեկացվել է, որ այդ ստորաբաժանման ղեկավարն ու շտաբի պետը զոհվել են։ Դա առկա է նաև գործի նյութերով։

168.am-ի տեղեկություններով՝ խոսքը հատուկ նշանակության ուժերի մասին է:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, փոխգնդապետ, հետախույզ Վահագն Թումասյանը ևս այդ օրն է զոհվել:

Մի առիթով Վահագն Ասատրյանի մայրը մեզ հետ զրույցում պատմել է. «Երբ արդեն Հադրութում էր, ամսի 11-ի (հոկտեմբեր.- Մ.Պ.) գիշերվա մեր խոսակցությունը… երկար խոսեցինք, հոգնած էր, բայց խոսում էր, պատասխանում հարցերիս: Ասեց՝ «մամ, Հադրութում եմ, Հադրութ չեն կարող մտնել, դիրքերը ես երկարացնում եմ, խորացել եմ, ամեն ինչ նորմալ է»: Ոգևորված էր, ամսի 11-ին ինքն ադրբեջանական «Յաշմային» էր խփել, մեծ վնասներ տվել: Առաջին անգամ ասեցի՝ որդիս, ընտանիքդ կարոտել է քեզ՝ կինդ, տղաներդ, ասեց՝ մամ, Սիմաշս, չեմ կարող գալ, հնարավոր չի թողնել զորքին և գալ: Ես գիտեի, որ Ադրբեջանն ուզում է նրան ոչնչացնել, որտեղ որ բռնեն, ամբողջ նրանց ռացիաները…»:

Իսկ Տիրան Խաչատրյանի փաստաբան Անդրիկյանը դատական նիստի ժամանակ շարունակել է իր խոսքը, որ հստակ հանձնարարական է եղել գեներալի կողմից, որ բնագիծ կազմեն, իսկ այն, որ դա չի կազմվել կամ ճեղքվել է, Խաչատրյանը դրա համար չի կարող պատասխանատվության ենթարկվել։

«Պատերազմական գործողություններ են եղել, տեղում որոշումներ են կայացրել թե՛ Տիրան Խաչատրյանը, թե՛ մյուս հրամանատարները, հիմա այդ որոշումներից հետո անցել է հինգ տարի՝ քննիչը, դատախազը, փորձագետն իրենց տաք, բոլոր հարմարության պայմաններում նստած՝ վերլուծություն են անում՝ այ, որ այսպես աներ՝ այսպես կլիներ, եթե չաներ՝ այնպես կլիներ: Եթե նրանք կարողանում են գնահատական տալ Խաչատրյանի և մյուսների գործողություններին, ուրեմն սխալ են ընտրել մասնագիտությունը, պետք է իրենք գնային, ղեկավարեին մարտը, սխալ մասնագիտություն են ընտրել»:

Նույն միտքը փաստաբան Անդրիկյանը կրկնել է նաև լրագրողների հետ զրույցում, որ Տիրան Խաչատրյանն օգտվել է առկա միջոցներից:

Ի դեպ, այս խնդիրը ևս բարձրաստիճան այլ զինվորականության դեպքում առկա է, այսինքն՝ դեռ պիտի քննել՝ ի՞նչ միջոցների անհրաժեշտություն կար, ինչո՞ւ չկային համապատասխան միջոցներ, արդյո՞ք այդ մասին տեղեկացվել է ՀՀ վերադաս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ պատասխան է եղել նրանց կողմից:

Խնդիր կա նաև քննելու՝ ո՞ր դեպքում է հրամանատարական որոշումը թերություն, ո՞ր դեպքում՝ հանցագործություն:

Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի համատեքստում բարձրաստիճան զինվորականությանը հիմնականում մեղադրում են ծառայողական, պաշտոնական անփութության մեջ, որոշ դեպքերում՝ անգործության: Այսինքն, պետք է հասկանալ՝ ճիշտ կամ սխալ հրամանների՞ց է հայկական կողմը շատ տուժել, զոհեր ունեցել, թե՞ հրամանների բացակայությունից:

Իսկ Տիրան Խաչատրյանի գործով դատական առաջին նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի հարցը:

Դատարանը որոշել է փոխել խափանման միջոց կալանքը և կիրառել խափանման միջոցների համակցություն՝ 10 միլիոն ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 10-ին:

Տեսանյութեր

Լրահոս