Հպարտ քաղաքացուց՝ բյուջեն լցնելու մատերիալ
Գործող իշխանությունը Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» շարունակում է «հպարտանալու» նորանոր առիթներ տալ։
Եթե մինչ այս պահը հայ հասարակության մեջ բարձրացող բողոքի ալիքները հիմնականում կապված էին երկրի անվտանգային խնդիրների հետ, ապա այժմ ՀՀ շարքային յուրաքանչյուր քաղաքացի նաև ստիպված է իր «երախտիքի անկեղծ խոսքը» հղել կառավարությանը՝ իր գրպանը մտնելու ու իրենից ավելի շատ գումար պոկելու համար։ Դա կատարվում է տարաբնույթ մեխանիզմներով, սակայն դրանք բոլորն էլ իշխանությունը մատուցում է «բարեփոխումներ» կոչվող սոուսի տակ։
Ավելացված հարկեր, վճարներ, տույժեր և եկամուտների վերահսկողություն
- Կառավարությունը 2021թ.-ից ներդրեց անշարժ գույքի գույքահարկի հաշվարկման նոր համակարգ։ Ընդ որում, որպեսզի քաղաքացիները միանգամից չզգան հարկային բեռի կտրուկ աճը, սահմանվեց գույքահարկի բարձրացման 6 տարի անցումային ժամանակահատված: Ըստ այդմ, գույքահարկի նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա համար սեփականատերերը վճարելու էին գույքահարկի նոր գումարի ընդամենը 25%-ի չափ հարկ, երկրորդ տարում՝ 30%-ի, այնուհետև՝ 35%-ի, 50%-ի, այս տարի՝ 2025 թվականին՝ 75%-ի, և 2026 թվականին արդեն վճարելու են հաշվարկված գույքահարկի ամբողջ մեծությունը: Այսինքն` այս տարի ՀՀ քաղաքացին վճարելու է 2024 թվականի համեմատ 50%-ով ավելացված անշարժ գույքի գույքահարկ, իսկ 2026թ.-ին այն դարձյալ ավելանալու է՝ 2025-ի համեմատ՝ 33%-ով։ Փաստորեն, քաղաքացիները 2026-ին նույն անշարժ գույքի համար կվճարեն 4 անգամ ավելի շատ գույքահարկ, քան վճարել են 2021-ին։ Խնդիրն այդչափ ցավոտ չէր լինի, եթե սահմանվեր ավելի մեծ անցումային ժամանակահատված (օրինակ՝ 10 տարի), ինչը կնշանակեր, որ քաղաքացիների վրա հարկային բեռի աճն ավելի քիչ կզգացվեր։ Իդեպ, գույքահարկի այս նոր կարգավորումների պայմաններում, հարկային բեռն աճում է բավականին անհամաչափ կերպով: Ընդ որում, ամենամեծ աճն ամենացածր կադաստրային արժեքով գոտիներում է: Նոր համակարգին անցումը հաշվի չի առել նաև որոշ «մանրուքներ»։ Օրինակ՝ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին գույքը նախկինում ստացել է՝ որպես ժառանգություն, և չի բացառվում, որ չկարողանա վճարել շատ հաճախ «բավական կլորիկ գումար» կազմող գույքահարկը։
- 2025թ. հունվարի 1-ից երևանցիներն աղբահանության վճարը տալու են նոր մեթոդաբանությամբ՝ «ըստ անշարժ գույքի մակերեսի»։Այս փոփոխության հետևանքով զգալիորեն, իսկ որոշ դեպքերում անգամներով կավելանա գանձվող վճարի չափը։ Նախկինում այն հաշվարկվում էր տվյալ անշարժ գույքում բնակվող անձերի թվով, ինչը շատ ավելի տրամաբանական էր, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ փոքր բնակարանում բնակվում են, օրինակ, 5-6 և ավելի անձինք, և բնական է ենթադրել, որ այս դեպքում ավելի շատ աղբ է «գեներացվում»։ Եվ, ընդհակառակը, մեծ բնակարանի աղբահանության գումարը մեծ կլինի նույնիսկ այն դեպքում, եթե դրանում ապրում է ընդամենը 1-2 անձ։
- Օրենսդրական փոփոխություններով ամրագրվեց, որ տնտեսական գործունեության տեսակների մեծ մասի համար նախատեսվում է կտրուկ՝ 2-3.3 անգամ, բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրինակ՝ առք ու վաճառքի գործունեությունից ստացվող եկամուտները նախկին 5%-ի փոխարեն՝ հարկվելու են 10%-ով, արտադրական գործունեությունից ստացվող եկամուտները՝ նախկին 3.5%-ի փոխարեն՝ 7%-ով, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները՝ նախկին 6%-ի փոխարեն 12%-ով։
- 2025թ. հունվարի 1-ից նոտարական ու փաստաբանական գործունեություն ծավալողներն այլևս չեն գործելու շրջանառության հարկի համակարգում,այսինքն` մատուցվող ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20% ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը 18% է: Այս փոփոխությունը, անխոս, հանգեցնելու է նշված ծառայությունների թանկացմանը։
- Անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման, շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման ու չափագրման և միկրոձեռնարկատիրական մի շարք այլ տեսակներն այլևս չեն օգտվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերից, ու կվճարեն ավելացված արժեքի հարկ։ Սա նույնպես հանգեցնելու է մատուցվող ծառայությունների սակագների բարձրացման՝ ուղղակիորեն խփելով ՀՀ քաղաքացու գրպանին։ Տնտեսվարողներն էլ իրենց հերթին վնասներ կկրեն, քանի որ բիզնեսը սկսել ու եկամտաբերությունը հաշվարկել էին հարկային շատ ավելի բարենպաստ պայմաններով, իսկ հիմա պետք է շարունակեն խաղի բոլորովին այլ կանոններով։
- Տնտեսվարողները հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում այսուհետստիպված կլինեն նախկին 04%-ի փոխարեն վճարել օրական 0.075%-ի չափով տույժ։
- 2024թ.-ից երևանցիների համար ավելի քան 13 անգամով բարձրացվել է ավտոկայանատեղերի` այսպես կոչված, «կարմիր գծերի» տարեկան վճարը։
- 2025թ. փետրվարի 1-ից Երևան քաղաքում ներդրվելու է հասարակական տրանսպորտի նոր, միասնական տոմսային համակարգը, որի շրջանակներում ենթադրվում է տրանսպորտի կտրուկ թանկացում։ Հասարակական տրանսպորտով մեկ երթևեկության արժեքը թանկանում է 3 անգամ՝ 100 դրամից դառնալով 300 դրամ։ Թեև Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ ուղևորափոխադրման համար առաջարկվող փաթեթներ ձեռք բերելով՝ հանրային տրանսպորտից օգտվելը, ընդհակառակը, մատչելի է դառնում, բայց անգամ նշված փաթեթներով կատարված հաշվարկները հերքում են այդ թեզը։ Էլ չենք խոսում ներդրված նոր համակարգից օգտվելու տարբեր տեխնիկական բարդությունների մասին՝ միայն անկանխիկ վճարումներ, QR կոդեր, որոնց կիրառմամբ ընդհանրապես անտեսվում է հասարակության մի ստվար զանգվածին պատճառված անհարմարությունները։ Օրինակ, մեծահասակ քաղաքացիները շատ հաճախ կանգառում կամ վճարային տերմինալի մոտ ստիպված են անցորդներին խնդրել՝ օգնել տրանսպորտի տոմս ձեռք բերել։
- Ներդրվեց ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգը։ Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով իր աշխատանքի դիմաց վարձատրվում է կամ այլ աղբյուրից միանվագ գումար է ստացել, դրանք պետք է արտացոլի հայտարարագրի մեջ։ Սա, մի կողմից, քաղաքացուց գումար «քերելու» միջոց է, քանի որ «հարկման դաշտ» կբերի մի շարք այնպիսի եկամտատեսակներ, որոնց հարկումը նախկինում նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել։ Մյուս կողմից, նկատի ունենալով ներդրված համակարգի բավական խրթին լինելը, չափազանց լավատեսական կլինի ակնկալելը, որ մեծ է լինելու այն մարդկանց թիվը, որոնք հայտարարագիրն «անթերի» կլրացնեն. իսկ դա նշանակում է, որ իշխանությունը, ի դեմս այս համակարգի, «անցանկալի» անձանց «կարգի հրավիրելու» «արդյունավետ» մահակ է ստանում՝ հայտարարագրում տեղ գտած «մեղքերը» «ջրի երես հանելով»։
Ավելին, բնակչության մի ստվար հատվածը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ի վիճակի չի լինելու այս խրթին համակարգում ինքնուրույն լրացնելու հայտարարագիրը։ Ուստի, իրավական ու ֆինանսական հետևանքներից խուսափելու կամ իշխանության «ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար» ստիպված է լինելու դիմելու մասնագիտական (վճարովի) օգնության։ Ավելացնենքնաև, որ նշված համակարգի վերահսկողական մեխանիզմի արդյունավետությունը միանշանակ չէ, քանի որ, եթե անձը ցանկություն ունի խուսափել հարկ վճարելուց, այս դեպքում էլ տարբերակ կգտնի՝ օրինակ, գումարը կստանա միայն կանխիկ տարբերակով՝ խուսափելով բանկային համակարգից։ Արդյունքում, նշված փոփոխությունը, որի գլխավոր նպատակներից մեկը հայտարարվում է թափանցիկության ապահովումը, կարող է, ընդհակառակը, բերել «ստվերի» ավելացման։
Վերջին շրջանում իշխանությունն ավելի հաճախակի է պնդում, որ թե՛ քաղաքացու ու մասնավոր ձեռնարկատիրոջ, և թե՛ պետության «գրպանները», միևնույն է, մեր երկրինն են, բայց չգիտես ինչու, լռում է, որ մեր երկրի «պետական գրպանը» ծակ է, իսկ այն լցնելու ամենահեշտ աղբյուրը դարձել է ՀՀ քաղաքացին, և ոչ թե՝ ներդրումներն ու տնտեսական նոր ծրագրերը։
Հարկերի, վճարների ավելացում, եկամուտների վերահսկողություն՝ այս ամենը գուցե արդարացված լիներ, եթե զուգորդվեր քաղաքացիների եկամուտների ավելացմամբ։ Սակայն հակառակի պես քաղաքացիների մեծ մասի կենսամակարդակը շարունակում է ընկնել։ Մարդիկ ստիպված են եկամուտների ու ծախսերի միջև գնալով մեծացող ճեղքը «լցնել» սպառողական վարկերով։ Պատահական չէ, որ դրանց ծավալը, որը 2017-ի տարեվերջին կազմում էր ընդամենը 511.4 մլրդ դրամ, 2024-ի դեկտեմբերին անցել է 1.4 տրիլիոն դրամից։ Այսինքն` յոթ տարվա ընթացքում սպառողական վարկերի ծավալն աճել է ավելի քան 2.8 անգամ կամ 183%-ով։
Այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 58%-ով (միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ 2024-ի դեկտեմբերի և տարեկան պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, այդ իսկ պատճառով որպես 2024-ի տարեկան տվյալ՝ վերցվել է հունվար-նոյեմբերի ցուցանիշը):
Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ քաղաքացին «հպարտանալու» առիթների պակաս չունի։ 2018թ. «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» մոտեցումը հռչակած քաղաքական ուժն այսօր այդ նույն քաղաքացուն դարձրել է «պետական բյուջեն լցնելու մատերիալ»։
Բյուջե, որից անխնա օգտվում է այդ նույն քաղաքական ուժը՝ լավացնելով իր ապրուստի պայմանները, միլիոններ ծախսելով գործուղումների ու պարգևավճարների վրա, բայց քայլեր չի ձեռնարկում քաղաքացիների եկամուտների բարձրացման ուղղությամբ, բյուջե, որի «գրպանը» ծակ է դարձել ապիկար քաղաքականության, անհեռատես որոշումների ու պոպուլիստական նկրտումների արդյունքում։