Ոչ պակաս կտրուկ բարձրացրել են գույքահարկը։ Գույքահարկը, որը գնում է համայնքային բյուջե, մեծապես ազդել է տեղական բյուջեների եկամուտների վրա։ Միայն Երևանում գույքահարկի բեռի ավելացման արդյունքում ընդամենը 3 տարում այդ հարկատեսակի մուտքերը 4 անգամով աճել են։ Աճել են քաղաքացիների ու հարկատուների գրպանի հաշվին։
Սոցիալական իրավիճակը Հայաստանում ակնհայտորեն լարվում է։ Ոչ միայն հարկերի ու տուրքերի ավելացման միջոցով են քաղաքացիների գրպանները դատարկում, այլև ապրանքների ու ծառայությունների գներն են ամենուրեք բարձրանում։ Իշխանությունները թաքցնում են, որ Հայաստանում գնաճ կա, բայց համատարած թանկացումներ են ու թանկացումներն էլ իրենց հերթին են դատարկում մարդկանց գրպանները։
Պարտադրում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել՝ ոչ մի նորմալ պայման չստեղծելով դրա համար։ Քիչ է՝ մարդիկ հազար ու մի քաշքշուկների միջով պիտի անցնեն, մի բան էլ գումարներ պիտի ծախսեն դրա վրա։ Խնդիրը նույնիսկ գումարը չէ կամ եկամուտների հայտարարագրումը, խնդիրն այն թափթփվածությունն ու անկազմակերպվածությունն է, որի միջով պարտադրում են անցնել հարյուր-հազարավոր քաղաքացիների։
Եթե մինչ այս պահը հայ հասարակության մեջ բարձրացող բողոքի ալիքները հիմնականում կապված էին երկրի անվտանգային խնդիրների հետ, ապա այժմ ՀՀ շարքային յուրաքանչյուր քաղաքացի նաև ստիպված է իր «երախտիքի անկեղծ խոսքը» հղել կառավարությանը՝ իր գրպանը մտնելու ու իրենից ավելի շատ գումար պոկելու համար։ Դա կատարվում է տարաբնույթ մեխանիզմներով, սակայն դրանք բոլորն էլ իշխանությունը մատուցում է «բարեփոխումներ» կոչվող սոուսի տակ։
«Եթե մի 5 տարի առաջ գույքահարկի համար մարդիկ վճարում էին 1000 դրամ, հիմա վճարում են 5000 դրամ, հաջորդ տարի ավելի բարձր են վճարելու։ Ընդհանուր հանրագումարով, եթե այս ամենը վերցնում ենք, ապա տեսնում ենք, որ սպառողն այստեղ տուժում է»,- ընդգծեց նա։