Ո՞վ է պաշտպանելու Հայաստանը հնարավոր ագրեսիայի դեպքում։ Արևմո՞ւտքը…Արևմուտքին Հայաստանը պետք է ՀակաՌուսաստան ու ՀակաԻրան դառնալու համար. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությանը, որը քիչ առաջ ստորագրվեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև:
«ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը գետնի վրա մեզ ոչինչ չի տալու, բայց փոխարենը վատթարացնելու է հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։
Նիկոլական պրոպագանդան կեղծ և ոչ իրական սպասումներ է առաջացնում հայ հասարակության մոտ։
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը Հայաստանին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից, այն փաստացի ավանտյուրա է։
Ավանտյուրա է, նախ, Հայաստանի, ինչու չէ` նաև ՌԴ-ի և Իրանի նկատմամբ։
Նման պայմանագիրը ՀՀ-ին չի կարող պաշտպանել արտաքին հնարավոր ագրեսիայի ժամանակ։ Դրա լավագույն ցայտուն օրինակը Վրաստանն է և Ուկրաինան։
Վրաստանը ԱՄՆ-ի հետ նման պայմանագիր կնքեց դեռևս 2009-ին` Կոնդոլիզա Ռայսի և Գրիգոլ Վաշաձեի միջև։
Խարտիան ուներ 5 բաժին՝ Գործընկերության սկզբունքներ (7 կետ), Համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտներում (4 կետ), Համագործակցություն տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում (3 կետ), Ժողովրդավարության ամրապնդում (5 կետ), Միջանձնային և մշակութային փոխանակումների ընդլայնում (3 կետ)։
Ի՞նչ ստացավ դրանից Վրաստանը։ Գրեթե ոչինչ։
Դա մեծացրեց խնդիրները ՌԴ-ի հետ և Սահակաշվիլու գլխավորությամբ Վրաստանից կերտվեց ՀակաՌուսաստան։
Իրավիճակը Վրաստանում առողջացման նշաններ սկսեց ցուցաբերել միայն Սահակաշվիլիի հեռացումից հետո։
Վրաստանն այդպես էլ Արևմուտքի օժանդակությամբ չկարողացավ հետ բերել իր կորցրած Աբխազիան և Հարավային Օսեթիան։
Հաջորրդ օրինակը Ուկրաինան է։ Ուկրաինայի հետ պայմանագիրը կնքվեց 2021-ին։
Ուկրաինայի հետ պայմանագիրը կոչվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության մասին Խարտիա։
Այդ նույն տարում երկու պետությունները ընդունել են նաև Ռազմավարական պաշտպանական ծրագիր։
Ի դեպ, СВО-ն սկսվեց Վաշինգտոնում այս Խարտիան Բլինքենի և Կուլեբայի կողմից ստորագրելուց ընդամենը երեք ամիս անց։
Նախատեսում է՝
– ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիություն, ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքների ճանաչում,
– «Ուժեղ, անկախ, ժողովրդավար, իրեն պաշտպանելու ունակ» Ուկրաինան կնպաստի ոչ միայն իր, այլև Եվրոպայի անվտանգության ապահովմանը։
Խարտիայի 2-րդ բաժինը վերնագրված է՝ Անվտանգություն եւ հակադարձում ռուսական ագրեսիային։
Ի՞նչ ստացավ դրանից Ուկրաինան։ Երկիրը դարձավ մի մեծ ռազմաճակատ` հարյուր հազարավոր զոհերով։
Ուկրաինան կորցրեց Դոնբասն ու այլ լուրջ տարածքներ։
ԱՄՆ-ի բայդենյան վարչակարգը Զելենսկու հետ համատեղ Ուկրաինան դարձրեց մեծ պալիգոն։ Իսկ այսօր արդեն հարցականի տակ է դրված Ուկրաինա պետության խաղաղ ապագան։
Փաստացի նիկոլական վարչակարգի արևմտամոլ պարահանդեսը հանգեցրեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության։
Սպառնալիքները չեն նվազելու, շատ հավանական է` ավելի մեծանան։
Արևմտյան ոչ մի զինվոր չի գալու պաշտպանելու ՀՀ անվտանգությունը։
Արևմուտքին Հայաստանը պետք է ՀակաՌուսաստան ու ՀակաԻրան դառնալու համար։
Այս պայմանագրից հետո հավանական է բացվի է ՀՀ թիկունքը թուրք- ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում։
Իսկ ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտության դեպքում ԱՄՆ-ի հետ նման պայմանագրի կնքումը լուրջ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։
Նման աշխարհաքաղաքական խառն իրավիճակում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ` ուղղակի հիմարություն է։
Ո՞վ է պաշտպանելու Հայաստանը հնարավոր ագրեսիայի դեպքում։ Արևմո՞ւտքը…
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արևմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երևանի մատույցներում։
Այն ժամանակ Հայաստանը մաքրվեց թուրքական ռազմական ներկայությունից միայն խորհրդայնացման շնորհիվ։
Ի՞նչ կլինի հիմա…
Փաշինյանի նման քայլերն ընդամենը գրգռելու են Իրանին և Ռուսաստանին, փոխարենը ստանում ենք հերթական քարոզչական փուչիկն ու չարդադացված սպասումներ»,- գրել է Շարմազանովը։